kartsikner- artakԿարծիքներ հայ դավանաբանության եւ հայի ծագումնաբանության մասին

Վերջերս Ասողիկ քահանա Կարապետյանը եւ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հանդես էին եկել հրապարակային հայտարարություններով, որոնց բովանդակությունը, ըստ էության, այն էր, թե ով աթեիստ է, հայ չէ եւ ով 80% ՀԱԵ ինքնություն չունի, հայ չի կարող համարվել: «Ասպարեզը» փորձել է այս մտքերի մասին կարծիքներ իմանալ նաեւ ուրիշ անձանցից:

Արտակ Ավետիսյան, արեւելագետ. «Ես հայ քրիստոնյա եմ՝ առանց որեւէ մեկի ասելու: Եթե նույնիսկ ամենայն հայոց կաթողիկոսն ինձ դուրս դնի իր «հոտից» ինչ-որ հակաեկեղեցական զանցանքի համար, ես կշարունակեմ մնալ նույն մարդը: Օրինակ, ժամանակին կարգապահական խախտման համար ինձ արտաքսել են դաշնակցությունից, ու ինձ նման շատերին, բայց դա երբեւէ չի նշանակում, որ ես դադարել եմ մտածել նույն կերպ: Եկեղեցական գործիչների ասածին վերաբերվում եմ  բացառիկ հարգանքով: Ամեն եկեղեցական չէր հանդգնի նման սուր կերպով արտահայտվել: Միքայել եպիսկոպոս Աջապահյանին անձամբ եմ ճանաչում ու վստահ ասում եմ. ինքը՝ անհրաժեշտության դեպքում, սուր բռնող եկեղեցականի տեսակ է: Գոնե սրբազանը գիտի, թե ինչքան հարցերում ես չեմ կիսել, չեմ կիսում ու կարող եմ չկիսել իր տեսակետները: Այս դեպքում կասեմ վստահաբար, որ սրբազանը անխախտ է իր բռնած ուղուց, որի համար ես ուրախ եմ:

Ես հարգում եմ նաեւ այլ տեսակետ ունեցողներին, բայց ցավով արձանագրում եմ, որ այս պահին նրա տեսակետները քննադատողներից շատերը միշտ չէ, որ իրենց տեսակետներում այդչափ հետեւողական են եղել: Ես չեմ կիսում սրբազանի այդքան չափազանցված մոտեցումը, սակայն ուրախ եմ որ մեր եկեղեցին դեռեւս ունի նման հոգեւորականներ: Ես մարդատյաց կամ մոլագար չեմ, բայց հարգում եմ ազերու դավադիր կրակոցին պատասխանող հայ դիպուկահար զինվորին, որը կարողանում է սպանել այդ դավադիր կրակոցի հեղինակին»:

Մամիկոն Համբարյան, հրապարակախոս, աստվածաբան.«Անձամբ հարգում եմ Միքայել սրբազանին՝ իր սկզբունքայնության համար, եւ հավանում եմ իր՝ կաթողիկոսի իշխանության հանդեպ դրսեւորած հնազանդության համար, դա խոնարհության մեծագույն ապացույցն է եւ լավագույն օրինակը ուրիշների համար: Իրականում, կաթողիկոսի թերությունը բխում է եկեղեցու կանոնակարգում եղած բացթողումներից կամ հոգեւոր դասի թերություններից կամ անկատարելիությունից, բայց դա չի կարելի դիտել որպես արդարացում, թե միայն Աստված է անսխալական:

Կար մի ժամանակ, երբ նույնիսկ աթեիստն էր պատկառանք տածում եկեղեցական սրբավայրերի եւ հոգեւորականների նկատմամբ, բայց այսօր շատ բան է փոխվել, թե եկեղեցին առաջվանը չէ եւ թե՝ մարդիկ:

Մարդիկ պաշտում են Աստծուն, հարգում են եկեղեցին, բայց ներքուստ հակակրանք տածում հոգեւորականների հանդեպ (թերեւս՝ ոչ բոլորի):

Իսկ վերջին ժամանակներ, հոգեւորականները անթույլատրելին արեցին, արհամարելով եկեղեցուց դուրս մարդկանց՝ աթեիստներին, կաթոլիկներին, մահմեդական հայերին, բողոքականներին եւ աղանդավորներին, հայտարարեցին, որ նրանք հայ չեն, դա բացարձակապես թշնամության եւ անհանդուրժողականության քարոզչություն էր: Դրան չհետեւեց եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը կամ թույլ տրված սխալի համար ներման հայցումը:

Կուզենայի հույս տածել, որ եկեղեցին կվերանայի եկեղեցի եւ ժողովուրդ հակամարտության հարցը, կհրաժարվի իր տիրական դիրքից, կսկսի հարգել մարդկանց՝ անկախ նրանց կրոնական պատկանելություններից»:

Ավետիք Մելիք-Սարգսյան, պատմաբան.«Առաքելական եկեղեցու հայրերից մեկը՝ Մաղաքիա Օրմանյանը, ժամանակին հոգեւորականության կարեւոր դավանաբանական խնդիրն է համարել այն, որ հոգեւորականը պետք է զբաղվի միայն քարոզով եւ աղոթքով: Ձեր հարցի մեջ կա քարոզից, աոթքից դուրս՝ գենոֆոնդային եւ դավանաբանական հացերին չվերաբերող խնդիրներ: Միանշանակ է, որ մենք մեր պատմության մշակութային  առավելությունն ընդունելով, հպարտանում ենք Տիգրան Մեծով եւ այլ անհատականություններով, ովքեր քրիստոնեության ընդունումից առաջ են ապրել, ուրեմն՝ զուտ այդ ժամանակագրական փաստը կարող է ստվե՞ր գցել նրանց հայ ինքնության վրա: Ի՞նչ է՝ ոչ Առաքելական եկեղեցուն դավանող մեծագույն հայերի դավանաբանությունն հաշվի առնելով, նույնպե՞ս պիտի կասկածի ենթարկենք նրանց ազգային պատկանելությունը: Դրանք մարդիկ են եղել, ովքեր իրենց կատարած գործով են ապացուցել հայկական մշակույթի եւ հայի ինքնության գոյատեւելիությունը»:

Իզաբելլա Սարգսյան, մարդու իրավունքների պաշտպանության փորձագետ. «Ընդամենը՝ իրենց կարծիքն են ասել, դա պետությունը չի ասել: Եթե պետությունը բռներ բոլոր աթեիստներին եւ ուղարկեր համակենտրոնացման ճամբար, դա այլ բան է, բայց հիմա՝ կոնկրետ, այդ քահանան էդ բանն է ասել: Ուրիշ քահանա էլ ասել է՝ այդպիսի բան չկա: Դա կարծիք է, որ մարդու իրավունքների խախտման հետ կապ չունի: Ցանկացած մարդ, ով իրեն հայ է համարում, նա հայ է՝ վերջացավ»:

Սամվել Հունանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել