Նյութի վերնագիրը շատերի համար խիստ տարօրինակ կարող է լինել, շատերի համար էլ` դատապարտելի: Բանն այն է, որ անկախ և հզոր պետության պաշտպանները վերնագիրը կարող են հասկանալ այն իմաստով, թե տողերիս հեղինակը կոչ է անում փառքի դափնիների արժանացնել նրանց, ովքեր իրենց գործողություններով նպատակային կամ ոչ նպատակային կերպով պետություններ են կործանում կամ ոչնչացնում:

Հապճեպ եզրակացություններ անելուց առաջ պետք է հիշել, որ դեռևս Հին Հնդկաստանում բանավեճ սկսելուց առաջ մարդիկ համաձայնության էին գալիս այն բանի շուրջ, թե արդյոք նույն հարցի շուրջ են վիճում: Պետք է հասկանալ, թե ինչ իմաստով է այստեղ օգտագործվում պետության ինքնակործանման գաղափարը: Իսկ որպեսզի դա հասկանանք` հարկ է փոքրիկ անդադարձ կատարել գերմանացի մտածող Ֆիխտեի հայացքներին, քանզի պետության հետևողական ինքնակործանման կամ ինքնաոչնչացման գաղափարը աչքի է զարնվում նրա ստեղծագործական ժառանգության մեջ: 

Ֆիխտեն այն համոզմանն է, որ պետության հիմնական խնդիրներից մեկը՝ մարդկանց բարոյական և իրավական գիտակցության զարգացումն է, այնպիսի պայմանների ստեղծումը, երբ մարդիկ իրենց պարտականությունները կկատարեն առանց վերահսկող և արդարություն հաստատող ինստիտուտի գործոնի: Այս առումով Ֆիխտեն տարբերվում է Հոբսից, ով պետության առաջացումը բացատրելով ուժեղի և թույլի միջև անջրպետը վերացնելու և մարդկանց հավասարության դաշտ բերելու անհրաժեշտությամբ, չի հրաժարվում պետության հավերժ արդիականությունից:

Խնդիրն այն է, որ, ըստ Հոբսի, մարդկանց բնածին ագրեսիվությունը զսպելու համար մենք միշտ պետության կարիք ենք ունենալու: Մինչդեռ Ֆիխտեն համոզված էր, որ մարդը սկզբունքորեն կարող է հասնել այնպիսի վիճակի, երբ կարող է ապահովել համակեցությունն առանց պետության (նա չի ասում թե այսօր կամ վաղը այդպես կլինի, նա կարծում է` այդ իդեալին մոտենալը պետք է հավերժ արդիական լինի): Ուստի լավագույն կարող է համարվել այն պետությունը, որ իր գոյության ընթացքում ստեղծում է այնպիսի պայմաններ ու այնպիսի նկարագիր ունեցող հասարակություն, որոնք ավելորդ են դարձնում նույն պետության գոյությունը:

Այս առումով մի փոքրիկ զուգահեռը տեղին կլինի. ինչո՞ւ պետության մեջ գոյություն ունի հարկային տեսչություն կամ պետական եկամուտների կոմիտե կամ նմանատիպ այլ կառույց: Գոյություն ունի այն պատճառով, որպեսզի վերացնի հարկային վճարումներից խուսափելու դեպքերը, հնարավոր անօրինականությունը: Իսկ հարկային վճարումներից խուսափելն ու անօրինականությունը հավաստումն են այն բանի, որ քաղաքացիների կամ հասարակության նկարագիրը վատն է: Ուստի, այն պետությունը, որը հետևողականորեն ձևավորում է բարոյական, իրավական գիտակցություն ունեցող և այլահարգ քաղաքացիներ` ըստ էության հերթական քարն է դնում ինքնաոչնչացման հուշակոթողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել