Մարդկանց հոծ բազմություն, ձևական երեկույթ, անիմաստ խոսակցություններ ու կեղծավոր ժպիտներ։ Անկեղծ են միայն երաժշտութունը և Ջեքը։ Բայց սա այն Ջեքը չէ, որ նստած է սրահի մյուս կողմում, այլ շատերի ուրախության ու դժբախտության ընկեր հայտնի Ջեք Դենիելսը` 3 կտոր սառույցով։ Նա, ում սև նշաձև աչքերում ջերմ հանդարտ կրակ է վառվում, և կրում է կարմիր թավշե զգեստ, շրթունքները հպում է բաժակին ու վայելում վիսկիի համը։ Շատերը, նույնիսկ տղամարդիկ, կերազեին նրա պես հանգիստ ըմպել վիսկին, առանց դեմքի որևէ մկան ծամածռելու, մինչդեռ նրանք կոկորդում զգում են միայն բոց, որը թե՛ իրենց օրգանիզմի, թե՛ հոգու համար չափազանց տաք է։ Կնոջ հրապուրիչ հայացքը ճեղքում էր հավաքվածներին ու ճանթելով որպես կայծակ` կանգ առնում սրահի հանդիպակաց կողմի սեղաններից մեկի մոտ։ Ջեք։ Էլեգանտության ամենագերող մարմնացումն էր այդ սեղանի մոտ նստած Ջեքը։ Կողքի սանրած բաց շագանակագույն մազեր, հաստ ուղիղ հոնքեր, նեղ կապույտ աչքեր, տղամարդուն ոչ այնքան բնորոշ երկար թարթիչներ, որոնք յուրահատուկ թովչանք էին պարգևում նրա սառցե հայացքին, արտահայտիչ այտոսկրեր ու լիքը շուրթեր, որոնք, թվում էր` միշտ պատրաստ են համբուրվելու։ Թանկարժեք կոստյումը ավելի էր ընդգծում նրա առնական մարմինը` թիկնեղ, ամուր բազուկներով, ճարմանդների ետևից երևում էին նրա գրավիչ դաստակները, իսկ ջութակի լարերի պես երկար ու բարակ մատները խաչվել էին արնագույն սփռոցին պառկած։ Նա չէր խմում ո՛չ վիսկի, ո՛չ գինի։ Նա միայն կողք էր նայում, ասես ինչ-որ բան էր փնտրում, կամ, գուցե, ինչ-որ մեկի՞։ Իսկ կարմիր զգեստով գեղեցկուհին ջանում էր աչքերի բոցով շեղել նրան դեպի իր կողմը։ Մի՞թե իր ուզածն այդքան մեծ բան է։ ՉԷ՞ որ նրանք միմյանց ճանաչում են արդեն 7 տարի։ Ոչ թե ծանոթ են, այլ հենց ճանաչում են։ Հասցրել են կիսել մեկը մյուսի ճակատագիրը, լաց են եղել միասին, կորցրել են միասին, սիրել են միասին... ուրիշների։ Իսկ հիմա՞։ Հիմա նրանց միջև գտնվող պարահրապարակը ասես անդունդ լինի, իսկ մեջտեղում` թափանցիկ կախարդական պատնեշ, որ նրանց հեռու է շպրտում իրարից։ Գրողի տարած անդունդ, գրողի տարած պատնեշ։ Ապարդյուն են ջանքերը։ Որքան էլ պայծառ լինի աչքերի կրակը, այդ պատնեշը քանդել հնարավոր չէ։ Արտաքուստ հանգիստ ու անհոգ է կինը` բազմած կանացի հպարտության գահին, իսկ ներսում առյուծ է մռնչում, որին ասես նեղ վանդակի մեջ են նետել` որպես անպետք իր։ Մի կում վիսկի` այդ առյուծին հանգստացնելու համար։ Չէ, չի ստացվում. ավելի է բորբոքվում։ Ջեքը վեր կացավ` սրահում հավաքվածներին ի ցույց դնելով իր անթերի բարձրահասակ մարմինը։ Ի՞նչ։ Այդ ու՞ր է շտապում։ Պետք չէ նրան կորցնել տեսադաշտից։ Կինը նույնպես վեր կացավ, վերցրեց կլաչն ու վճռական քայլերն ուղղեց դեպի սրահի մյուս կողմը` անցնելով պարահրապարակի անդունդը։ Հանկարծակի բախում. գետնին նետած իր մի հայացքը որոշեց այս երեկոյի շարունակությունը։ Իր առջև կանգնած էր հենց նա։ Ա՜խ, այդ կապույտ աչքերը ու ինքնավստահ ժպիտը... Անակնկալի եկած տղամարդը ձեռքերը դրեց կնոջ ուսերին. - Քլե՞ր։ Օհ, ներիր, անուշադիր եղա, - բարիտոնի շշուկը անհավատալի բարձր հնչեց շրջապատի քաոսային աղմուկից։ Քլերը քարացել էր։ Արնագույն սփռոցին հպված նույն երկար մատները հիմա իր մերկ ուսերին էին։ Հանկարծ` մթություն։ Տիրեց կատարյալ լռություն։ Մի քանի վայրկյան անց լույսը վառվեց ու ուղղվեց դեպի պարահրապարակի կենտրոն։ Կենտրոնում նրանք էին` գեղեցկուհի Քլերն ու արիստոկրատ Ջեքը։ Երաժշտության նախաբանը ազդարարեցին դաշնամուրային խորհրդավոր չլուծված ակորդները ու կիթառի թախծոտ պասաժը։ Կնոջ կուրծքը անհանգիստ վերուվար էր անում, ինչից պարանոցից քիչ ներքև բարակ ոսկորները ընդգծվում էին։ Հայացքը տագնապոտ էր։ Կիթառի տված հստակ ռիթմի ներքո տղամարդու ձեռքն ու գլուխը դանդաղ բարձրացան։ Կապույտ աչքերից կատաղի կիրք էր թափվում։ Ջութակի առաջին նոտաների հետ նա ձեռքի կտրուկ շարժումով գրկեց կնոջը գոտկատեղից ու արագ քաշեց դեպի իրեն։ Քլերն աղաչող հայացքով ասես ընկավ նրա ուսին` երկու ափերը լայն բացած հենելով նրա ամուր կրծքին, իսկ ձիգ ոտքերը` թողած այնտեղ, որտեղ կանգնած էր։ Դեմքերն իրարից մի երկու սանտիմետր հեռավորության վրա էին։ Լարվածության ալիքը շանթահարում էր այդ երկու սանտիմետրը։ Տակտի սկզբին Ջեքն ուժեղ բռնեց նրա ուսերից, հրելով պտտեցրեց ու կանգնեցրեց, իսկ կինը նորից ընկավ դեպի նա, այս անգամ` մեջքը դարձրած դեպի այդ ծակող կապույտ աչքերը, մեկ ոտքն էլ դանդաղ ծալելով մինչև մյուս ոտքի ծունկը։ Աչքերը փակ էին, շուրթերը` կիսված։ Թվում էր, նա արդեն երկար ժամանակ է համբույրի էր սպասում։ Ջեքն ասես գերվեց նրանով, բայց կրկին իսկույն վանեց նրան ու երեք հստակ քայլ արեց դեպի ձախ, իսկ չորրորդին կարմրազգեստ Քլերը բռնեց նրա ձեռքից և ուժգին ձգեց դեպի իրեն. «Մի՛ հեռացիր»։ Ջեքն, արագ պտտվելով դեպի նա, ողջ մարմնով հպվեց նրան, մեջքը ձգեց, ձախ ձեռքով ամուր բռնեց կնոջ փխրուն ձեռքը իրենց դեմքերին հավասար բարձրության վրա, իսկ աջը դրեց կոնքին` փոքր-ինչ մատներով սեղմելով։ Կինը խոր շունչ քաշեց այդ հպումից։ Սկսվեց երաժշտության գլխավոր թեման` ռիթմը հստակորեն պահող ջութակի հնչյուններով, որոնք ավելի գրավիչ էին դառնում կոնտրաբասի ուղեկցությամբ։ Գլխավոր թեմայի հետ սկսվեցին նրանց պտույտները, պտույտներ, որ աստիճանաբար վերածվեցին թռիչքի։ Պարում իշխում էր տղամարդը, կինը միայն հնազանդ ենթարկվում էր նրա յուրաքանչյուր քայլին։ Մեկ, երկու, երեք, չորս, մեկ, երկու, երեք, չորս։ Ջեքը մեկ կտրուկ քայլ հետ դրեց` հեռացնելով աջ ձեռքը, իսկ մյուս ոտքը ավելի դանդաղ հետ տարավ։ Քլերը մի տեսակ շփոթվեց, անհանգստացավ, թե նա կարող է լքել իրեն, նորից տագնապալի նետվեց դեպի նրա ջախջախող հայացքը` մեկ ոտքով մի տեսակ կախվելով նրանից։ Հրաժեշտի ևս մեկ անհաջող փորձ։ Այն նույն աջ ձեռքը նորից գրկեց նրա գոտկատեղը ու ստիպեց շարժվել Ջեքի թելադրած ուղղությամբ։ Հուրն ու սառույցը փարվել էին իրար, կռվում էին իրենց սիրո համար, բայց բնությունն իրենն էր թելադրում։ Մի քանի քայլից հետո սառցե Ջեքը կտրուկ կանգ առավ, Քլերն իջեցրեց ոտքը, իսկ տղամարդը նույն ուժգնությամբ նրան ներքև քաշեց` ամուր բռնելով մեջքը։ Կինը փակեց աչքերն ու հետ նետեց գլուխը, ինչից նրա անթերի պարանոցն ավելի երկար երևաց։ Երկար սև ալիքաձև մազերը հատակից քիչ վերև շողշողում էին լույսի ներքո, իսկ կուրծքն առաջվանից ավելի արագ էր վերուվար անում։ Արիստոկրատ տղամարդը դանդաղ գլուխն իջեցրեց դեպի այդ անթերի պարանոցը ու շուրթերը թեթև հպեց նրան։ Կինն ամբողջությամբ փշաքաղվել էր։ Նրանից բարձրացող կրակը կարող էր հրի մատնել ողջ սրահը։ Երկուսն էլ կորել էին կրքի ծովում։ Սակայն էլի հիասթափություն։ Նման գայթակղությունից հետո Ջեքը նրան զգույշ բարձրացրեց։ Նորից սկսեցին պտտվել։ Քլերն ավելի վստահ էր դարձել. նրան թվում էր, թե իր կրակից Ջեքի սառույցը ճաքել էր ու սկսել հալչել։ Նրանք միասին պտտվում էին պարահրապարակի շրջագծով, առանց որևէ խոսք ասելու։ Տանգոն ինքնին խոսք է, բոլոր ասված ու չասված խոսքերը, բոլոր արտահայտած ու խնամքով թաքցրած կամ բոլորովին էլ չխոստովանած զգացմունքների ամենաանկեղծ արտահայտումը։ Ոչինչ չկար, ոչ ոք չէր երևում, միայն իրենք էին, երկուսով։ Երկուսով։ Երանի այս արտահայտությունը մշտական լիներ նրանց համար։ Իսկ ջութակի գլխավորությամբ երաժշտությունը շարունակում էր ուղեկցել նրանց։ Ջութակը կնոջ անունից էր խոսում, նրա կրակն էր բորբոքում։ Արտահայտեց, սկսվեց դիմինուենդո ու հասավ պիանիսիմոյի։ Իր խոսքն ավարտելուց հետո այն աննկատ իր տեղը զիջեց կիթառին, բայց ամբողջությամբ չմարեց։ Կիթառն ավելի հանգիստ էր, ավելի վստահ ու սառը։ Սա տղամարդու խոսքն էր։ Նա չէր ուզում լինել ջութակի գերին, մինչդեռ ջութակը շարունակում էր կմկմալ որպես ետնաձայն։ Երաժշտության ամենամեղմ պահին երկուսն էլ սկսեցին համարձակություն հավաքել։ Կանգնեցին իրարից քիչ այն կողմ, դեմ հանդիման, յուրաքանչյուրն իր մի ափը մոտեցրեց մյուսի ափին, բայց առանց հպման, և սկսեցին դանդաղ վստահ քայլերով պտտվել։ Երկու զույգ աչքերն էլ կայծեր էին արձակում։ Յուրաքանչյուրը տակտին համապատասխան որևէ արտահայտիչ շարժում էր անում։ Տարօրինակ ուժեղ, զգացմունքային երկխոսություն էր սա։ Ամեն ինչ բացահայտվում էր։ Երկխոսության մեջ վերջին խոսքն ասաց տղամարդը, ու դաշնամուրի հնչյունների ներքո հեռացան իրարից։ Մի քանի քայլ անելուց հետո կանգ առան։ Երեք գործիքների ձայները խառնվեցին իրար, ամեն մեկը փորձում էր իշխել, ու այդ երեքից ոչ մեկին դա չէր հաջողվում։ Անհանգիստ էր նաև զույգը։ Իրարից հեռու կանգնած` յուրաքանչյուրին ասես կրծում էր այն միտքը, թե այսպես նրանք իրար հավերժ կկորցնեն։ Կրեսշենդո։ Նրանց մտքերը, երևակայությունը փարվելով զգացմունքներին` բարձրացան վեր, վեր, վեր, մինչև կուլմինացիոն կետը։ Լուսավորվեցին երկուսի մտքերն էլ։ Նրանք երկուսն էլ նույնն են ուզում։ Երկուսն էլ արագ բարձրացրին գլուխները` ամեն ինչ հասկացած մարդու դեմքի արտահայտությամբ, ապա նայեցին իրար ու նախատակտին հավասար ասես թռան դեպի իրար։ Տանգոն ստացավ կուլմիացիայի հասած հզոր վալսի ռիթմ, ու նրանք սկսեցին պտտվել, այս անգամ խելահեղ արագությամբ ու զգացմունքներով, լի քնքշանքով, մեծ սիրով ու տենչանքով։ Ջեքը բարձրացրեց Քլերին։ Պարային այդ շարժումը տպավորություն էր ստեղծում, թե կինը վանդակից նոր ազատված թռչուն էր, որ թևերը լայն պարզած ճաշակում էր իր երազանքի համը։ Պտույտները շարունակվում էին։ Տղամարդը երաժշտությանը համապատասխան դանդաղ իջեցրեց կնոջը, գրկեց ողջ մարմինը, գլուխը թաղեց ուսի ու պարանոցի արանքում, և սկսեցին պարել էլ ավելի մեծ արագությամբ։ Սրահն էլ ասես իրենց հետ էր պտտվում։ Կինը հաղթեց, զգացմունքները հաղթեցին, կրակը հալեցրեց սառույցը։ Փարվել էին իրար, ինչպես քսանամյա սիրահարներ են իրար փարվում օդանավակայանում։ Կիրքը հասել էր իր բարձրակետին։ Ջեքը խենթի պես այս ձեռքից այն ձեռքին էր գցում Քլերին, պտտեցնում, պինդ համբուրում պարանոցը, շնչում ականջի մոտ, իսկ կինը դրանից ավելի էր բորբոքվում, դեմքը շրջում դեպի ապակե հայացք ու նուրբ մատներով շոյում նրա այտը, նույնիսկ` կառավարում նրա ձեռքերը։ Ջութակը թափ հավաքեց ու առաջ ընկավ։ Զգացմունքներն էլ առաջ ընկան։ Մի քանի տակտ ֆորտիսիմոյով հնչում էին մի-ֆա դիեզ նոտաները։ Կրքերը գագաթնակետին էին։ Երաժշտությունը դանդաղեց, դանդաղեցին և զույգի պարային շարժումները։ Ջութակը հետզհետե նահանջեց, նահանջեցին նաև զգացմունքները, կրակը։ Կրակը վառվում էր, բայց ոչ նույն բոցով, իսկ սառույցը աստիճանաբար կարծրացավ։ Մեծ օկտավայում դաշնամուրային եզրափակիչ ակորդների ներքո Ջեքը հեռացավ դեպի մթություն` Քլերին թողնելով պարահրապարակի լույսի տակ միայնակ։ Նա այլևս անտարբեր էր, իսկ կինը` նույն այն աղաչող հայացքով, ինչ պարի սկզբում էր. «Մի լքիր ինձ»։ Սրահը հիացած էր։ Մի քանի վայրկյան քար լռությունից հետո բոլորը հոտնկայս սկսեցին բարձր ծափահարել, այսուայն կողմից լսվում էր` բրավո, բրավո։ Իսկ Քլերի աչքերից հոսում էին արցունքները։ Սակայն, որպես վերջաբանի վերջաբան, հնչեց եզրափակիչ ակորրդը` դաշնամուրի, ջութակի ու կիթառի համատեղ ձայներով, որի ժամանակ Ջեքն իր բարձրաշխարհիկ տեսքով մթության միջից արագ վազեց դեպի կարմիր Քլերը, ձեռքերը դրեց նրա բաց թիակներին ու ուժգին համբուրեց։ Պարահրապարակում լույսը մարեց։ - Քլե՞ր։ Օ՛հ, ներիր, անուշադիր եղա, - բարիտոնի շշուկը անհավատալի բարձր հնչեց շրջապատի քաոսային աղմուկից։ Քլերը սթափվեց։ Զգաց, որ ինչքան ժամանակ է` անշարժ կանգնած է. «Երանի այդ ամենը իրական լիներ»։ - Ոչինչ, պատահում է,-անամպ հայացքով, բայց դողացող ձայնով պատասխանեց նա։ Ժպտացին մեկը մյուսին, Ջեքը` անտարբեր, իսկ Քլերը` կոտրված։ Բարձրաշխարհիկ տղամարդը զգուշորեն շրջանցեց հպարտ գեղեցկուհուն ու քայլերն ուղղեց դեպի մի շիկահերի, որ նոր էր մտել սրահ, համբուրեց նրա ձեռքը, ապա ականջին ինչ-որ բան շշնջալով` ուղեկցեց նրան դեպի իր սեղան։ Իսկ իր անթերի մարմնին կրակոտ կարմիր զգեստ կրող Քլերը նույն թաքնված աղաչանքով նայում էր նրանց։ Իրականում սառույցն ու հուրը երբեք չեն կարող միասին լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել