Վերջին տարիներին ՀՀ իրականության մեջ ստեղծագործական ինքնատիպությանը փոխարինման է եկել ընդօրինակման ինքնատիպությունը: Բանն այն է, որ մեզանում առաջադիմական հայացքներ ունենալը հաճախ կախվածության մեջ է դրվում միջազգային մակարդակում շրջանառություն ստացած որոշ հասկացություններ ընդօրինակելու և պատեհ ու անպատեհ առիթով օգտագործելու հանգամանքից: Ասվածը բացառություն չէ նաև հանդուրժողականություն եզրի պարագայում, որը մեզանում կարծես դարձել է յուրահատուկ արժեքային բրենդ: 

Մեր հանդուրժող այլասերները, պարզվում է, հանդուրժողական են այնքանով, որքանով դիմացինի վարքագիծը համընկնում է իրենց պատկերացումներին ու մոտեցումներին: Ավելին, դիմացինից հանդուրժողական վերաբերմունք աղերսողները վայրկյանն անգամ բաց թեն թողնում, որպեսզի Չինգիս Խանին վայել արշավանքներ սկսեն նրանց դեմ, ովքեր չեն կիսում իրենց տեսակետը: Հանդուրժողական են կոնկրետ երևույթի, բայց անհանդուրժ՝ այդ երևույթը քննադատողների հանդեպ, այն էլ՝ ռացիոնալ քննադատության պարագայում: 

Այս ընտրողական կամ կեղծ հանդուրժողականությունն ապացույցն է այն բանի, որ մերօրյա Հայաստանում բազմաթիվ այլասերներ ու տոլերանտներ ոչ այլ ոք են, քան անազնիվ դոգմատիկներ ու մոլեռանդներ: Ավելին, բացահայտ այլատյացներից հանդուրժողականները տարբերվում են սոսկ նրանով, որ հանդուրժողականության հագուստի տակ կարողանում են հմտորեն քողարկել իրենց այլատյացությունը:

Ժամանակին Վոլտերն ասում էր, թե ես կարող եմ լինել Ձեր տեսակետի համառ թշնամին, սակայն պատրաստ եմ կյանքս զոհել հանուն այն բանի, որ կարողանաք Ձեր տեսակետն արտահայտել: Մեզանում, ավաղ, հանդուրժողակաները յուրացրել են Վոլտերի խոսքերի առաջին հատվածը և հուղարկավորել՝ երկրորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել