Սիրելի ուսանողներ,
Նոյեմբերի 17-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Ուսանողության միջազգային օրը, ինչը ևս մեկ առիթ է ընդգծելու երիտասարդության ներուժն առավել նպատակային ու արդյունավետ օգտագործելու կարևորությունը: Չկա մի ոլորտ, որում առկա հիմնահարցերն այս կամ այն կերպ չառնչվեն երիտասարդության ու մասնավորապես ուսանողության հետ: 
Ողջունելի է, որ մեր անկախության առաջին տարիներին բուհերում սկսված ուսանողական շարժումների արդյունքում գրեթե բոլոր բուհերում ձևավորված ուսանողական ինքնակառավարման մարմիններն այսօր հանդես են գալիս որպես ինքնուրույն, կազմակերպված կառույցներ՝ իրենց գործուն մասնակցությունը բերելով արդեն ոչ միայն ուսումնական հաստատությունների կառավարման, կազմակերպչական և գիտակրթական գործընթացներին, այլև հասարակական կյանքի բոլոր դրսևորումներին:
Համոզված եմ, որ ձեր աշխատասիրությամբ, նախանշած նպատակին հասնելու անկոտրում կամքով, սկսած գործին անմնացորդ նվիրումով դուք ընդունակ եք հաղթահարելու ցանկացած դժվարություն և մեկտեղելով ազգանվեր ու հայրենասեր բոլոր ջանքերը՝ դարձնել մեր երկիրն այնպիսին, ինչպիսին երազում է տեսնել մեզանից յուրաքանչյուրը: 
Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին պատրաստակամ է սատարելու և աջակցելու ձեզ ձեր բոլոր բարի և կառուցողական նախաձեռնություններում` հանուն մեր սիրելի մայրաքաղաքի կայուն զարգացման ու հզորացման:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ մաղթում եմ, որ ձեր բոլոր նախաձեռնությունների հիմքում լինեն համամարդկային բարձր արժեքները և որ ձեր ցանկացած գործունեության մղումը լինի ազնիվ, ուղղված վեհ նպատակների իրականացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել