Գրում եմ կրկին, իմ համր լեզվի լուռ ունկնդիր: Գրում եմ քեզ, որովհետև արդեն քեզ գրելուց էլ եմ հոգնել: Հոգնել եմ ճանապարհներից, այն անցորդից, ում ամեն ուր եմ հանդիպում... Առանց բարևի՜... Ու հոգնել եմ հոգնելուց արդեն որերորդ անգամ, թվում է վերջին անգամ, բայց գիտեմ` դեռ շա՜տ կհոգնեմ: Այնքան, ինչքան դու ես հոգնել իմ բողոքներից, իմ լուռ ունկնդիր, ու չասես, որ ոչ, որ ինձնից չես հոգնի: Արդեն ես եմ ինձնից հոգնել, այնքան, որ ատում եմ ինձ, ասում են ատում են անզորությունից: Միթե անզոր չեմ: Անզոր նույնիսկ ինքս իմ առջև և անզորություն եմ քարոզում նույնից նրանց մոտ, ում վիճակված է հեղափոխությու՜ն անել... Իսկ ես` անզորս զորություն եմ խլում այն նորեկներից, ում սրտում հաղթանակ է բանտարկված, իսկ թոքերն ազատություն են երազում: Խլում եմ ու դեն շպրտում այն անպետքի պես, ում ոչ մեկի հետ չես համեմատի... Ու համեմատելով` անզորությունից ատում եմ պատվոգրերս, որ ատելությամբ վարակված ողորմություն են երևում: Հոգնել եմ մանրուքներից: Այդքան ուրախանալուց մանրուքներով, որ հաճախ ոգեշնչում էր հսկա փոքրություն և խրախուսվում «բարի արարքով», իսկ խրախուսանքը դեն էի շպտում հաճախ և ինքս իմ կամքից անկախ ու հոգնում նորից` անզորությունից հաճախ և ինքս ինձնից անկախ...
-Գրո՛ղը տանի: Հեռու՛ գնա: Ատում եմ քեզ քո պատճառով, և բոլորին քո՛ հրամանով:
 Անզորություն եմ շնչում հաճախ և ինքս ինձանից անկախ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել