Նրանք  երակով են սլանում: Պատերը առաձգական են: Մեծ և փոքր շեփորները կիսով չափ ծածկված են կարմիր առվաջրով: Պտույտ-պտույտ: Չըկ-չըկ, պա-պա: Քանի տարի է ճանապարհին են, բայց մոռացել են աշխարհում ամեն բան: Ծարավ: Քաղց: Հանգիստ: Հայր ու որդի շեփորահարները ոգևորում են մեկը մյուսին: Հայրը վազանցում է տղային, ուրախ ձեռքով անում, բացականչություններ է արձակում: Կիիիիիյաաահհհաա, կիիիիիա: Նրանք քրտնել են: Հայրը կորում է տեսադաշտից: Տղան լարում է հայացքը: Որտե՞ղ ես հայրիկ: Ո՞ր կողմ թեքվեցիր: Երևի մտար մազանոթի մեջ: Հե~յ, հե~յ: Որտե՞ղ ես: Պուաո, պուաո: Տղայի շեփորը դիպչում է պատին: Նա վայր է ընկնում: Թաթը մտնում է տաք անցքի մեջ: Հոր բերանում մեկ ատամ է մնացել: Հե~յ, հայրիˊկ: Շեփոր: Գիտակցություն չկա: Պուլս չի շոշափվում: Դու մեռել ես: Դիակ ես: Մենք տանը մենակ ենք: Բոլորը լքել են մեզ: Բոլորը: Բոլորը` ովքե՞ր: Դե բոլորը: Նրանք բոլորն են: Հա: Բոլորը: Ես մնացել եմ: Խղճում եմ: Մնացել եմ, որ սպանեմ: Քո ցանկությամբ: Դու գրու՞մ ես տղաս: Գրում եմ: Գրում եմ, ապացուցելու  քեզ: Ապացուցելու, որ ես ոչնչություն եմ: Ջա՞զ ես լսում: Դեհ: Բարձրացրու երաժշտության ձայնը: Լցրու բաժակները: Ֆանտաստիկ շեփոր է: Իսկական ռեքվիեմ: Քո սիրելի Դավիսն է, թե՞ Դիզին: Կարևոր չէ: Սենյակդ լավ ես կահավորել: Ծղոտե աթոռ: Հովանոց: Թեյի սեղան: Գրքեր: Մանրանկարիչներ: Ջեկ Դենիելս: Գրական թերթեր, ամսագրեր: Ջազ: Սքանչելի է: Մահը խայծի հոտն առել է: Ճանապարհին է: Բարձրացրու երաժշտության ձայնը: Խմենք տղաս: Խմենք: Երբեք չէի լսել այսպիսի կատարում: Հեռվից եկող գնացքը աղեկտուր սուրում է: Չքնաղ մեղեդի է: Շեփորը ձիու նման ծառս է լինում: Հանդարտ: Դանդաղ: Խելառի պես: Տոնայնությունը մակարդում է արյունը: Ելնում է: Իջնում: Վազում է: Կանգնում: Սպասում: Դադար: Ցատկ: Մենք մեռնելու ենք տղաս: Մենք: Մենք: Ես ու դու: Աստվածները չեն մեռնում հայրիկ: Հիսուսներն են մեռնում: Մեռնում են: Մեռնում: Աստվածները մեռնում են Հիսուսների օգնությամբ տղաս: Բարձրացրու երաժշտությունը: Կատարիր իմ վերջին ցանկությունը: Երկու մեղեդի սենյակի մեջտեղում: Մենք: Մենակ ենք: Ես պարտավոր եմ կատարել հայրիկի վերջին ցանկությունը: Քո բերանում ատա՞մ է մնացել: Բեր աքցանը: Ես քաշում եմ նրա վերջին ատամը: Բամբակ եմ խցկում վերքի մեջ: Դուռը ծեծում են: Մածուն ծախող կինն է կամ մայրդ: Կարևոր չէ: Բարձրացրու երաժշտությունը: Շեփորների միջից դուրս են թռչում հազարավոր կատուներ: Մրջյունների չափ կատուներ: Լցվում են սենյակ: Կատուները աչքեր չունեն: Նրանք անցնում եմ իմ ու հայրիկի վրայով: Գլուխները խփում են պատերին: Ես գիտեմ հիմա ինչ կանենք, Հայրիկ: Պահարանից երկու պինդ ճոպան եմ հանում: Ալպինիստական ճոպաններ են: Որտեղի՞ց: Մայրդ է գնել: Նա պահարանու՞մ է: Հա, ճամպրուկի մեջ նստած ջազ է լսում: Փաստորեն չի հեռացել: Ճոպաններն էլ ձեռքին էին: Բարձրացրու երաժշտության ձայնը, որ պարանոցներս չցավի: Ճոպաններիը կապում եմ ջահերից: Մի քիչ մոտ բեր միմյանց: Հանգույցը հագցնում եմ հայրիկի վզին: Մյուսը իմ: Աթոռակները հրում ենք: Հոյակապ է: Երկու ճոճվող շեփորներ: Երկու մսային շեփորներ: Երկու ոչինչ: Հայր և որդի: Ինչպե՞ս ես քեզ զգում, հայրիկ, առաստաղից կախ: Հաճու՞յք ես վայելում: Այս դիրքը ամենահարմարն է մտերմիկ զրույցի համար: Արի մի փոքր մերսենք մարմիններս, որ շուտ հարբենք: Այ, Էդպես: Լցրու բաժակները: Կլ, կլ, կլ, կլ. կլ, կլ: Ապրես, չես մոռացել շիշը հետդ վերցնել: Բարձրացրու երաժշտությունը: Կույր կատուները գերվել են: Բազմոցների, աթոռների վրա քարացած` մեղեդին են վայելում: Քո կենացը: Քո ոչինչ կենացը: Շնորհակալ եմ: Դու հիշու՞մ ես ինձ, տղաս: Հիշում եմ: Ինչպե՞ս: Հիշում եմ, երբ առաջին անգամ հեծանիվ գնեցիր ինձ համար: Հիշում եմ, երբ առաջին ու վերջին անգամ կոնֆետ դրեցիր գրպանս: Հիշում եմ, երբ շալվարս իջեցրիր ու բռնեցիր անդամս, որ միզեմ: Հիշում եմ, երբ տատիս ու պապիս մոտ ծեծեցիր ինձ, որ նրանք գոհ մնան: Հիշում եմ, երբ ընդունվեցի համալսարան, գառ մատաղ արեցիր ինձ համար: Հիշում եմ, երբ ինձ հետ ծեծ կերար կողքի բակի լակոտներից, ովքեր նեղացնում էին ինձ: Հիշում եմ, երբ համտեսեցի սիրածիդ պատրաստած լոլիկով ձվածեղը: Հիշում եմ, երբ միասին հիվանդիտ այցելեցինք, ինձ բնական հյութ հյուրասիրեցին ու չամիչ: Հիշում եմ, երբ դագաղից վախեցել էի, թողեցիր մտա ծոցդ: Հիշում եմ, որ խնձորի կճեպի նման կպել էի նեղ կրծքավանդակիդ: Հիշում եմ, որ այդ գիշեր խանգարեցի քեզ և մայրիկին: Հիշում եմ, որ ապտակեցի քեզ, իսկ դու ինձ նման լաց եղար: Պարանը շատ ձիգ է: Դուռը ծեծում են: Պատկերացնու՞մ ես մածուն ծախող կին ներս մտնի ու մեզ տեսնի: Առաստաղից կախված Հայր և որդի ջազի ներքո, հիշում են: Լցրու բաժակները, որդիս: Մանրահատակը պատվում է սիզախոտով: Կանաչ, հյութեղ խոտը բարձրանում է մինչև մեր ծնկները: Կատուներին փոխարինում են գանգրահեր ոչխարները` հաստ դմակներով: Բաաա, բաաաա: Արածում են: Բաաա, բա: Իսկ երբ ջահել տղա էիր, մտածու՞մ էիր իմ մասին, հայրիկ: Մտածում էի: Բայց չգիտեի, որ հազարերորդ սերմնաժայթքումից կծնվես: Կներես: Իրոք: Հենց ծնվեցիր, մտածեցի դատարկության մասին ու ափսոսացի: Դու իմ բաց թողած օճառի պղպջակն ես: Ես քեզ ծնեցի, որ մեռնես: Խաղի շարունակողը դու ես: Դու էլ քո որդու մասին մտածիր: Պարգևիր նրան ոչինչ: Ես նրան շեփորի դասերի կտանեմ, որ  նվագելով մոռանա ինձ: Հոյակապ է: Հիշու՞մ ես, հայրիկ, առաջին անգամ, երբ թոքերիդ մեջ բենզին էիր լցնում: Հետո գազ: Հետո կոշիկի վաքս: Հետո վիսկի: Կոնյակ: Օղի: Ռոմ: Գինի: Թթի, հոնի, օղի: Քացախ: Իմ ադեկոլոնը: Հիշու՞մ ես: Հիշում եմ: Մտածում էի, ինչպե՞ս չես մեռնում: Ապշում էի: Աստվածները դանդաղ են մեռնում: Բոլորին տանջելով: Ես թմրել եմ ուզում: Չի ստացվում: Թմրելով մեռնել: Առանց արյան: Չհոգնեցի՞ր ճոպաններից: Երկրից: Ինձնից: Վիրաբուժությունից: Մածուն վաճառող կնոջից: Ամենօրյա աշխատանքից: Երևանի փողոցներից: Սարյան: Թումանյան: Տերյան: Մարքս: Դագաղների փողոց: Կոմիտաս: Բաղրամյան: Անվերջ փողոցները: Անվերջ նույն հիշողություններ: Չհոգնեցի՞ր: Լցրու բաժակները: Սքանչելի ջազ է: Հայրիկ, ոտքերդ կարճանում են: Թզուկ Կոլոլին ես նմանվում: Գլուխդ մանդարինի չափ է դարձել: Ես ոչնչանում եմ, տղաս: Փոքրանալով: Նվաղելով: Խեղճանալով: Բայց քեզ խնդրանք ունեմ: Վերջին անգամ: Լսում եմ: Մորֆինով լցված ներարկիչը լցրու երակներիս մեջ: Շատ եմ խնդրում: Որտեղի՞ց մորֆին: Քաղցկեղով հիվանդ ունեմ, նրա ցավազրկողն է: Այսօր կմեռնի: Ցավերի մեջ ոռնալով: Որովհետև նրա բաժին թմրադեղը  գողացել եմ: Ինձ համար: Քո օգնությամբ ուզում եմ ոչնչանալ: Քո օգնությամբ: Չհոգնեցի՞ր: Առաստաղից կախ: Արի իջնենք ներքև: Արի: Նրանք կտրում են պարանները: Իջնում են: Նստում են շեփորները: Շարունակում են ճանապարհը: Ջազի ներքո: Երկու Շեփոր: Հայր և որդի: Որոշման ճանապարհին: Հրաժեշտի ճանապարհին: Խեղճության ճանապարհին: Հիվանդանոցի լուսամփոփներն աստղերից պայծառ են: Լսու՞մ ես հիվանդի ոռնոցը, մինչև այստեղ հասնում է: Մեղք է, Հայրիկ: Ինչու՞ ես նրա ցավազրկողը գողացել: Ոչինչ, նա արդեն այս աշխարհում չէ: Իսկ ես չեմ կարողանում մեռնել: Դու պիտի օգնես ինձ: Մորֆինի չափաբաժինը մեծ է այս անգամ: Դու ուզում ես, որ քեզ սպանե՞մ: Ջազի ներքո՞: Ես ուզում եմ, որ օգնես ինձ: Լցրու բաժակները: Հիշու՞մ ես, Հայրիկ, ինչ երջանիկ էինք մենք: Ե՞րբ: Երբ մի օր դու սթափ տուն եկար: Դա մե՞կ անգամ է եղել, տղաˊս: Մեկ անգամ: Տեսնու՞մ ես: Մենք կյանքում մեկ անգամ երջանիկ ենք եղել: Խմենք մեկ անգամվա կենացը: Բարձրացրու երաժշտությունը: Այն կարծես զգացմունքներս հետ է բերում: Ջազը ստրուկներն են ստեղծել: Ստրուկներիը: Ովքեր չեն վախեցել դատարկությունից: Ոչնչանալուց: Չեն վախեցել: Դու շատ կլացես, երբ ես չլինեմ քեզ հետ: Ես կհիշեմ: Բարձրացրու երաժշտության ձայնը, այն պարզապես Աստվածային է: Նրանք կրակ են վառում: Շեփորները հենում են սենյակի միակ ծառին: Հայրը բժշկական նշտարով անջատում է ոտքերը: Քաշում շամփուրների վրա: Հիմա լավ կխորովեմ, տղաս: Կհամտեսես սեփական հորդ ոտքերը: լցրու բաժակները: Կոնյակը հին է: Կպչուն: Հիշու՞մ ես, հայրիկ, երբ պատերազմից եկար, ես քեզ չճանաչեցի: Զզվեցի կեղտոտ ու ճիճվոտ մորուքիցդ: Քո անմարդկային պատմություններից: Հետո ճանաչեցի քեզ, հիշու՞մ ես, երբ հարբեցիր ու մազերդ տնկվեցին, ու երբ ինձ ծնկիդ դրիր: Հիշու՞մ ես: Ծնկիդ կորությունից Ճանաչեցի քեզ: Ինչու՞ այսպես եղավ: Ինչու՞ ես քեզ սպանեցի: Չէի ուզում, անկեղծ: Չէի ուզում: Միսը խորովվել է: Բաց բերանդ: Չեմ ուզում: Դու գիտես: Հայրիկը նշտարով հանում է գլուխը: Տեղը լոլիկ է դնում: Ծիծաղում ենք: Երբեք չես կորցնում հումորի զգացումդ: Հիվանդի ոռնոցը գնալով խլանում է: Հայրիկը մի կերպ պահում է մարմինը: Նրա ուշքն ու միտքը լոլիկն է: Մի ձեռքով պինդ կառչել է շեփորից, մյուսով բռնել է գլխին փոխարինող լոլիկը: Հիանալի տեսարան: Լցրու բաժակները: Կանայք պոետներին չեն հասկանում, տղաս: Դու պոե՞տ ես, հայրիկ: Պոետ չեմ, բայց պոետին վայել խմող եմ: Ոչ մի տեղդ չի ցավում: Չի ցավում: Դու հիմա տեսնում ես ինձ: Զգում եմ: Զգում ես: Իսկ դա ցավոտ է: Շատ, տղաս: Բայց ֆիզիկական ցավի հետ ընդհանրապես կապ չունի: Երբ զգում ես: Փորդ թուլանում է: Անընդհատ ուզում ես: Սիրտդ խառնում է: Պատուհանի մոտ ես կանգնում: Վախենում ես: Զանգում ես կնոջդ և ինչ-որ անկապ բաներ ես խոսում: Գիշերը հարյուր անգամ անիմաստ մտնում ես զուգարան, դուրս գալիս: Բացում ես սառնարանի դուռը, փակում: Իսկ լոլիկը ինչու ես ձեռքով պահում: Գլխիս փոխարեն մի բան պիտի լինի՞, թե՞ չէ: Ճիշտ է: Պատկերացնում ես: Զարթնելու ես: Ու ես էլ չկամ քո աշխարհում: Չկան իմ անընդհատ զանգերը: Չկա իմ ատելի դեմքը: Չկա ամոթը: Չկա վիսկին, կոնյակը, Սերտյուների հրաշքը: Չկա գիշերային ոռնոցը: Չկա ծեծը: Չկա իմ հոտը: Չկան իմ հագուստները: Հողաթափերը: Ներքնազգեստները: Չկա իմ ափսեն: Նստատեղիս հետքը: Ես չկամ: Բարձրացրու երաժշտությունը: Վերջին անգամ ջազի ներքո խմենք մեր անցած ճանապարհի համար: Թունդ է: Երկու շեփոր սենյակի մեջտեղում: Պատուհանը բաց է: Ներքևում մարդ չկա: Հայրիկը պատուհանից նետվում է ցած: Սենյակում մնում է նրա աջ թևը: Լցրու բաժակները:  Խելացնոր տեմպ է: Նվագողները հանճարներ են: Բացառիկ    կատարումը: Կիրք: Կրակ: Ճարճատյուն: Սպիտակ-դեղնավուն երանգով ասեղանման բյուրեղներ: Փոշի: Թևը ժպտում է: Հիշում ես աջ թևս: Հիշում եմ: Հիշում եմ, երբ աջ թևով ապտակեցիր ինձ: Հիշում եմ, երբ աջ թևով առաջին անգամ սափրվել սովորեցրիր: Հիշում եմ, երբ աջ թևով մաքրեցիր խլնքոտ քիթս: Հիշում եմ, երբ աջ թևով արթնացրիր ինձ, որ դպրոցից չուշանամ: Հիշում եմ, երբ աջ թևով ներարկում էիր ձախ թևդ: Հիշում եմ, երբ աջ թևով շոյում էիր մայրիկի աջ ուսը: Հիշում եմ: Ներքևում շները ուտում են հայրիկի մարմինը: Թևը շոյում է բարակ մազերս: Մի մտածիր էլ ցավ չեմ զգում: Իսկ շները ոչինչ: Ինձնից թող նրանց էլ բաժին հասնի: Վիրաբույժի միսը համեղ է: Լցրու բաժակները: Ապրես: Թևը գցում է վզովս: Փափուկ, նուրբ թևը: Դուռը ծեծում են: Մածուն վաճառող կինն է: Պատկերացնում ես: Ներս մտնի ու տեսնի մեզ: Տղան նստած է բազմոցին թևը վզովն ընկած: Ջազի ներքո: Բարձրացրու երաժշտությունը: Ներարկիչը դարակում է: Հանիր: Ջազը աննման երաժշտություն է: Ժգուտ կապիր: Հիմա կատարիր խնդրանքս: Ապրես: Ես թմրում եմ: Դանդաղ: Դանդաղ: Դանդաղ: Մաս-մաս: Ապրես որդիս: Հարազատ որդիս: Ողջ ներարկիչը պարպիր: Առանց վախենալու: Հեռացրու ինձ քեզնից: Ոչնչացրու: Թևը ցնցվում է: Սեղմում դաստակս: Երակները ձկնիկների պես սուզվում են: Կապտում է: Փրփրում: Փառակալվում: Անշնչանում է: Տղան և թևը: Սենյակի մեջտեղում: Բարձրացրու երաժշտությունը: Ջազ: Ջազ: Առանց քեզ ոն՞ց էին հրաժեշտ տալու Հայրերն ու որդիները: Հայրի՞կ: Վե՞րջ: Գնացի՞ր: Դեռ խմիչք ունես: Գոնե պատուհանի գոգին դրված բաժակդ դատարկիր: Մենա՞կ ես թողնում ինձ: Մենակ: Խեղճ հայրիկ: Իմ խեղճ հայրիկ…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել