200 տարի առաջ՝ 1813թ. մայիսի 5-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հարուստ առևտրական Միքայել Կիերկեգորի ընտանիքում լույս աշխարհ է գալիս 7-րդ զավակը՝ Սյորենը, ում «բախտ» էր վիճակված համալրելու մեծանուն մտածողների շարքերը: Դեռ վաղ պատանեկության տարիներից Կիերկեգորը աչքի էր ընկնում թուլակազմությամբ, ուներ ողնաշարի ծռություն և ստացել է կրոնական մոլեռանդությամբ աչքի ընկնող հոր խիստ դաստիարակությունը:

Ավարտելով դպրոցը՝ 17 տարեկան հասակում Սյորենը հոր հորդորով ընդունվում է Կոպենհագենի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետ, որտեղ «հավերժ-ուսանողը» ստիպված սովորում է 10 տարի (ուշագրավ է, որ եթե գերմանացի մտածող Շելլինգը 21 տարեկանում դարձել էր փիլիսոփայության դոկտոր, ապա դանիացի Կիերկեգորը միայն 27 տարեկանում է ավարտում համալսարանը), բայց այդպես էլ չի կարողանում իր մեջ արթնացնել աստվածաբանությամբ «ոգեշնչվելու կայծը»: Ուսանողական տարիներին Կիերկեգորը քանիցս աչքի է ընկել ցոփ և շվայտ կյանք վարելով, սիրել է ժամանակն անցկացնել ռեստորաններում, գինարբուքների մեջ և այլն (սակայն աստիճանաբար հրաժարվել է այդօրինակ վարքից՝ գերադասելով միայնությունը): Չնայած այս ամենին՝ նրա հայրը այնուամենայնիվ հոգում էր նրա ծախսերը՝ հույս տածելով առ այն, որ մի օր որդին կսկսի զբաղվել լուրջ գործերով: 

24 տարեկանում Կիերկեգորը սիրահարվում է 14-ամյա Ռեգինա Օլսենին և 3 տարի անց նրանք նշանադրվում են: Սակայն դրանից մեկ տարի անց Կիերկեգորը սիրելիին է վերադարձնում մատանին՝ հրաժեշտի նամակով, որտեղ գրում է. «Ներիր մարդուն, ով միգուցե որևէ բանի ընդունակ է, բայց անկարող է աղջկան երջանիկ դարձնել»: Կենսագիրները տարբեր կերպ են բացատրել Կիերկեգորի այս քայլը (նա բաժանումից հետո էլ չի դադարել սիրել Ռեգինային). ոմանց կարծիքով դա հետևանք էր Կիերկեգորի սեռական անկարողության, ոմանց կարծիքով այդ քայլով դանիացի մտածողը իր սերը զոհաբերեց, ինչպես դա արեց աստվածաշնչյան Աբրահամը՝ զոհաբերելով իր միակ որդուն: Սակայն ամենադիպուկ բացատրությունը տվել է թերևս հենց նույն Կիերկեգորը. «Եթե ես ամուսնանայի Ռեգինայի հետ, ապա երբեք չէի լինի ինքս ինձանով»:

Լինելով ինքնամփոփ, կրոնական մարդ՝ Կիերկեգորը խորանում է կրոնական-միստիկական փիլիսոփայության մեջ, կտրվում արտաքին աշխարհից և ապրում մենության մեջ: Դանիացի հեղինակի գրչին են պատկանում շուրջ 28 հատոր աշխատություններ, որոնց մեծ մաս են կազմում օրագրերը: Կիերկեգորի հիմնական փիլիսոփայական երկերն են՝ «Հեգնանքի հասկացության մասին» (1841), «Կամ-կամ» (1843), «Կյանքի ճանապարհի փուլերը» (1845), «Եզրափակող ոչ գիտական հետգրություն» (1846) և այլն: 

Մարդու հոգևոր զարգացման մեջ Կիերկեգորը տարբերակում է երեք փուլ՝ գեղագիտական, բարոյագիտական և կրոնական: Գեղագիտական փուլում մարդը հանդես է գալիս որպես «գեղագետ», «անմիջական մարդ», որի գործունեությունն ուղղված է դեպի արտաքին աշխարհը: Այդ փուլի խորհրդանշանը Դոն Ժուանն է: «Գեղագետն» ապրում է իր զգացմունքների թելադրանքով, վայելչասեր է և հաճոյապաշտ, ձգտում է հագուրդ տալ իր ցանկություններին: Հաճույքների՝ հիմնականում կարճատև և անցողիկ բնույթը նպաստում են նրան, որ մարդն ընկնում է հուսահատության և ձանձրույթի գիրկը և ճաշակում է կյանքի անիմաստությունը:

Բարոյագիտական փուլի խորհրդանիշը Սոկրատեսն է, բարոյագետ փիլիսոփան: Եթե գեղագիտական փուլում մարդն անմիջականորեն կախված էր արտաքին աշխարհից, ապրում էր այդ աշխարհի օրենքներով և ձգտում էր նվաճել այդ աշխարհը, ապա բարոյագիտական փուլում նրա գործունեությունն ուղղված է սեփական ներաշխարհին կամ, այլ կերպ, էքստրավերտությունը փոխարինվում է ինտրավերտությամբ: Նա ձգտում է ոչ թե հաճույքների, այլ իր պարտավորությունների կատարմանը: Նրա գործողությունների որոշիչ ուժը պարտքի զգացումն է: Կիերկեգորի կարծիքով՝ բարոյական փուլում մարդն ամբողջությամբ չի իրականացնում իր հնարավորությունները և իր առաքելությունը: «Բարոյագետը» դեռևս հեդոնիստ (հունարենից թարգմանաբար նշանակում է հաճույք) է, այսինքն՝ ձգտում է երջանկության և բարեկեցության: Բացի դրանից, իր Ես-ը նա տարրալուծում է ընդհանուրի մեջ, իսկ գործողությունները համապատասխանեցնում ընդհանուր օրենքների հետ: 

Կրոնական փուլում մարդը չի ենթարկվում համընդհանուր օրենքին, բայց անմիջականորեն հաղորդակցվում է Աստծո հետ: Այդ փուլի խորհրդանիշն է աստվածաշնչյան Աբրահամը: Աբրահամը «բարոյագետ» չէր, քանզի որդեսպանությունը և, առհասարակ, մարդասպանությունը արգելվում են բարոյական օրենքով: Իսկ Աբրահամը, անսալով Աստծո ձայնին, պատրաստ եղավ իր միակ որդուն զոհաբերել: Իսկ սա նշանակում է, որ կրոնական մարդը, համաձայն Կիերկեգորի, չի մտածում, նա հավատում է, դուրս է գալիս բարոյական օրենքի շրջանակներից, գործում է ըստ խղճի օրենքի: Աբրահամը լուռ ու մունջ հնազանդվեց Աստծուն, որովհետև հավատում էր: Մարդը պետք է ոչ թե մտածի կրոնի և Աստծո մասին, այլ պետք է դառնա կրոնական և աստվածապաշտ:

Թեպետ Սյորեն Կիերկեգորն իր մահկանացուն կնքել է 42 տարեկան հասակում և ոչ երկարատև ստեղծագործական ուղի է անցել, այնուամենայնիվ, սերունդներին է թողել ինքնաճանաչման արդյունք հանդիսացող (մի առիթով նշել է, որ իր բոլոր գործերում նա խոսում է բացառապես ԻՐ մասին) հարուստ ժառանգություն, որը շատ ավելի արժեքավոր է, քան շատերի երկարատև ստեղծագործական ուղու արդյունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել