Երևան կատարած այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրք լրագրողների հետ հանդիպման ընթացքում 1915թ. հայոց ցեղասպանությունը որակել է որպես անմարդկային տեղահանություն: Ոչինչ չասող այդ որակումը ուշագրավ է մի քանի առումով.
1. Խոսվում է սոսկ տեղահանության մասին, այլ ոչ դրա ընթացքում, դրան նախորդած և հաջորդած հետևողական բնաջնջման քաղաքականության ու դրա կենսագործման մասին: 
2. Ինչ վերաբերում է անմարդկային եզրին, ապա դա ևս թուրք դիվանագետի ապաշխարհության վկայականը չէ: Բանն այն է, որ մեկի համար անմարդկային կարող է համարվել անհրաժեշտ հանդերձանքով, պարենով ու տրանսպորտային միջոցներով չապահովված, մյուսի համար՝ բռնի գործողություններով ուղեկցվող և անխուսափելի մահվան տանող տեղահանությունը: 

Այսինքն՝ եթե հայոց ցեղասպանությունը թուրք դիվանագետի համար սոսկ անմարդկային տեղահանություն էր, ապա մնում է ենթադրել, թե ցեղասպանություն ասելով ինչ կարող էր հասկանալ Դավութօղլուն: Կարծես ստացվում է, որ հայ ժողովրդի «բախտը բերել է», որ չեն ցեղասպանվել դավութօղլուական Թուրքիայի օրոք:

Երևան կատարած այցի շրջանակներում Ահմեդ Դավութօղլուի ուշագրավ արտահայտություններից մեկն էլ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացման խնդրին: «Ենթադրենք,-ասել է թուրք դիվանագետը,-սահմանը բացեցինք, վաղը եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվի, դարձյալ ստիպված կլինենք փակել»: Այս առնչությամբ պետք է ասել հետևյալը.

1. Իսկ միգուցե սահմանի բացումը (այս դեպքում ՀՀ տնտեսության հնարավոր զարգացումը ավելի զգուշավոր կդարձնի Ադրբեջանին) կարող է թուլացնել պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Եվ եթե այդպես է, ապա սահմանի բացումը Դավութողլուի «երազած» տարածաշրջանային խաղաղության հաստատմանը նպաստ կբերի: Իսկ սա նշանակում է, որ Դավութօղլուն պատերազմի վերսկսման փաստարկը շրջանառելով, պարզապես փորձում է ստեղծել կառուցողականության պատրանքը և արդարացնել ՀՀ շրջափակման քաղաքականությունը: 
2. Դավութօղլուի ասածից կարելի է ենթադրել, որ Թուրքիան ավելի շատ «վախենում» է ՍԱՀՄԱՆԸ ՓԱԿԵԼՈՒՑ, ՔԱՆ ԲԱՑԵԼՈՒՑ: Այլապես, ինչպե՞ս մեկնաբանել այն միտքը, թե պատերազմի վերսկսման դեպքում Թուրքիան ստիպված է լինելու փակել սահմանը: Նման դեպքում պետք է ասել. դուք բացեք, իսկ փակելու մասին մի անհանգստացեք, քանի որ բացելու դեպքում, դժվար թե, ստիպված լինեք հետագայում փակել: 

Վերոգրյալը հուշում է այն մասին, որ Թուրքիայի իշխանությունների համար այսօր էլ խաղաղասիրությունը սոսկ բարի «ցանկությունների», այլ ոչ բարի կամքի արտահայտություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել