ՀՀ-ն ներքին ու արտաքին անվտանգության, ինչպես նաև տնտեսական զարգացման և քաղաքական ինքնադրսևորման ճանապարհին գտնվող բազմաթիվ խոչընդոտների շարքում ամենամեծն ու առաջնայինը, որը իր հերթին հանգեցնում է մի շարք բացասական ու շարունակական հետևանքների, կարծում ենք, հանդիսանում է ԼՂՀ-ի չլուծված հակամարտությունը: Այս հակամարտության սառեցված լինելու պատճառով ՀՀ-ը գտնվում է երկկողմանի շրջափակման մեջ, որի արդյունքում խիստ սահմանափակվում է Հայաստանի ընտրությունը ապրանքաշրջանառության ուղիների և առհասարակ արտաքին աշխարհի հետ կապվելու ուղիների հարցում: Դա ՀՀ-ը միակողմանի կախման մեջ է դնում իր անմիջական հյուսիսային հարևանից`Վրաստանից, ԻԻՀ-ի հետ առկա բաց սահմանը չի կարող կոմպենսացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների հետևանքները, քանզի ԻԻՀ-ը ինքնին գտնվում է տնտեսական շրջափակման մեջ, և բացի այդ, ներկայումս ՀՀ-ին մեծապես հետաքրքրող Եվրոպական շուկաների հետ կապվելու համար շատ ավելի շահեկան է սևծովյան տարածությունը, ինչի հնարավորությունը այսօր մեզ կարող է տրամադրել միայն Վրաստանը: Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և փակ սահմանները հանգեցնում են Հայաստանի մեկուսացմանը հնարավոր բոլոր տնտեսական նախագծերից, որոնք կարող են անցկացվել Հարավային Կովկասի տարածքով: Դա ՀՀ-ին դարձնում է անմրցունակ հարևան բոլոր երկրների նկատմամբ: Հայաստանի` նման բացառիկ և ոչ շահեկան պայմանների առկայությունը, որը մեր երկրի համար ապահովում է խիստ փխրուն ու անկանխատեսելի ապագա, պայմաններ է ստեղծում ՀՀ-ի միակողմանի ու բացարձակ կախվածության համար ՌԴ-ից, մինչդեռ, կարծում ենք, Հայաստանի հետագա զարգացումն ու մրցունակ պետության ձևավորելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում իր անմիջական տարածաշրջանի երկրների հետ, եթե ոչ տնտեսական ու քաղաքական ինտեգրացումը, ապա գոնե տնտեսական ու քաղաքական հարաբերությունների առկայությունը, ինչը թույլ կտա բարձրացնել երկրի արտաքին սուվերենությունը տարբեր ուժային կենտրոնների նկատմամբ`ի հաշիվ տարբեր գործոններից կախվածության նվազեցման և հնարավորություն կստեղծի արդյունավետ կառավարման դեպքում իրական օգուտներ ստանալ տնտեսության զարգացման և սոցիալական խնդիրների հաղթահարման համար: Մինչդեռ չլուծված հակամարտությունը Հայաստանին ստիպում է շարունակ գտնվել սպառազինությունների մրցավազքի մեջ` ի հաշիվ տնտեսական զարգացման, որը Հայաստանի իրողությունը դարձնում է միջնաժամկետ ինչ-որ իրադարձության բաղկացուցիչ մաս, որն ուղղակի չի կարող դրսևորվել երկարաժամկետ ապագայում: 
Խնդրի լուծումը, կարծում ենք, իրական է միայն ռազմական գործողությունների վերսկսման ժամանակ, որը վճռական տեղաշարժ կառաջացնի երկու տասնամյակ տևող բանակցությունների անվերջանալի ու ոչ մի էական արդյունք չգրանցած գործընթացում: Ռազմական գործողությունների արդյունքում խնդիրը կարող է լուծվել ի շահ տարբեր կողմերի, սակայն դրա լուծումից հետո իրական պայմաններ կստեղծվեն միջնաժամկետ հեռանկարում դիվանագիտական հարաբերությունների հաստատման և վերը թվարկված խնդիրների ու խոչընդոտների հաղթահարման տեսանկյունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել