Տիգրան Հայրապետյան. Խմբագրականներ


22:16 , 7 մայիս, 2013

ՈՒՄ ՉՈՔԵՐԸ ԴՈՂԱՑ ԿԱՄ ԻՆՉՈՒ ՉԻ ԲԱՑՎԵԼՈՒ «ՆՈՐ ԱՌԱՎՈՏԸ»

Ես սիրում եմ հանճարաշատ, տաղանդառատ իմ ժողովուրդը միայն եւ միայն այն մանկական անաղարտ սիրով, ուր գրաբարյան անպատճառը գերակայում է մարդկային զգացմունքներից ծնունդ առնող պատճառավորվածության վրա: Մարդիկ՝ մեծ կամ փոքր, որ շարունակաբար ծնվում են ոչ թե շնորհիվ, այլ հակառակ առարկայական միջավայրի՝ իմ հպարտությունն են, ներքին կենսատու աղբյուրը, որն այսօր էլ հեռու է սպառվելուց, թեեւ բոլոր բջիջներով զգում եմ մեծ մտածողի ճիչ-ցավը, որ «մարդիկ չկան, հատկապես մարդիկ չկան»: 
Չեղածից ստեղծելու ու հավասարների մեջ առաջինը լինելու անհատ հայի պոռթկումը ավանդաբար դատապարտելի է հայկական այսօրում ու հպարտություն վաղվա մեջ՝ առատ հոսող գինով ու անկատար սիրով, նաեւ գոռոզությամբ, որ պոետ սպանելու գործում զիջում ենք միայն ռուսին, այն էլ աննշան: Եւ ուրիշ ոչինչ. հանգիստ առօրյա, միջակության խրախճանք ու Խելառ Մեծեր եւ տպավորություն, որ Սասնա Ծռությունը հավաքվել, վերծանվել, բայց չի ընկալվել: Ու վախ Մեծերից:

Անըմբռնելի է, հասկանում եմ, անհասանելի, թե ինչու հանկարծ խաղաղեցված երկրում պետք է լույս սփռեր «Նոր Առավոտը»: Իսկ այսօր կարելի է բավարարվել սոսկ «Առավոտը» փակելով: Եւ մի բոլ հեքիաթ՝ առաքելությունների ավարտի, մամուլի նկատմամբ հասարակական անտարբերության եւ այլ անհեթեթությունների մասին: «Զգուշացի՛ր, պարտքը չգիտակցած մարդուց», կասեր հռոմեացին, ընտրության իրավունքը թողնելով քեզ:

Ո՞ւմ չոքերը դողաց 16 էջանոց օրաթերթի հրատարակման հեռանկարից: Մի գուցե ավելի լավ է ամեն ինչ փակեք եւ մնաք միայն դուք, ըննդիմությունն ու պոռնոգրաֆիան: Փակեք ու ջնջեք, թե ուրացածների այս շրջանակով մեծ ուխտ եք արել՝ մինչեւ վերջին հայը: Ու մի ընկրկեք, ձեզ գուցե ներվի՝ հետեւողականությունը, որ ի սկզբանեն վախճանի բերվի: 

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Ըստ մեր տեղեկությունների «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը Արամ Աբրահամյանի հեռանալուց հետո պատրաստվում էր ստանձնել Համլետ Գասպարյանը, որ մինչ այդ խմբագրել էր «Ազգ» օրաթերթը, այնուհետեւ պաշտոնավարել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը: Ափսոսանք ենք հայտնում, որ նա չհասցրեց վերափոխել «Առավոտը», դարձնելով 16 էջանոց ընդգրկուն թերթ, ինչ որ ծրագրում էր:

ՄԻ ԿՈՐՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արդյոք գիտեիք, որ գործող նախագահը նաեւ Պիղատոս է, կամ առավել եւս Եգորյանը՝ Խաչելիության հավակնորդ: Ցնդել են, վերջնականապես ցնդել են՝ նախագահով, հհշ-ով, սուտի-մուտի ընդդիմությամբ՝ բոլորը ցնդել են: Այդ ո՞րն է կոչվում պետական հեղաշրջում եւ այդ ի՞նչի համար է, որ բարձրագույն պատասխանատվության են կանչում, եթե ոչ այսաստիճան ցնդաբանության: Էլ ի՞նչ «Դրո», ի՞նչ «31+» կամ «25», երբ պետության բարձագույն այրերը մի ողջ պետականություն են վիժեցնում: Անկասկած անմեղորեն, քանզի որեւէ մահկանացուին ֆիզիկական կյանքի ընթացքում բաժին ընկնող մեղքի ողջ պաշարը արդեն վաղուց սպառված է եւ բնականաբար ավելցուկի պատասխանը կրելու են այդ նույն այրերի հաբռգած, բայց անտեղյակ ժառանգները՝ մինչեւ յոթերորդ սերունդ, ինչպես որ ասված է: Ճշմարիտ է:

Խոսքն անշուշտ ՀՀՇ համագումարի առնչությամբ կազմակերպված, այս անգամ արդեն (ի տարբերություն նախագահական նախընտրական խայտառակության) բավականաչափ հաշվենկատ ու գրականալեզվաբանական տեսակետից գրագետ ճառասածության մասին չէ, որն ի դեպ կլիմաքսի վիճակից դուրս չգալու նոր ծանրակշիռ առիթ է դարձել ընդդիմություն կոչվածի համար: Դե ձեր ընդդիմությունն է, մի ընտանիք եք ու ներսում էլ հարցերը կլուծեք՝ անկախ պետակնությամբ հաստատված գողական կարգով: Ի վերջո ընդդիմությունն ինձ ինչ կամ ես ընդդիմությանը, հարցը միայն «աշուն-ձմեռ» հայկական քաղաքական նորաձեւության անշնորհք հանդեսն է, որին նորից պատրաստվում են հրավիրել զանգվածներին եւ այն համոզվածությունը, որ այս չարաբախտ երկրում չի մնացել այլեւս ոչ ոք, ով ընդունակ է կրկնել՝ պարոնայք դուք պարզ քրեական հանցագործներ եք, իսկ արքան այսօր նույնքան մերկ է, որքանեւ տարիներ առաջ, ինչքան էլ որ փորձեք շղարշել նրան: Թեեւ պետք է արձանագրել, որ շղարշն այդ բացառիկ երանգներ ունի՝ համընդհանուր ախպարական եւ մասնավորապես սփյուռքակուսակցական ստրկամտությունից մինչեւ խորհրդային հայրենիքասեր-դիսիդենտականության բուտկա-օբյեկտապաշտությունը:

Պատմությունը չգիտի մի իշխանություն, որը իր հպատակների ստորագույն բնազդները զարգացնելով ներքին կյանքում չհասնի հաղթանակի, կայունության, առաջընթացի, բայցեւ հաստատված է, որ երբեք չի երկարատեւել նման հիմքի վրա ձեւավորված պետական-ազգային միավորը: Այնպես որ մեծարգո տիկնայք եւ պարոնայք, կենդանության օրոք արդեն նախկին դարձած պոետի խոսքերով ասած՝ եղեք հեզ, բանող եզ եւ շարունակեք ըմբոշխնել ձեզ բաժին ընկած խոտը, մինչեւ կբացվի առավոտը:

ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ

Մենք ենք, մեր սա­րե­րը. գրո­ղի մար­գա­րեա­կան կան­խա­տե­սու­մը սպառ­նում է ի­րա­կա­նու­թյուն դառ­նալ: Ո­գու եւ մտ­քի ան­նա­խա­դեպ զար­թոնք ապ­րած հա­սա­րա­կու­թյու­նը, ո­րի փնտրտու­քը ետ­սա­ռը­պա­տե­րազ­մյան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նոր ի­րո­ղու­թյուն­նե­րում՝ ետ­խոր­հր­դա­յին տա­րա­ծու­թյու­նում իր տե­ղի ու դե­րի, ան­մի­ջա­կան եւ հե­ռա­վոր հա­րե­ւան­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ձե­ւա­վոր­ման օպ­տի­մալ տար­բե­րակ­նե­րի, XXI դա­րի նա­խա­շե­մին ազ­գա­յին ինք­նու­թյան բա­ցա­հայտ­ման, ժա­մա­նա­կի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան հա­սա­րա­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կա­ռուց­ման, մշա­կու­թա­յին վե­րած­նն­դի եւ այլ խն­դիր­նե­րի շուրջ, ե­թե չէր գե­րա­զան­ցում, ա­պա եւ չէր զի­ջում ա­րե­ւե­լաեվ­րո­պա­կան մտ­քի ու մշա­կույ­թի ա­ռա­ջա­տար կենտ­րոն­նե­րին, այ­սօր հիմ­նո­վին ներ­փակ­վել է իր սա­րե­րի մեջ եւ ինքն ի­րեն դուրս դրել հա­մաշ­խար­հա­յին ին­տե­լեկ­տուալ տե­ղե­կատ­վա­կան դաշ­տից:

Բա­վա­կան է ան­գամ հպան­ցիկ հա­յացք գցել հան­րա­պե­տա­կան մա­մու­լում եւ հե­ռուս­տա­տե­սու­թյու­նում ար­ծարծ­վող պրոբ­լե­մա­տի­կա­յին, խն­դիր­նե­րի ներ­կա­յաց­ման մե­թո­դին, ձե­ւին եւ աչ­քի ընկ­նող նեղ, պա­տե­հա­պաշ­տա­կան նպա­տակ­նե­րի բա­ցար­ձա­կաց­ման մի­տու­մին՝ եւ կա­րե­լի է ար­ձա­նագ­րել խիստ շո­շա­փե­լի նա­հանջ ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի եւ ան­կա­խու­թյան ա­ռա­ջին տա­րի­նե­րի ստեղ­ծա­գործ մտ­քի ձեռք­բե­րում­նե­րից:

Այ­սօր հան­րա­պե­տու­թյան ստեղ­ծա­գոր­ծա­կան միտքն ի­ջել է տե­ղայ­նաց­ման եւ գա­վա­ռա­կա­նաց­ման այն­պի­սի ցածր աս­տի­ճա­նի, որ հա­մաշ­խար­հա­յին հե­տա­զո­տա­կան, տե­ղե­կատ­վա­կան եւ մշա­կու­թա­յին դաշ­տից ան­դառ­նա­լիո­րեն դուրս մնա­լու ի­րա­կան վտանգ է ա­ռա­ջա­ցել: Ի հա­կադ­րու­թյուն հա­մաշ­խար­հա­յին ա­ռա­ջա­տար միտքն ա­ռաջ­նոր­դող «գլո­բալ մտա­ծո­ղու­թյուն, լո­կալ գոր­ծու­նեու­թյուն» փորձ­ված սկզբուն­քի, որ­դեգր­վել է «լո­կալ մտա­ծո­ղու­թյուն, գլո­բալ գոր­ծու­նեու­թյուն» սկզբուն­քը: Սա՞ չէ ար­դյոք պատ­ճա­ռը, որ նե­րազ­գա­յին ա­ռան­ձին խն­դիր­նե­րի հան­գու­ցա­լուծ­ման մե­թո­դա­բա­նու­թյան ընտ­րու­թյան մեջ պար­բե­րա­բար տր­վում ենք ծայ­րա­հե­ղու­թյուն­նե­րի՝ ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում խիստ դա­տա­պար­տե­լի ե­րե­ւույթ­նե­րը մեծ աղ­մու­կով նույ­նաց­նե­լով մեր երկ­րին եւ մեր ժո­ղովր­դին, դրա­նով իսկ սպառ­նա­լի­քի տակ դնե­լով ոչ միայն մեր այ­սօ­րը, այ­լեւ ա­պա­գան:

Ե­թե ան­գամ գործ­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ո­լոր­տում հայ­կա­կան քա­ղա­քա­կան ու­ժերն այս փու­լում ան­կա­րող են հաղ­թա­հա­րել վայ­րի­վե­րում­նե­րի գոր­ծե­լա­կեր­պը, ա­պա տե­սա­կան քա­ղա­քա­գի­տա­կան մտ­քի խն­դիրն է պահ­պա­նել, զար­գաց­նել, տա­րա­ծել ժա­մա­նա­կի եւ ա­ռօ­րյա­յի ազ­դե­ցու­թյա­նը ոչ են­թա­կա Ճա­նա­չո­ղու­թյունն ու Ի­մաս­տու­թյու­նը: Ա­ռաջ­նորդ­վե­լով ա­ռար­կա­յու­թյան եւ ձեռն­հա­սու­թյան հիմ­նա­րար, ան­խախտ սկզբունք­նե­րով, վեր կանգ­նե­լով գործ­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ներ­կա իջ­ված­քից՝ քա­ղա­քա­գի­տա­կան միտ­քը վաղ թե ուշ կհաս­նի իր նպա­տա­կին, եւ ազ­գա­յին այ­րե­րը ստիպ­ված կլի­նեն վեր­հի­շել, որ մեր սա­րե­րից այն կողմ ողջ աշ­խարհ կա, ուր քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան ա­րա­գըն­թաց զար­գա­ցում­ներն ի­րենց կամ­քից ան­կախ պայ­մա­նա­վո­րում են երկ­րի ու ժո­ղովր­դի ճա­կա­տա­գի­րը եւ ուս­տի՝ թույլ չեն տա եր­կար վա­յե­լել սա­րե­րի հով­վեր­գու­թյու­նը:

ԳՆԱՀԱՏԵՔ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՁԵՐ ՄԵՋ ԵՒ ՈՉ ԹԵ ՁԵՐ ԱՐԺԵՒՈՐՈՒՄԸ

«Առավոտ» օրաթերթի տպագրության դադարեցման հետ կապված հասարակական անհանգստությունն ու հետաքրքրության բարձր աստիճանը գալիս են հերքելու այն դատողությունները, թե հասարակությունն անտարբեր է մամուլի նկատմամբ, իսկ վերջինս էլ կարող է իր առաքելությունը սպառված համարել: Բավական տրամաբանական են դիտվում եւ մամուլում, եւ շահագրգիռ շրջանակներում արտահայտվող տեսակետները, թե յուրաքանչյուր թերթ նախեւառաջ հասարակական արժեք է, հետո նոր միայն առանձին անհատի, կամ մարդկանց խմբի սեփականությունը, եւ ուստի չի կարող «բացվել-փակվել» կամայական որոշման արդյունքում, եթե անգամ դա չպարտադրված կամայականության դրսեւորում է:

Մարդիկ ենթակա են գայթակղությունների, եւ դատապարտելի չէ, երբ որեւէ մեկը առաջնորդվում է «սեփական շապիկը մարմնին ավելի մոտ է» սկզբունքով, բայց առավել քան անընդունելի է այն արատավոր երեւույթի արմատավորումը, երբ ամեն ինչ խիստ անհատականացված է եւ անձնական խնդիրների շրջանակից դուրս ոչ մի այլ առաքելություն չի կատարում: Նման տրամաբանությունը, որն իմիջիայլոց առաջին արտահայտությունները գտավ քաղաքական վերնախավի գործողություններում, հանգեցնում է այն մտքին, որ ասենք պետականությունը ձեռք է բերվել կոնկրետ նախագահի համար, վարկերը ստացվում են կոնկրետ վարչապետների անձնականացված ծրագրերի իրականացման նկատառումով, թերթերն էլ «բացվում-փակվում» են կոնկրետ մարդկանց կարիերան ապահովելու կամ որեւէ նեղ քաղաքական խնդիր լուծելու նպատակով: Պարզունակ դյուքանչուն հարիր նման մտածողությամբ երբեք կայուն պետություն եւ զարգացող հասարակություն չի կերտվի: Մարդը, պարոնայք, առավել եւս սոցիալական որոշակի կարգավիճակ ունեցող մարդը՝ նաեւ հասարակական միավոր է, վերջինիս նկատմամբ հստակ պարտավորությունների շրջանակով:

Հասկանալի է, որ Հայաստանում ազնվականության ավանդույթներ չկան, եւ ուստի չկա նաեւ սերնդեսերունդ փոխանցված գիտակցությունը, որ քո եւ քո ընտանիքի, գերդաստանի, թեկուզեւ կլանի արտոնյալ կարգավիճակը պարտավորեցնող է եւ ոչ միայն իրավունքներ պարգեւող: Անցյալում, երբ ավատատերը, որ նախեւառաջ զինվոր էր, կորցնում էր իր երկրին եւ իր ժողովրդին ծառայության ցանկությունը կամ ընդունակությունը, նրա տեղը հասարակության մեջ բաշխվում էր մեկ այլ՝ ավելի գիտակից անձի: Եւ եթե ձեր պապերը առաջնորդվեին այսօրվա ձեր սկզբունքներով, այս երկիրն ու այս ժողովուրդը վաղուց արդեն գրանցված կլինեին մեռյալների գրքում:

Սկիզբը