Նորից ձմեռ ու նորից առաջին ձյունն առանց քեզ, ժամանակն անցնում է, մի օր առաջին ձյունը կդիմավորենք դու և ես . . . Սպասում եմ քեզ, կարոտս:
Ճախրե՛ք ճայեր...
Ձեր թևերին առեք կարոտներս ու տարեք հեռուներ: Այնտեղ`  հարյուրավոր կիլոմետրեր հեռու, մի ջերմ սիրտ է ապրում, որով էլ ես եմ պահպանում լինելությունս:
Թեկուզ դժվարին է երջանկություն տանող ճանապարհը, թեկուզ փորձություններով լի, բայց պատրաստակամությունն ու ուժը, հավատն ու սերը այդ ամենին հակադրվողներն են:  
Գուցե կամակոր եմ, քիչ էլ չարաճճի... երեխա եմ գուցե, կամ էլ քիչ հասուն, սխալներս գուցե ավելին են, քան պետք է լինեին: Այո՛, անթերի չեմ, էականը անկեղծ լինելն է: Գիտեմ, որ սիրում ես ինձ այսպիսին և դրանով է, որ երջանիկ եմ զգում ինձ: Գնահատելն ամենից կարևորն է, գուցե սիրելուց առավել: Գուցե սերն առանց գնահատելու անգույն է այնքան... Ների՛ր, սեր իմ, չեմ ցանկացել երբևէ ցավեցնել քեզ: Միայն մնա, չգնաս երբեք, չխնդրես, որ մոռանամ քեզ, որ առանց քեզ մնամ... անկարող եմ: Իմ ունեցածը չեմ ուզում փոխարինել որևէ այլով:
Ճայե՛ր, ձեր սրտի մեջ դրեք սերս, հասցրեք, փոխանցեք նրան, այն միակին... Ձեր յուրօրինակ շարժումներով, ձևերով նկարագրեք կարոտիս չափը: Պատմեք նրան, թե որքա՜ն եմ սիրում, թե ինչքան մեծ հույսով եմ նրա վերադարձին սպասում: Կպատմե՞ք:  
Մեր սիրո մասին քիչ եմ խոսում առհասարակ. այն մերն է միայն ու մեզ է հատուկ: Գիտե՞ս իմ կյանք, ես այնքա՜ն հանգիստ եմ զգում ինձ, այնքա՜ն պաշտպանված, այնքա՜ն սիրված և այնքա՜ն քոնը: Ուզում եմ, որ միշտ քո ներկայությամբ ջերմություն տաս, որ չմրսեմ ցրտաշունչ ձմեռային օրերին: Հիշո՞ւմ ես, չէ՞, խոստացել ես միշտ կողքիս լինես: Ես հավատում եմ քեզ: Հոգուս սառնությանը միակ ջերմություն տվող սիրտ, ինձ ամբողջացնող, իմ ուրի՜շ աշխարհ: Քո խելոքը քո կարիքն այնքա՜ն է զգում... անբացատրելի շա՜տ: Սպասումիս օրերը քիչ-քիչ քչանում են: Մի օր ամուր գրկելու եմ, համբուրելու եմ ու կողքիդ եմ մնալու միշտ:  
Իմ ուրախություն, պուճուրդ պաշտում է քեզ, անհամբեր սպասում իր պաշտպանի վերադարձին:
Երջանկությանս գրկել եմ ուզում... անվե՜րջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել