10 մարդիկ, ովքեր կարող էին Շեքսպիրի գործերի իրական հեղինակները լինել (մաս 2)


13:40 , 26 օգոստոս, 2013

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

5. Մերի Սիդնի Հերբերտ, Փեմբրոկի կոմսուհի

mary-sidney-herbert-shakespeare-authorship

1500-ականների վերջին և 1600-ականների սկզբներին թերևս միայն Էլիզաբեթ թագուհին էր ավելի ազդեցիկ և ավելի կրթված, քան Մերի Սիդնի Հերբերտը: Մերին վարժ տիրապետում էր մի քանի լեզուների և վարպետացել էր բժշկության ու իրավագիտության ասպարեզներում: Նա օժտված գրող և թարգմանչուհի էր: Անգլիայի առաջին կանանցից էր, ով հրատարակեց իր պիեսը: Որոշ մարդիկ նշում են, որ նա ևս կարող էր Շեքսպիրի ստեղծագործությունների հեղինակը լինել, քանզի ուներ նման ստեղծագործություններ գրելու կրթություն, խելք և ցանկություն: Գիտնականները կիսում են այն տեսակետը, որ Շեքսպիրը ծանոթ էր նրա ստեղծագործություններին, և անգամ հնարավոր է, որ իր «Անտոնիոս և Կլեոպատրա» պիեսի համար իբրև նմուշ օգտագործած լինի Մերի Սիդնի Հերբերտի «Անտոնիոսի ողբերգությունը»: Շեքսպիրի սիրային սոնետներից մի քանիսը պատմում են մի երիտասարդ տղամարդու սիրո պատմությունը, ով պարբերաբար հանդիպումներ էր ունենում մի սևահեր և սևաչյա կնոջ հետ: Նմանատիպ պատմություն արձանագրվել է Մերի Սիդնիի անձնական կյանքում, ինչն էլ դրդել է որոշ մարդկանց պնդել, որ սոնետները ինքնակենսագրական են: Որոշ գրականագետներ կանացի ձեռագիր են նկատել Շեքսպիրի ստեղծագործություններում:

4. Սըր Հենրի Նևիլ

sir-henry-neville-shakespeare-authorship

Ավելի քան վաթսուն մարդու անուն է նշվում իբրև Շեքսպիրի ստեղծագործությունների հնարավոր հեղինակի: Այդ շարքին վերջերս ավելացել է Սըր Հենրի Նևիլի անունը: Ազնվական և քաղաքական գործիչ Հենրին կրթություն է ստացել Օքսֆորդում, ճանապարհորդել է Եվրոպայով մեկ և անգամ որոշ ժամանակ ծառայել է իբրև Ֆրանսիայում Անգլիայի դեսպան: Նա հայտնի է իբրև շնորհալի գրող և գիտնական, սակայն իր կյանքի մեծ մասը նա անցկացրել է իբրև կառավարության անդամ: 1601 թ.-ին նա կալանքի տակ է եղել Լոնդոնի Թաուերում` Էլիզաբեթ թագուհու դեմ ապստամբությանը մասնակցելու մեղադրանքով: Հենրիի և Շեքսպիրի միջև որոշակի նմանություններ կան: Հենրին տիրապետում էր օտար լեզուների, ինչպես նաև իրավաբանական գիտելիքների, որոնք արտացոլված են շեքսպիրյան պիեսներում: Բացի այդ, հայտնաբերվել է Նևիլի կնիքով մի փաստաթուղթ, որի վրա մի քանի անգամ «Վիլյամ Շեքսպիր» ստորագրությունն է եղել` ասես ինչ-որ մեկը պարապեր այդ ստորագրությունը ստանալու համար: Որոշ գրականագետներ գլուխ են կոտրում հասկանալու համար, թե ինչու են Շեքսպիրի գործերն ավելի մռայլ դարձել 1600-ականների սկզբներին: Մինչդեռ այն անձինք, ովքեր վստահ են, որ Նևիլն է Շեքսպիրի գործերի հեղինակը, պնդում են, որ նման մռայլությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Նևիլն այդ շրջանում ընկճվել էր կալանավորման և իր ունեցվածքի ու քաղաքական դիրքի կորուստի պատճառով:  

3. Քրիստոֆեր Մարլո

christopher-marlowe-shakespeare-authorship

Ժամանակին Քրիստոֆեր Մարլոն իր հռչակով զիջում էր միայն Շեքսպիրին, սակայն շատերը պնդում են, որ Մարլոն պիեսներ էր գրում և՛ իր, և՛ Շեքսպիրի անունով: Նա հայտնի է «Դոկտոր Ֆաուստի ողբերգական պատմությունը» ստեղծագործությամբ և 29 տարեկան հասակում վրա հասած իր խորհրդավոր մահով: Մարլոյի մասին քիչ բան է հայտնի: Ըստ որոշ տվյալների` նա եղել է արհեստավարժ լրտես և կեղծարար: Այն մարդիկ, ովքեր պնդում են, թե Մարլոն է Շեքսպիրի ստեղծագործությունների հեղինակը, հավաստիացնում են, որ իրականում այս երիտասարդ բանաստեղծը չի մահացել 29 տարեկանում: Նա կեղծ տպավորություն է ստեղծել մարդկանց մեջ, իբրև թե ինքը մահացել է, սակայն իրականում 29 տարեկանից հետո պարզապես սկսել է պիեսներ գրել Շեքսպիրի անվան տակ: Շատ գրականագետներ ընդունում են, որ Շեքսպիրի գործերում նկատվում է Մարլոյի ազդեցությունը, իսկ ոմանք էլ կարծում են, որ Մարլոյի և Շեքսպիրի գործերի միջև նամնություններն այնքան շատ են, որ դժվար է հավատալ, թե այդ գործերը պատկանում են երկու տարբեր հեղինակների գրչին: Շեքսպիրի առաջին գործը երևան է եկել Մարլոյի ենթադրյալ մահից ընդամենը տասներեք օր անց: Մարլոյի կյանքի դրվագները արտացոլված են Շեքսպիրի գործերի տարբեր մասերում, ուստի շատերը համոզված են, որ գործերում առկա գաղտնագիրները և գրաշրջումները (անագրամները) հուշում են այն մասին, որ դրանց իրական հեղինակը Մարլոն է: Թեպետ այս պնդումները կասկածելի են, այնուամենայնիվ, Մարլոյի` հեղինակ լինելու վարկածը վաղուց է հայտնի:

2. Սըր Ֆրենսիս Բեկոն

sir-francis-bacon-shakespeare-authorship

Բեկոնը բրիտանացի գրող, իրավաբան, քաղաքական գործիչ և փիլիսոփա էր: Նա էմպիրիզմի ջատագովներից էր: Ըստ էմպիրիզմի տեսության` գիտելիքը հիմնված է զգայությունների միջոցով ձեռք բերված փորձի վրա: Այն մարդիկ, ովքեր պնդում են, թե Շեքսպիրի գործերի հեղինակը Բեկոնն է, ի հաստատումն իրենց պնդումների վկայակոչում են նրա անձնական նամակները, գրելաոճի նմանությունները, ինչպես նաև նրա և Շեքսպիրի միջև կենսագրական համընկնումները: Բեկոնը հիանալիորեն տիրապետում էր իրավաբանական ոլորտի գիտելիքների, այնինչ Շեքսպիրի կրթությունն ունեցող մարդը հազիվ թե այդպիսի գիտելիքներ ունենար, մինչդեռ Շեքսպիրի ստեղծագործություններում այդ գիտելիքները ցայտուն կերպով դրսևորվում են: Գրականագետներից մեկն ասել է. «Եթե շեքսպիրյան ստեղծագործությունները մեզ հասնեին անանուն, մենք դրանք կվերագրեինք Ֆրենսիս Բեկոնին»:

1. Էդուարդ դը Վեր, Օքսֆորդի 17-րդ կոմսը

edward-devere-shakespeare-authorship

Էդուարդ դը Վերն ազնվական, բանաստեղծ և հմուտ նետաձիգ էր: Կյանքի վաղ շրջանում նա ծառայել է Էլիզաբեթ թագուհուն: Փայլուն կրթություն է ստացել, որից հետո ծառայել է Լորդերի պալատում և ճանապարհորդել Ֆրանսիայով և Իտալիայով մեկ: Նա լիրիկական բանաստեղծությունների և պիեսների հեղինակ էր: Վերջին տարիներին նրա անունը հաճախ է հոլովվում իբրև Շեքսպիրի ստեղծագործությունների հնարավոր հեղինակ: Էդուարդ դը Վերը տարված էր ոչ միայն գրելով, այլև թատրոնով: Ցավոք, իր անունով գրված պիեներից ոչ մեկը չի պահպանվել: Առհասարակ իբրև գրող նա հաճախ չէր հանդես գալիս իր անունից, ինչն էլ ստիպում է շատերին մտածել, թե նա է Շեքսպիրի ստեղծագործությունների իրական հեղինակը:  Երկար տարիներ շարունակ նա եղել է պալատական, ինչն էլ թույլ կտար իր ստեղծագործություններում պատկերել ազնվականների կերպարներ և  պալատական անցուդարձ: Ուսումնասիրելով նրա կենսագրությունը` կարող ենք զուգահեռներ նկատել շեքսպիրյան ստեղծագործությունների հերոսների և իրադարձությունների ու Էդուարդ դը Վերի պալատական կյանքի միջև:  Քանի որ պիեսներում պալատականների մասին շատ բան գրված է սատիրայով, Էդուարդը չէր ցանկանա բացեիբաց հրապարակել դրանք իր անունից: Բացի այդ` 1623 թ.-ին Դը Վերի ընտանիքն է ֆինանսավորել Շեքսպիրի ստեղծագործությունների հրատարակումը:  Ամենից հետաքրքիրն այն է, որ թեպետ Շեքսպիրը ապրել է Դը Վերի մահից հետո ևս տասներկու տարի, սակայն նրա ստեղծագործություններում չեն արծարծվում իր ժամանակի համար արդիական որոշ թեմաներ, օրինակ` քաղաքական իրադարձություններ: Սա հիմք է տալիս որոշ մարդկանց պնդելու, որ ստեղծագործությունները գրված են եղել Դը Վերի կողմից նախքան իր մահը: