Կարելի է Ռուսաստանն` իր նախագահով հանդերձ, սիրել կամ չսիրել, կարելի է անգամ նրանց հանդեպ մերժողական կեցվածք ընդունել: Բայց որևէ կերպ չի կարելի արդարացնել այն, որ որոշ «իրավապաշտպաններ» պատրաստ են իրավունքի լեզուն փոխարինել բակայինով և պիտակավորել մարդկանց սոսկ այն բանի համար, որ չեն մտածում կամ չեն գործում իրենց պես (մերօրյա «մեծապատիվ» իրավապաշտպաններից մեկը «քուչի թուլա» որակումն է տալիս մարդկանց, ովքեր չեն մասնակցելու ՌԴ նախագահի այցի հետ կապված բողոք-բոյկոտին):
Տպավորություն է առաջանում, թե մարդիկ կան, որ միայն հասուն տարիքում են փորձում լրացնել դեռահասության տարիներին ունեցած բակային փորձի պակասը: Նման դեպքերում են ասում, թե ամեն մարդ դժբախտ է յուրովի: Ավելին, եթե մեր իրականության մեջ Ռուսաստանի ու նրա նախագահի հանդեպ տոտալ բողոքի ռեսուրս կա, ապա բողոքավորները, այսպես, թե այնպես, իրենց բողոքը կարտահայտեն: Մինչդեռ պիտակավորմամբ մարդկանց ակտիվացնելու ցանկությունը հուշում է այն մասին, որ ակտիվացման խնդիր ունեցողը առաջնորդվում է ոչ թե փաստարկի ուժով, այլ «ուժի» փաստարկով: 

Հ.Գ. Ավելացնեմ միայն, որ տողերս չեն նշանակում, թե համաձայն կամ անհամաձայն եմ Պուտինի այցը բոյկոտելու մտքի հետ. անհամաձայնությունս վերաբերում է այդ այցը բոյկոտելու «հիմնավորումներին» ու դրանց «իրավապաշտ» հեղինակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել