Տեսնու՞մ ես, թե ինչպես են ձյան փաթիլները թափվում, ասես երկնքից պոկված աստղեր են։ Այդ աստղերը Երկիր հասնելու ճանապարհին այնքան են շփվում տիեզերական ու մթնոլորտային տարբեր միացությունների հետ, որ հետզհետե նվազում են, թեթևանում ու դառնում ձյան փաթիլ։ Թափվում են հանդարտ, մեղմ, պարելով։ Իրենց ճերմակ լույսով օդում օրորվելով, թվում է, ուզում են ուրախացնել մարդկանց, ժպիտ պարգևել։ Երբեմն էլ հնար չեն ունենում, ենթարկվում են կամակոր քամու զգացմունքներին ու փոթորկվում նրա հույզերով։ Հետո կուտակվում են գետնի, ծառերի ու բազմերանգ կտուրների մակերևույթին և լույսի տակ վերականգնում իրենց երբեմնի աստղային փայլը։ Փաթիլներն իջնում են Երկիր, որ ուրախացնեն մարդկանց։
Իսկ մարդի՞կ։
Մարդիկ ո՛չ ուրախության ու ո՛չ էլ գեղեցկության ժամանակ ունեն։ Նրանք արագ քայլերով կոխռճում են ձյունն ու շտապում աշխատանքի` ճանապարհին չնկատելով այն ամենը, ինչ իրականում փնտրում են, ինչի կարիքն իսկապես ունեն։
Տեսնելով մարդկանց սառն անտարբերությունն ու դաժանությունը` փաթիլները խռովում են ու սկսում արտասվել։ Իրենց իսկ արցունքներից հալվում են, իսկ մարդկանց անտաշ քայլերի տակ կորցնում իրենց աստղային փայլը, մահանում ու վերածվում գորշ ցեխի։
Խե՜ղճ փաթիլներ…
Գուցե տարօրինակ թվա, բայց այնքա՜ն կուզեի ես էլ աստղից պոկված ձյան փաթիլ լինել։ Ես Երկիր կիջնեի հենց հիմա (հիմա ձմեռային լուսավոր գիշեր է, ժամը 2։42, իսկ դու անու՜շ քնած ես։ Ձյունը, ափսոս, չես տեսնում)։ Քամուն կխնդրեի ինձ արագ հասցնել սենյակիդ լուսամուտի մոտ։ Ճանապարհին շա՜տ զգույշ կլինեի, որ հանկարծ ավելի չնվազեի ու կորցնեի փայլս, թեկուզ և գիտակցում եմ, որ այն դժվար թե տեսնեիր։ Դժվար թե, բայց ոչ հաստատ։ Կգայի, կնստեի պատուհանի փեղկին այնպես, որ քեզ լավ տեսնեի, ինձ էլ կլուսավորեր բակի լուսամփոփը, որ կարողանայի ամբողջությամբ փայլել` հուսալով, որ ինձ ի վերջո կնկատես, ու փայլս ժպիտի թեկուզ թեթև երանգ կհաղորդի դեմքիդ։
Իսկ եթե շատ հաջողակ լինեի, օդանցքը բաց թողած կլինեիր, բայց տաքուկ վերմակով պի՜նդ ծածկված, որ հանկարծ չմրսեիր քնած ժամանակ։ Ես օդանցքով կսողոսկեի քո սենյակ ու դանդա՜ղ կիջնեի վարդագույն այտիդ` հիանալով թարթունքներիդ երկարությամբ ու ննջող հայացքիդ անմեղությամբ։ Շա՜տ նուրբ կհպվեի այտիդ` համբուրելով այն, ու կամա՜ց կհալչեի։ Գիտե՞ս, ես ամենաերջանիկ ձյան փաթիլը կլինեի, որովհետև կհալչեի ոչ թե մարդկանց անտարբերության ու անտաշ քայլերի պատճառով` կորցնելով աստղից մնացած մի կտոր փայլս, այլ մարդկային ջերմության` քո ջերմության ներքո։ Գոյությունս կհամարեի իմաստավորված, առաքելությունս` կատարված։ Գեթ մի անգամ կհպվեի քեզ իմ ունեցած ողջ սիրով, քեզ կփոխանցեի փոքրի՜կ մարմնումս կուտակված մե՜ծ դրական էներգիան ու կհալչեի, կգնայի։ Իսկ իմ հետքը կմնար այտիդ շա՜տ աննշան փայլով, որ լույսի ներքո հանկարծ կնկատեիր ու կզարմանայիր` փորձելով հասկանալ, թե դա ինչ է, ու քո մտքով էլ չէր անցնի, որ այդ ես էի հալչել քո նու՜րբ այտին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել