Պատմության 10 ամենահայտնի ահաբեկիչները (Մաս 2)


17:30 , 12 սեպտեմբեր, 2013

Գրառման առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

6. Բորիս Սավինկով

Սավինկովն ապրել է 1879-1925 թվականներին և այդ ընթացքում հագեցած գործունեություն է ծավալել: Եղել է քաղաքական գործիչ, հրապարակախոս, գրող և այլն: Լինելով պալատականի որդի` նա այնուամենայնիվ հասցրեց նրան, որ իրեն վտարեցին Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետից՝ ուսանողական անկարգությունների մասնակցելու համար՝ 1899 թվականին:

1903-1917 թվականներին էսսեռների կուսակցության անդամ էր: Եղել է կուսակցության «Մարտական կազմակերպության» ղեկավարներից և բազմաթիվ ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներից մեկը: Անմիջական մասնակցություն է ունեցել ներքին գործերի նախարար Պլեվեի (1904 թվական) և Մոսկվայում մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի սպանություններին (1905 թվական):

1906 թվականին ձերբակալվել է Սևաստոպոլում, որտեղ հերթական մահափորձն էր նախապատրաստում, սակայն նրա կուսակից ընկերները կազմակերպեցին նրա փախուստը, իսկ հետո էլ օգնեցին փախչել երկրից: 1917 թվականի ապրիլին վերադարձավ Ռուսաստան և նշանակվեց Ռազմական նախարարության ղեկավարի պաշտոնում: Հոկտեմբերին նրան վռնդեցին էսսեռական կուսակցությունից: Քաղաքացիական պատերազմի ժամանակ, ըստ էության, Կոլչակի և Դենիկինի ներկայացուցիչն էր Եվրոպայում:

1924 թվականին չեկիստներին հաջողվեց խաբեությամբ նրան բերել ԽՍՀՄ տարածք, որտեղ նրան ձերբակալեցին և դատապարտեցին գնդակահարման: Հետագայում գնդակահարությունը փոխարինվեց 10 տարվա ազատազրկմամբ: Պաշտոնական վարկածի համաձայն` ինքնասպան է եղել բանտում՝ դուրս նետվելով պատուհանից, իսկ ոչ պաշտոնական վարկածով` նրան սպանել են չեկիստները:

 7. Ալեքսանդր Ուլյանով (1866-1887)

 

«Ահաբեկչական խմբակցության» և «Ժողովրդական ալիք» կուսակցության հիմնադիրներից և ղեկավարներից մեկն էր, ով ի դեպ Վլադիմիր Լենինի հարազատ եղբայրն էր: Ալեքսանդր 3-րդի մահափորձի կազմակերպիչներից մեկն է եղել: Ձերբակալվել և կախաղան է հանվել Շլիսսելբուրգյան ամրոցում: Ավագ եղբոր մասնակցությունը ցարի վրա կատարած մահափորձին և նրա հետագա մահապատիժը հսկայական ազդեցություն թողեցին երիտասարդ Լենինի վրա և ուղորդեցին նրան դեպի քաղաքական պայքարի դաշտ: Ի դեպ, սա այն դեպքն է, երբ մեկի անհաջողությունը կարող է դառնալ ուրիշի կողմից իրականացված հեղափոխության պատճառ:

8. Սյոկո Ասահարա

Ասահարան հայտնի ճապոնական «Աում Սենրիկյո» աղանդի հիմնադիրն է: Ծնվել է 1955 թվականին, իսկ իրական անունը եղել է Չիդզուո Մացումոտո: Ասահարա կեղծանունը հայերենում նշանակում է «Կանեփի դաշտում շողացող լույս»: Կրթությունը ստացել է կույրերի դպրոցում, որտեղ ուսանել է այնպիսի դիսցիպլիններ, ինչպես մերսում, ասեղնաբուժություն, ինչպես նաև զբաղվել է միստիկ գիտելիքների ուսումնասիրություններով: Որոշ ժամանակ անց է կացրել Հնդկաստանում, որտեղ ուսումնասիրել է բուդդիզմը: Հասցրել է նաև հայտնվել բանտում՝ «բուժիչ» խմիչքների իրացման համար:

Ասահարայի հրամանով «Աում Սինրիկյոյի» մարտիկները զարինային գրոհ իրականացրեցին Տոկիոյի մետրոյում: Ասահարայի հրամանով իրականացվել են նաև մի շարք այլ հանցագործություններ՝ նախկին անդամների սպանություններ, կազմակերպության գործունեությանը խանգարող անհատների սպանություններ և այլն: Ձերբակալվել և դատապարտվել է 1995 թվականին:

 9. Շամիլ Բասսաև

Шамиль Басаев

Բասաևը, ավարտելով զինծառայությունը Խորհրդային բանակում, հայտնվեց Մոսկվայում, որտեղ այդպես էլ չկարողանալով ընդունվել համալսարան, մի կերպ գոյատևում էր ցածր վարձրատրվող աշխատանքներով: ԳԿՉՊ-ի ձախողումից հետո Բասաևը վերադարձավ Չեչնիա, որտեղ ինքնադրսևորման հնարավորություն տեսավ: Սկզբում նա մտավ այն զինված կազմավորման կազմի մեջ, որը ձևավորվեց չեչեն ժողովրդի համազգային կոնգրեսի ժամանակ, այնուհետև՝ 1991 թվականի ամռանը Բասաևը ստեղծում է «Վեդենո» ջոկատը, իսկ հոկտեմբերին կազմավորում է նաև դիվերսանտների ջոկատ, որոնք պետք է պաշտպանեին չեչենական պետության անկախությունն ու Չեչնիայի նախագահին: 

1991 թվականի նոյեմբերի 9-ին, բողոքելով արտակարգ դրություն մտցնելու որոշման դեմ քաղաքացիական ինքնաթիռ առևանգեց Միներալնի Վոդիից և մեկնեց Թուրքիա: Այստեղ առևանգիչները հանձնվեցին, և նրանց ուղարկեցին Չեչնիա: Դրանից հետո Բասաևը մի քանի տարվա ընթացքում աչքի ընկավ Արցախյան և Աբխազական պատերազմներում, իսկ նրա իսկական վերելքը սկսվեց Առաջին չեչենական պատերազմի ժամանակ, որի ժամանակ նա ակտիվ մարտական գործողություններից անցավ ահաբեկչության: 

1995 թվականի հունիսի 14-20-ը Բասաևն իր գրոհայինների հետ գրավել և գերության մեջ էր պահում Բուդյոնովսկ քաղաքի հիվանդանոցում գտնվող ավելի քան 1600 մարդկանց, որոնցից 147-ն արդյունքում զոհվեցին: Մինչ Երկրորդ չեչենական պատերազմը Բասսաևը ակտիվորեն զբաղվում էր քաղաքականությամբ, բայց միևնույն ժամանակ ահաբեկչություններ էր կազմակերպում Ռուսաստանի տարածքում: Նրա անմիջական կամ կողմնակի դերակատարությամբ կազմակերպվեցին 2002 թվականի Դուբրովկայի ահաբեկչությունը, որի ժամանակ զոհվեց 129 մարդ, Գռոզնիում Կառավարության շենքի դիմաց կազմակերպված պայթյունը, որի ժամանակ զոհվեց 72 մարդ, 2003-ին տեղի ունեցած մահապարտների պայթյունների շարքը, Բեսլանի դպրոցի գրավումը, որի ժամանակ զոհվեց 330 մարդ:
Բասաևը ոչնչացվեց ռուսական հատուկ ծառայությունների կողմից՝ հերթական ահաբեկչության նախապատրաստության ժամանակ 2006 թվականին:

9. Անդերս Բրեյվիկ

Андрес Беринг Брейвик

Անդերս Բրեյվիկի ահաբեկչական ակտը թեև մեկն էր, որը բաղկացած էր երկու մասից, այն աննախադեպ էր իր դաժանությամբ և նրանով, որ ահաբեկիչն իր ձեռքով ու սառնասրտորեն գնդակահարեց տասնյակ մարդկանց:

Նորվեգացի Բրեյվիկը ապրում էր ոչնչով աչքի չնկնող կյանքով, իսկ այ քաղաքական գործունեության առումով նա խիստ ակտիվ էր: 1997 թվականին Բրեյվիկը Առաջընթաց կուսակցության երիտթևում էր, 2000-ականներին Բրեյվիկի հայացքներն ավելի ծայրահեղականացան: Իրեն նա դիրքորոշում էր որպես ազգայնական ու ատում էր մուլտիկուլտուրալիզմն առհասարակ, իսկ մահմեդականներին՝ մասնավորապես: Աստիճանաբար նա հանգեց այն եզրակացությանը, որ քաղաքական մեթոդներով իր ուզածին երբեք չի հասնի, ուստի պետք է դիմել զենքի ուժին:

Ահաբեկչությունն իրականացնելուց առաջ նա հրապարակեց իր 1518 էջանոց մանիֆեստը, որտեղ կոչ էր անում եվրոպացիներին վերադառնալ մեկուսացման քաղաքականությանը և միջնադարյան քրիստոնեական արժեքներին: Բրեյվիկը օրինականորեն զենք ձեռք բերեց հարազատ Նորվեգիայում, իսկ պայթուցիկի բաղկացուցիչները գնեց գյուղատնտեսական ապրանքների խանութում: 

2011 թվականի հուլիսի 22-ին Օսլոյի կառավարական թաղամասում հզոր պայթյուն որոտաց, որի արդյունքում զոհվեց 8 և վիրավորվեց ևս 92 մարդ: Տուժեցին հարակից շենքերը, և հրդեհ բռնկվեց: Պայթյունից ժամուկես հետո Բրեյվիկը գնաց Ուտեյա կղզի տեղափոխող լաստանավային կայանը: Այնտեղ այդ ժամանակ անց էր կացվում իշխող Աշխատավորական կուսակցության ամառային ճամբարը, որին մասնակցում էին ավելի քան 600 երիտասարդներ:

Ոստիկանության համազգեստներ կրող Բրեյվիկը ոչ մեկի մոտ կասկածներ չհարուցեց և իր շուրջ հավաքելով սոցիալ-դեմոկրատների խումբ` հանկարծակի սկսեց գնդակահարել նրանց: Կղզու վրա ահաբեկիչը սպանեց 69 մարդու և 1.5 ժամ տևած սպանդից հետո հանգիստ հանձնվեց իշխանություններին: Նորվեգական օրենսդրությունը նախատեսում է առավելագույն պատիժ՝ 21 տարի ազատազրկման տեսքով, այն էլ հյուրանոցային պայմաններով բանտում: Դատարանը հենց այդ պատիժն էլ սահմանեց, իսկ Բրեյվիկը առանձնապես դժգոհ էլ չէր իր պատժից: