Ահավոր ծույլիկացել եմ վերջերս... Ավելի ճիշտ, ես միշտ էլ ծույլիկ եմ եղել բնույթով։ Ես էն բնածին, զտարյուն ծույլիկներից եմ։ Ուղղակի տարիքի հետ սովորել եմ ծույլիկությունս վերահսկել ու հիմնականում քիչ թե շատ անվտանգ մակարդակի վրա պահել, որ իմ ու ուրիշների կյանքը չփչացնի։ Բայց հիմա էլ մեկ-մեկ էն մանկությանս անկառավարելի, անսանձելի ծույլիկությունը ծիկ է անում։ Իսկ էս անգամ, ցավոք, ծիկով չպրծանք. տնավորվել է մի այլ կարգի։ Սրա հետ կապված` վերջերս հաճախ եմ հիշում էն հին ու բարի ժամանակները, երբ ես ու եղբայրս՝ նույն նյութից կերտված երկու հոգեհարազատ ծույլիկներ, դաս-մաս թողած՝ նստում, ժամերով ինքնամոռաց, խորացած զրուցում էինք մարդկանց, կյանքի ու հնարավոր ամեն ինչի մասին, երբեմն մինչև գիշերվա հազարը, էն էլ մեր արտույտ հալով։ Չէ, որպես սովորող՝ ծույլիկ չէինք, հիմնականում գերազանցիկ էինք, բայց դե դա էնքան էլ կապ չունի բնույթով ծույլիկ լինելու հետ։

Նկատել եմ, որ էն ժամանակ, երբ էնքան բան եմ ունենում անելու, որ հասցնելը պրակտիկորեն անհնար է թվում, ծույլիկությունիցս հետք չի մնում. դառնում եմ բանող մեքենա, ու մտքովս էլ չի անցնում անգործության մատնվել, ուրիշ որևէ բանով շեղվել։ Կարծես` այլ կերպ չէր էլ կարող լինել։ Իսկ երբ ժամանակս համեմատաբար շատ է լինում, անելիքս՝ ոչ էնքան, էդ ազատ տեղը հավեսով լցվում է ծույլիկության «փուչիկով», ու ես սկսում եմ ոչինչ չհասցնել... Փաստորեն, ինձ նմաններին նորմայի մեջ պահելու համար պետք է անընդհատ անմարդկային ծանրաբեռնվածության մեջ պահել, որ խելոք-խելոք ամեն ինչ ժամանակին անեն ու, թեկուզ գիշերները չքնելով, նորմալ հաց չուտելով, ի վերջո հասցնեն։ 

Ինչ-որ բան փոխել է պետք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել