Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տոբադելի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը՝ հատուկ կարևորելով հոկտեմբերի 5-ին ընդունված «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի» մասին բանաձևը, որը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը:
Պարույր Հովհաննիսյանը հանգամանալից ներկայացրել է զրուցակիցներին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ավելի քան 100 հազար մեր հայրենակիցների բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը և այս համատեքստում երախտիքի խոսքեր փոխանցել Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների կողմից մարդասիրական աջակցություն տրամադրելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել