Tatron.info-ն գրում է.

 Այս անգամ  tatron.info–ի զրուցակիցն է  Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Գրիգոր Խաչատրյանը, ով հայտնի է հանրությոանը իր մարմնավորած բազմաթիվ կերպարներով, որոնցից են Ռոմեոի կերպարը « Ռոմեո և  Ջուլիետ» ներկայացման մեջ, Դոն Ժուան՝ « Դոն Ժուան», Լաերտ՝ «Համլետ» և այլն։ Դերասանը  մեզ հետ  զրուցեց իր մասնագիտությունից, անձնական որակներց , թատրոնի խնդիրներից։

DSC 0133
-Հայտնի է, որ Դուք առաջին մասնագիտությամբ նկարիչ եք, ինչպե՞ս եղավ անցումը նկարչությունից դեպի դերասանական արվեստ:
-Ես ավարտել եմ դպրոցը 1992 թվականին, և այդ տարիներին չէինք պատկերացնում, թե ինչով պետք է զբաղվենք հետո: Տանը չնստելու համար ընդունվեցի գեղարվեստի ուսումնարան: Ընկերներ ունեի, ովքեր սովորում էին Գեղարվեստաթատերական ինստիտուտում, և բանակից վերադառնալուց հետո` կրկին տանը չնստելու համար, գնում էի դիտելու նրանց փորձերը: Զգացի, որ դա ինձ դուր է գալիս, և ես նույնպես ընդունվեցի Գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Այսինքն` մասնագիտությանս փոփոխությունը շատ պատահական է եղել:

DSC 0130
-Երբևէ ափսոսանք ապրե՞լ եք այդ փոփոխության համար:
-Կյանքում շատ բաների համար եմ ափսոսում, և չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են, թե ոչնչի համար չեն ափսոսում։ Բայց, իհարկե, կյանքում ամեն ինչ չէ, որ մենք ենք տնօրինում. կան բաներ, որոնք ինքնըստինքյան են կատարվում:
-Ո՞վ է Ձեր ամենամեծ քննադատը:
-Իմ ամենամեծ քննադատը ես ինքս եմ, իմ ճաշակը, և դա նաև խնդիր է ինձ համար, քանի որ իմ ինքնաքննադատությունը չափից դուրս է: Ես այն մարդկանցից եմ, ով ինքն իրեն հումորով է վերաբերվում։ Իհարկե, կան մարդիկ, ում կարծիքն ինձ համար շատ կարևոր է, ամենկարևորը իմ ուսուցչի` Արմեն Խանդիկյանի կարծիքն է, և մասնագիտական յուրաքանչյուր քայլ անելուց առաջ մտածում եմ, թե նա ինչ կասեր:

DSC 0139
-Բեմադրել եք նաև մանկական ներկայացումներ: Ձեզ համար ավելի հեշտ է աշխատել փոքրերի, թե` մեծերի համար:
- Երեխաներին երբեք չես կարող խաբել. նրանք միշտ հեքիաթի մեջ են։ Օրինակ` երեխան երբեք չի հարցի, թե ինչու է թիթեռը խոսում, այդպիսի հարցեր տալիս են մեծահասակները։ Մեծերի համար աշխատելն ավելի անշնորհակալ գործ է. մեծերի համար թեմա գտնելը շատ դժվար է, քանի որ մարդիկ ակնկալում են բեմում տեսնել միայն ծիծաղաշարժ և բովանդակությունից զուրկ ներկայացումներ։ Չենք կարող ասել, որ ամենաճիշտ գնահատականը հանդիսատեսի գնահատականն է:

DSC 0170
-Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա հանդիսատեսին:
-Թատրոն գալիս է քաղաքացին, այլ ոչ` ժողովուրդը, իսկ թատրոնին լուրջ մոտեցում ունեցող քաղաքացիներ այսօր այդքան էլ շատ չեն, դրա պատճառով է, որ լուրջ ներկայացումները չեն հավաքում մեծ թվով հանդիսատես։ Ունեմ ծրագրեր համալսարանների հետ. ներկայացումից հետո ուսանողների հետ անցկացնում եմ քննարկումներ։ Ինձ շատ հետաքրքիր է, թե նրանք ինչ են մտածում:

DSC 0155
-Թատրոնի կարևոր գործառույթներից մեկը խնդիր բարձրացնելը, մարդուն մտածելու առիթ տալն է: Այսօր, երբ մարդիկ ավելի միտված են դեպի նյութական արժեքները, ըստ Ձեզ` պահպանվու՞մ է այդ գործառույթը:
-Այսօր ամեն ինչ խառնված է իրար։ Թատրոնը պատասխաններ չի տալիս, թատրոնը հարցեր է բարձրացնում։ Մենք ներկայացնում ենք հասարակության հիվանդությունը, բայց մենք չենք բուժում, բուժում են պետական այրերը… պետք է բուժեն:

DSC 0167
-Օգնու՞մ է արդյոք դերասանի մասնագիտությունը մարդկանց շուտ ճանաչելու գործում:
-Դերասանը նաև մարդաբան է։ Դերասանը ուսումնասիրում է մարդուն, առավել ևս, երբ նա գտնվում է էքստրեմալ իրավիճակում, քանի որ այդ ժամանակ երևում է մարդու իրական էությունը։ Սովորական իրավիճակներում չես կարող հստակ հասկանալ, թե ինչպիսին է մարդը։ Եվ հենց այդ իրավիճակներն են դառնում ներկայացում։ Այսինքն, ներկայացման հիմքում պետք է ընկած լինի որևէ էքստրեմալ իրավիճակ:
-Ձեր հարցազրույցներում նշել եք, որ ամուսանացել եք այն կնոջ հետ, ով համարձակություն է ունեցել ամուսնանալ Ձեզ հետ։ Սա նշանակում է, որ դուք բա՞րդ մարդ եք:
-Հստակ չեմ կարող ասել, որ ես բարդ մարդ եմ, ուղղակի մասնագիտությունս սկսվում է այն ժամանակ, երբ ես արթնանաում եմ և ընդհատվում է միայն քնած ժամանակ։ Օրվա սկզբից հետևում եմ բոլոր լրատվամիջոցներին, քանի որ համարում են, որ դա իմ մասնագիտության մի մասն է: Եթե այլ մարդիկ ֆիլմ են նայում ժամանցի համար, ապա դա ինձ համար նույնպես մասնագիտական գործընթաց է։ Եվ նորմալ է, որ շատ կանայք չեն համաձայնվի իրենց սիրած մարդուն կիսել այսքան երևույթների հետ։ Ես լիովին հասկանում եմ այդ կականց։ Հարգում եմ իմ կնոջ որոշումը, քանի որ նա պատրաստ է նման դժվարությունների:

DSC 0160

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել