Այնպես եմ ուզում մի շաբաթ մոռանալ դասերի մասին ու ապրել նկարչի պես: Դուրս գալ զզվանք շնչող փողոցներից ու մտնել կտավներիս մեջ, ծովանալ ու խեղդվել իմ իսկ ալիքների մեջ: Կտավ բերել փողոց, ծովացնել փոթորկվող հոգիներին ու կորցնել  նախանձ շնչողների բանակը փոթորկվող ալիքների մեջ:
 - Մի՛ երազիր, հիմա՛ր, դու Դորիան Գրեյը չես:
 Ես Դորիան Գրեյը չեմ և ես ապրում եմ զզվանք շնչող փողոցների շենքերից մեկում: Ես Դորիան Գրեյը չեմ և ես, այսպես, թե այնպես, ստիպված եմ խեղդվել անտարբերության հոտից, երբ անցնում եմ անճաշակությամբ պճնված դալանով: Մտնում եմ գարշահոտությամբ լի բակ, անցնում ծխախոտից թունավորված շքամուտքով ու մտնում իմ տուն, որի պատուհանները նայում են զզվանք շնչող փողոցների զզվանքից հոգնած հին և ամեն օր դեմ առ դեմ հանդիպումերից ծերացած լուսամուտներին:
 Ես Դորիան Գրեյը չեմ և զգում եմ, թե ինչպես եմ ծերանում իմ անդաստիարակ լուսամուտների հետ:

 Աշխատանքային օրս վերջացել է, և ես անելիք չունեմ: Մտնում եմ խոհանոց, բացում ծորակը: Սպասում եմ մինչև ջուրը մաքրվի, վերցնում եմ այն, եռացնում, թրմում: Արդեն թեյի տաք բաժակը ձեռքիս շտապում եմ իմ մեծ լուսամուտներով ազատություն շնչող արվեստանոց, ով կողք-կողքի ապրում է տիկին Միշելի մեռած լուսամուտների հետ: Դուրս եմ նայում պատուհանից, հարգում տիկին Միշելի լուսամուտների հիշատակը (միաժամանակ թեյս եմ խմում): Շրջվում եմ դեպի կտավս, վերցնում եմ վրձինս:
 Իմ ազատության ծովացած կտավներում ես գտել եմ և՛ Դորիան Գրեյին, և՛ Արփիի պատուհանը, և անգամ երջանկության պողոտան: Իմ կտավներում ես Դորիան Գրեյն եմ և ես երջանիկ եմ իմ կտավներում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել