Պատմության 10 ամենահայտնի պրոպագանդիստները (մաս 2)


18:00 , 18 սեպտեմբեր, 2013

Աաջին մասը կարող եք կարդալ այստեղ. 

5. Կառլ Մարքս


Գերմանացի փիլիսոփա և հեղափոխական գործիչ Կառլ Մարքսն անկասկած մեծ ազդեցություն է թողել 20-րդ դարի պատմության վրա: Նրա ամենահզոր գրական ստեղծագործությունը` «Կապիտալը», հիմք հանդիսացավ մի նոր քաղաքական համակարգի` կոմունիզմի համար: Մարքսը դեմ էր մասնավոր սեփականությանը: Նա պահանջում էր, որ կապիտալիզմը փոխարինվի ուտոպիականությամբ, որում չեն լինի պետություններ կամ դասակարգեր:

 Կոմունիզմի պատճառով միլիոնավոր մարդիկ զրկվել են կյանքից:   Ապացուցվել է, որ նրա գաղափարները գործնական չեն և չեն կարող կիրառվել իբրև տնտեսական համակարգի հիմք: Չնայած այս ամենին` շատերի համար Մարքսի արտահայտած տեսակետները շարունակում են մնալ հանճարեղ գաղափարներ: Դժվար է պատկերացնել, թե աշխարհն ինչպիսին կլիներ այսօր, եթե չլիներ Մարքսը կամ թե ինչ մղձավանջներից հնարավոր  կլիներ խուսափել 20-րդ դարում, եթե նա ընտրած լիներ ոչ թե փիլիսոփայությունը, այլ իրավագիտությունը, ինչպես իր հայրն էր ցանկացել:

4. Ֆրիդրիխ Նիցշե


Գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն 19-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանցից էր:  Նրա ստեղծագործությունները կրոնի, բարոյականության, մշակույթի, փիլիսոփայության և գիտության թեմաներով ոգեշնչել են մարդկանց գործել քաղաքական և հասարակական հեղափոխություններ: Նիցշեն աթեիստ էր, և նրա արտահայտած գաղափարները  հակասում էին իր դարաշրջանում տարածված քրիստոնեության և հուդայականության գաղափարախոսությանը: Շատերը նրան համարում էին աթեիզմի և աշխարհականության հիմնադիրը: Բարդ է ասել, թե քաղաքական որ ուղղությանն էր պատկանում Նիցշեն: Նա հակադրվում էր իր ժամանակի մեծագույն մտավորականներին, այդ թվում` Իմանուիլ Կանտին և Բենեդիկտ Սպինոզային: Նիցշեի դոգմատիզմը վարակիչ ազդեցություն ուներ, ինչի շնորհիվ էլ նա դարձավ 19-րդ դարի փիլիսոփայական ուղղությունների և քաղաքական համակարգերի շարժիչ ուժը: Օրինակ, ֆաշիզմի և նացիզմի վրա մեծապես ազդել է Նիցշեի գաղափարախոսությունը: Երիտասարդ տարիքում Նիցշեն հիվանդացել է սիֆիլիսով: Ասում են, որ հիվանդության բարդացումների հետևանքով նրա մոտ ավելի մեծ տարիքում հոգեբանական խնդիրներ են առաջացել: Պարզ չէ, թե ինչ չափով են այս խնդիրներն ազդել Նիցշեի` կյանքի վերջին տարիներին արտահայտած գաղափարների վրա, սակայն մի բան հստակ է. նրա շատ գաղափարներ մինչ այժմ էլ լայն տարածում ունեն ձախ թևին պատկանող բազում մտավորականների շրջանում:     

3. Մայքլ Մուր

Քաղաքական բոլոր ուղղություններում էլ պրոպագանդիստներ կան: Մինչ Ռաշ Լիմբոն, Գլեն Բեքը և Սին Հենիթին հարում են պահպանողականներին,  50-ն անց միչիգանցի ռեժիսոր Մայքլ Մուրը պրոպագանդում է լիբերալիզմը` ներկայումս հայտնի նաև պրոգրեսիվիզմ (առաջադիմականություն) անվանմամբ:  Մայքլը քաղաքական ձախ թևի վառ ներկայացուցիչներից է: Դեռևս երիտասարդ տարիքից նա աշխատել է Mother Jones ազատական ամսագրում: 1987 թ.-ին նա դատական հայց ներկայացրեց ամսագրի դեմ` իրեն անհիմն կերպով աշխատանքից ազատելու համար: Ամսագրի տնօրինությունից տուգանք գանձվեց հօգուտ Մայքլի: Այդ գումարը նա օգտագործեց իր առաջին վավերագրական ֆիլմը նկարահանելու համար:  Այդ ժամանակից ի վեր նա ևս ութ վավերագրական ֆիլմ է նկարահանել: Մայքլը հայտնի է իբրև ֆիլմ արտադրող, ով միակողմանի հարցազրույցների միջոցով ծաղրի է ենթարկում և վիրավորում  խոշոր ընկերություններին, Բուշի վարչակարգին և էլ ում ասես: Նա կարողանում է հումորով ներկայացնել քաղաքական մեկնաբանությունները: Նրա կինոնկարներում հաճախ արտահայտվում են հակասական դիրքորոշումներ, այնպես որ դժվար է ասել, թե որքան հաճախ է նա փոխում իր տեսակետները: Պրոպագանդիստների մեծամասնության նման, Մայքլը ավելի շատ իր գաղափարները քարոզում է այն մարդկանց շրջանում, ովքեր արդեն  իսկ համակարծիք են իր հետ, ուստի պարզ չէ, թե իրականում որքան մեծ ազդեցություն է նա թողնում հանրության վրա: Նա ունի բավականին հավատարիմ հանդիսատես, որ ակտիվորեն հետևում են նրա գործունեությանը:

2. Յոզեֆ Գեբելս

Պատմություն մեջ թերևս ոչ ոք այնքան մեծ հաջողությամբ չի կիրառել պրոպագանդան, որքան վիպագիր, բանաստեղծ, Նացիստական Գերմանիայի պրոպագանդայի նախարար Գեբելսը: Գեբելսը Հիտլերի կատաղի շներից էր, ում նա 1933-1945 թթ. քսի էր տալիս իր հակառակորդների  վրա:   

Նա օժտված էր սուր ինտելեկտով ու հռետորական կարողություններով: Գեբելսը պատերազմի ողջ ընթացքում վերահսկում էր Գերմանիայի արտաքին կապերը: Նրան հաջողվեց ողջ ազգի մեջ սերմանել հակասեմիտական և հակակոմունիստական ագրեսիվ դիրքորուշումներ:  Նա այն մարդկանցից էր, ովքեր հրահրել են Հոլոքոստի և Երկրորդ համաշխարհային պատերազմի վայրագությունները: Կարելի է ասել, որ առանց Գեբելսի ունակությունների Նացիստական կուսակցությունը դժվար թե երբևէ իշխանության գլուխ անցներ (Գեբելսն էր կազմակերպում կուսակցության ճրագներով շքերթները և այլ պերճ տոնակատարությունները): Առանց Գեբելսի հազիվ թե հաջողվեր այդքան գերմանացիների հրեշների վերածել: Գեբելսը  ոչ թե սոսկ պրոպագանդում էր նացիոնալ սոցիալիզմը, այլև խորապես հավատում էր իր քարոզած գաղափարներին: Նա հավատարիմ մնաց Հիտլերին անգամ այն բանից հետո, երբ Գերինգն ու Հիմլերը, ինչպես նաև մյուս նացիստ ղեկավարների մեծ մասը լքել էին Հիտլերին պատերազմի վերջին օրերին: Նրա համար Հիտելերը կուռք էր հանդիասանում, ուստի 1945 թ.-ի ապրիլին նա նախընտրեց Հիտլերի հետ միասին մեռնել իր բունկերի տակ, քան թե խույս տալ քաղաքից: Ցավալին այն  է, որ նախքան մեռնելը նա իրենց ընտանեկան բժշկին պատվիրեց թունավորել իր վեց երեխաներին:   

 

1. Ջոզեֆ ՄքՔարտի


Անհերքելի է, որ Վիսկոնսինի սենատոր Ջոզեֆ ՄքՔարտին 50-ականների սկզբին բավականին ազդեցիկ քաղաքական գործիչ էր: Նա շարունակ պնդում էր, որ ԱՄՆ-ում և  այլուր մեծ թվով կոմունիստներ և Խորհրդային Միության լրտեսներ կային: Նա համարում էր, որ կոմունիստները ներթափանցել են Պետդեպարտամենտ, Թրումենի վարչակարգ, Ամերիկայի ձայն և անգամ ԱՄՆ-ի բանակ: Նրա մեղադրանքները վնասել են մի շարք քաղաքական գործիչների և այլ մասնագիտությունների տեր անձանց կարիերային:   

Նա չէր  կարողանում փաստերով հիմնավորել իր պնդումները, ինչի համար էլ 1954 թ.-ին Սենատը նրան պախարակեց և վերջ դրեց նրա ահաբեկչական իշխանությանը: 3 տարի անց նա մահացավ հեպատիտից, որն ավելի էր սրվել հարբեցողության պատճառով: Մահից հետո էլ նրան հիշում են իբրև դոգմատիկ մարդ, ով անհիմն ու կատաղի մեղադրանքներ էր հնչեցնում իր ընդդիմախոսների հասցեին: