Պատմություն, որը ես որոշել էի հրապարակել միայն իմ մահվանից հետո


21:04 , 14 նոյեմբեր, 2014

ԵՐԿՐՈՐԴ ԳԼԽԻ շարունակությունը. «Ես չսիրեցի այդ երկիրը». 

Երևանի Չարբախ թաղամասի հանրակացարաններից մեկում տեղավորել էին Բաքվից և Ադրբեջանի տարբեր շրջաններից տեղահանված փախստականներին: Ըստ ստացված «հատուկ» ինֆորմացիայի՝ այնտեղ բնակվող կանանցից մեկը, ում ամուսինը ադրբեջանցի է եղել, հեռախոսով պարբերաբար ինֆորմացիա էր հաղորդում նրան: Ըստ պատերազմական ժամանակի չգրված օրենքի՝ «դավաճանին» պետք է տանեինք սահման, գնդակահարեինք և դին նետեինք թշնամու կողմը: 
Ես, իհարկե, հիշեցի ինձ մեղադրող կանանց ամբոխը: Հրամանատարիս նույնպես դուր չէր եկել այդ անհեթեթ, հանցագործ հրամանը: Իմ վրդովված հարցումներին, թե ինչու է նա հանձն առել նման հանձնարարություն, նա պատասխանեց: 
-Ես եթե հրաժարվեի, ապա նրանք անմիջապես մեկ ուրիշին կհանձնարարեին, իսկ ես ուզում եմ գնալ ու ինքս պարզել՝ ինչն ինչոց է և եթե հնարավոր է կանգնեցնել «սամասուդը»:
Չեմ թաքցնի, հրամանատարս, ում հանդեպ սկսում էի կորցնել հարգանքս, միանգամից բարձրացավ աչքիս: Մենք միասին մեկնեցինք Չարբախ: Ալվինան մեզ ընդունեց զարմացած: Ի՞նչ գործով կարող են այս ուշ ժամին երկու «ֆիդայի» գալ իրենց այդ Աստծո կողմից մոռացված կիսաքանդ շենքում ապրող անծանոթ կնոջ մոտ: Քանի դեռ հրամանատարս ինչ-որ անհեթեթ բացատրություններ էր տալիս, ես ուշադիր հետևում էի կնոջ շարժումներին և դեմքի միմիկային: Իր տարիքի համար նա բավականին գեղեցիկ և առաքինի արտաքին ուներ: Ես մտածում էի՝ եթե իրոք պարզվի, որ նա դավաճան է, կկարողանա՞մ արդյոք մասնակից լինել նրա... Այ ինչպես հիմա, այն ժամանակ էլ ես ստիպողաբար մտքիս հրամայեցի կանգ առնել ու չմտածել շարունակության մասին: Նրա աչքերն ինձ ուրիշ բան էին ասում, նրա պահվածքը ամբողջ կյանքում լավ ապրած, արիստոկրատ կնոջ պահվածք էր: Այդ մասին էր վկայում նաև նրա հագի թանկարժեք խալաթն ու թանկարժեք մատանին: Ես նույնիսկ չէի լսում, թե ինչի մասին են խոսում Ալվինան և հրամանատարս: Այնքան ծիծաղելի էր այդ նրա արտաքինի և այդ խղճուկ, կիսաքանդ, աքսորավայրի խուց հիշեցնող սենյակի համադրությունը: 
Դուռն ինչ-որ մեկը փորձեց բացել և այն փակ տեսնելով՝ սկսեց բախել: Ես կարծես արթնանալով՝ ձեռքս տարա ծոցումս պահված դաշույնին: Չգիտեմ ինչու ինձ թվաց, որ հաջորդ ջոկատն է եկել Ալվինայի հետևից, և ես պատրաստ էի նրան պաշտպանել: Ալվինան ասաց, որ աղջիկն է, ու բացեց դուռը: Ներս մտավ տասնվեց տարեկան թուխ մի աղջնակ և մեզ տեսնելով՝ վախեցած նստեց մոր կողքը՝ առավելագույնս հպվելով նրան, կարծես փորձելով պաշտպանել նրան կասկածելի մորուքավորներից: Ալվինան ներկայացրեց աղջկան և սկսեց պատմել նրա մասին ու, հետզհետե խորանալով, այն վերածվեց իր կյանքի համառոտ պատմությանը՝ ընտանեկան ալբոմի ցուցադրմամբ: Պարզվեց, որ նրա հայրը Բաքվի ամենանշանավոր ինստիտուտներից մեկի պրոռեկտորն է եղել, և նրանք շատ մոտ են եղել թուրք ռեկտորի հետ: Ընդհանուր համաձայնության գալով՝ նրանք իրենց երեխաներին ամուսնացրել են շատ վաղ հասակում՝ էլ ավելի խորացնելու իրենց մտերմությունը: Ալվինան չնայած այդպես էլ չի կարողացել սիրել իր ամուսնուն, բայց նրա չափազանց լավ վերաբերմունքն ու սերը տարիների ընթացքում ստիպել են սիրելուց էլ ավելի խորը հարգել նրան: Ամուսինը նույնիսկ համաձայնվել է իրենց երկու երեխաներին կնքել Էջմիածնում, որը վկայում էր այդ արարողության ժամանակ արված նկարները: Երեխաները երկուսն էլ մաքուր տիրապետում էին հայերենին, չնայած իրենց մայրենի լեզու համարում էին ռուսերենը: Թուրքերեն նույնպես գիտեին, բայց չէին խոսում, և ընդհանրապես Բաքվում շատերն էին միայն ռուսերեն շփվում:
Ալվինայի տղան հիմա ռուսական բանակում է, բայց հանդիսանալով արդեն անկախ Ադրբեջանի քաղաքացի՝ պետք է ազատվի բանակից և վերադառնա: 
Ես որոշեցի կտրուկ մոտենալ հարցին և, ընդհատելով նրա պատմությունը, ուղղակի հարց տվեցի.
-Մեզ ասել են, որ Դուք շատ հաճախ եք հեռախոսով զրուցում Ձեր նախկին ամուսնու հետ, և նույնիսկ տեղեկություն կա, որ Դուք նրան մեր մասին ինֆորմացիա եք փոխանցում: Ալվինան վախենալու կամ թեկուզ շփոթվելու փոխարեն սկսեց բարձրաձայն ծիծաղել: Նա մեր համբերությունը չչարաշահելու համար զսպեց ծիծաղը և բացատրեց իրողությունը: Նա, իրոք, շատ հաճախ է խոսում իր ամուսնու հետ, և պատճառն էլ հենց իրենց որդին է: Նա չգիտի, թե ուր պետք է վերադառնա, քանզի թուրքերի համար նա հայ է, իսկ մեր համար թուրք: Ամուսինն էլ հոր մահից հետո ինքն է դարձել ռեկտորը համալսարանի, և հիմարություն կլինի այս պահին թողնել ամեն ինչ և ընտանիքի հետ տեղափոխվել որևէ երրորդ երկիր: Ալվինան ցանկանում է մնալ Հայաստանում, իսկ տղան էլ, մորը սիրելով հանդերձ, չի ուզում հրաժարվել հորից: 
Լավ, դա շատ լոգիկապես (տրամաբանորեն) հնարավոր և նույնիսկ գեղարվեստական ֆիլմի նյութ հանդիսացող պատմություն է, բայց ինչու՞ հարյուրավոր խառը ամուսնությունների «զոհերից»՝ այստեղ բնակվող, հենց իր մասին են մեզ հայտնել, թե՞ դա միակ դեպքը չի: Պարզվեց, որ ամեն ինչ շատ ավելի պարզ էր, քան մենք կարծում էինք: Ալվինան արդեն այստեղ՝ հանրակացարանում, ծանոթացել և ընկերացել էր Բաքվի մեկ ուրիշ փախստական կնոջ հետ: Նա բնակվում էր մի հարկ բարձր, և արդեն մեկ տարի է, ինչ իրենք օրվա մեծ մասն անցկացնում էին միասին: Ավելի կոնկրետ լինելու համար Անյուտան՝ ընկերուհին, միայն իր հարկ էր բարձրանում քնելու, իսկ օրվա մնացած մասը, իր նույնպես դեռահաս աղջկա հետ անցկացնում էին Ալվինայենց սենյակում: Մի խոսքով ուտում, խմում, լացում, կարոտում և ուրախանում միասին: Միայն ճաշ պատրաստելիս էր Անյուտան համարյա միշտ մի կարևոր գործով «տեղ» գնում և վերադառնում, երբ արդեն սեղանը գցված էր լինում: Մեկ տարուց ավել համբերելուց հետո միայն Ալվինան մի քանի օր առաջ նրան նկատողություն է արել, որ գոնե այսքան ժամանակ իր հաշվին ուտելուց հետո կերակուրը պատրաստելիս կամ ամանները լվանալիս բարի լինեն ինքն ու աղջիկը օգնել: Անյուտան շտապել է հիշեցնել մի քանի անգամ բերված խմորեղեններն ու այլ քաղցրավենիք, որը հենց ինքն ու աղջիկը հիմնականում կերել են, նեղացած հեռացել է՝ երդվելով, որ Ալվինան կփոշմանի իր նման նվիրված ընկերուհուն վիրավորելու համար: Ալվինայի խոսքերով, Անյուտան ՀՀՇ-ի կանանց խորհրդի անդամ է, և նա ավելին քան համոզված է, որ այդ պատմությունը նրա ձեռքի գործն է: Վերջում Ալվինան ավելացրեց, որ «Ի սեր Աստծո, և վերջապես ինչի մասին է խոսքը, երբ հարյուր տոկոս իր բոլոր հեռախոսային խոսակցությունները ձայնագրված կլինեն, չէ՞ որ ինքը միշտ խոսել է փոստից և դժվար թե ՊԱԿ-ն այնքան միամիտ գտնվի, որ թշնամու երկիր կատարվող զանգերը չձայնագրվի» 
Սիրելի ընթերցող, եկեք համաձայնվենք, որ Ալվինայի պատմությունը նման է իրական լինելուն, բայց ես պետք է մինչև վերջ համոզվեի նրա անմեղության մեջ, թեկուզ և իմ մեջ նրա հանդեպ խղճի և, ինչու ստեմ, համակրանքի զգացողությունս արդարացնեմ:
Ճշտելով Անյուտայի սենյակի համարը՝ ես ինքս բարձրացա նրա մոտ՝ թողնելով հրամանատարիս վայելելու մեզ համար պատրաստված սուրճն ու լսելու այդ հետաքրքիր պատմության, ինձ համար այլևս ոչ պիտանի շարունակությունը: Դուռը բացեց մսոտ դեմքով, բարակ, համարյա աննշան շրթունքները ալ կարմիր շրթներկով շատ անվարժ հաստեցրած, յուղոտ, բայց խնամքով գզզած ուռեցրած մազերով և փայլուն կոճակներով սև շորով հաստամարմին մի կին: Չգիտեմ՝ Ալվինայի պատմության ազդեցությունից էր, թե ոչ, բայց ինձ թվաց, որ ես նրա մեջ ճանաչեցի ինձ օպերայի բակում ճանկռտող ամենաակտիվ կանանցից մեկին: Երևի դրանից ազդված՝ ես միանգամից անցա «հարձակման»՝ ստելով, որ իր տված սուտ տեղեկությունների հիման վրա իր հարևան Ալվինային մի քանի ժամ առաջ գնդակահարել ենք և հետո միայն լսելով նրա խոսակցությունների ձայնագրությունը՝ պարզել, որ նա զրպարտության զոհ է դարձել: Հիմա եկել ենք իրեն «տանելու» և զրպարտության միջոցով սպանության դրդելու հոդվածով (Աստված իմ կա՞ այդպիսի հոդված, տեսնես) դատելու: Իհարկե, Անյուտան չոքելով գետնին՝ սկսեց աղիողորմ լալ ու ներողություն խնդրել: Նա կարծել էր՝ ուղղակի կվախեցնեն Ալվինային մի թեթև և վերջ, ու որ ինքը չի ցանկացել նրան սպանել և այլն, և այլն: Լացելուց նրա աչքերին քսված ներկը հոսել էր հաստ այտերին՝ նրան էլ ավելի գարշելի դարձնելով: Առաջին անգամ կյանքումս մոտս կնոջ (եթե կարելի էր նրան կին անվանել) վրա ձեռք բարձրացնելու ցանկություն առաջացավ: Ցանկություններիս չտրվելու համար բռնեցի նրա ձեռքից և քարշ տվեցի ներքև դեպի իմ մեքենան: Մեքենայի մոտ արդեն մի հետաքրքրասեր երիտասարդի, ով մոտեցել էր տեսնելու, թե այդ ում են բռնաբարում, որ այդպես աղաղակում է, ուղարկեցի Ալվինայի սենյակ՝ հրամանատարիս կանչելու: Համազգեստով մորուքով մարդկանց ասածը չանելը կարող էր վատ հետևանք ունենալ այդ տարիներին, և նա վազելով կատարեց «խնդրանքս»։ Հասնելով ՀՀՇ-ի՝ այն ժամանակ Բաղրամյանի վրա գտնվող շենքին՝ ես Անյուտային, ով տեսնելով հարազատ շենքը, մի փոքր հանգստացավ, ինքս ուղեկցեցի ներս: Հակառակ հրամանատարիս առաջարկին, որ ինքը մտնի և բացատրի իրողությունը «շեֆերին», ես պնդեցի իմ պարտադիր ներկա լինելու պայմանը: Շատ էի ուզում նայել նման հրաման տվողի աչքերին: Հրամանատարս նեղվում էր, քանզի նա հստակ ցուցում ուներ միայնակ մտնել նրա մոտ՝ «Էդ անգրագետ բիզոն զինվորիկներին իր մոտ չբերել» ձևավորմամբ: Պարզվեց՝ մեր անմիջական շեֆի օֆիսն առաջին հարկում էր, նա էլ մի նվաղ, կարճահասակ, այծի մորուքով, սև հին ռեվոլվերը գոտուն խրած մինի Դերժինսկի հիշացնող մեկը: Շեֆը շատ զբաղված էր, օդանավակայանում հերթապահող տղերքի համար եկել էին բուտերբրոդներ ստանային, ու պակասություն էր անում: Այդ «հրատապ հարցը լուծելու համար նա մոտ հինգ հոգու կանչել տվեց մոտը՝ հայհոյելու: Վերջապես այդ ընթացքում մի փոքր արանք գտնելով, լսեց նաև մեր հերոսուհու լացակումած խոստովանությունը: 
-Լսեք, կարող ա՞ գիտեք՝ ես պարապ եմ, էլ բան ու գործ չունեմ, պիտի սրանց հարցերը լուծեմ: 
Հետո դիմելով հրամանատարիս՝
-Եքա մարդ ես, էս քածին էլ չես ալարել, հետդ քցել բերել էս ստեղ, որ ի՞նչ: Է հա, խաբել ա՝ սրան գյուլլեիր, թե ամեն ինչ պետք ա մենք ձեզ ասենք՝ ոնց անեք: Հանի ս***իր արա ստուց, անցանք առաջ, մոռացանք... Հա լսի, ավտոյով ե՞ս, թռնեիք մի էրկու հատ հաց բերեք տղերքին, բուտերբրոդ հասցնեիք...
-Ուղարկում եք մարդ խփելու անմեղ տեղը, ու դա դատարկ բան է, հա՞, առաջ անցանք, բա որ մենք էինք ու լսում էինք ձեզ ու սպանում, հետո՞,_ առարկեցի ես։
-Է՞ս ով ա,- զարմացավ «շեֆը» ու հետո տեղից վեր թռնելով, ռեվոլվերը դնելով կրծքիս.
-Տո դու է՞ս մարդ խփողը, այ լակոտ, էրեկ մեկ, էսօր էրկու, դառաք մարդ խփո՞ղ»։
Դիմելով հրամանատարիս.
-Արա, չեմ ասել էս բիզոններին հետդ մի բեր, ինադու ե՞ս անում, որ ջղայնանամ,- ու նորից ինձ.
-Արա, մարդ խփողը ես եմ ես, դու սկի ճանճ չես կարա խփես...Մարդ խփողը ես եմ...
-Երևում ա...,-ասացի ես ու երևի ատելությունից վախս կորցրած՝ ձեռքով կոպիտ կրծքիս պարզած ատրճանակը մի կողմ հրեցի ու շրջվեցի հեռացա: Հեռացա առանց հետ նայելու, ինչպես ԱՄՆ-ից, այդտեղ նույնպես ես հետ նայելու ոչինչ չունեի...
Շատ տխուր է, երբ արժեքները, ինչին դու սրբորեն հավատում ես, հանկարծ բացահայտում են իրենց պղծությունը... Ես ինձ այնքան խաբված էի զգում, որ ինքս էլ իմ աչքից ընկել էի: Հաջորդ մի քանի օրը ես տանից դուրս չեկա, կորել էր ապրելու, պայքարելու կամ թեկուզ գոյատևելու ցանկությունը: Եղբայրս զանգեց ԱՄՆ-ից, այս անգամ նա ինչ-որ էժան ձև էր գտել անօրինական, հատուկ ինձ զանգելու և երկար խոսելու մտադրությամբ: Հիմնականում խոսակցությունը կրկին ինձ Ամերիկա տանելու մասին էր: Այս անգամ, սակայն, նա ավելի հանգամանորեն ներկայացրեց իր առաջարկը: Հիմնականում սա էր, եթե ես մնամ Հայաստանում և թեկուզ հենց վաղն էլ մեկնեմ Ղարաբաղ, ես ընդամենը մի հրացան եմ լինելու Հայրենիքիս համար, իսկ եթե համաձայնվեմ ու մեկնեմ իր մոտ, ապա հնարավորություն կունենամ հազարավոր հրացաններին համարժեք օգտակար լինել պատերազմին: Եղբայրս մի նոր գործ էր ձեռնարկում, որը կարող էր իրոք բավականին օգնել, մի կողմից շրջապատման և պատերազմի մեջ գտնվող, մյուս կողմից ներքին ալան-թալանի ու հայաթափման մեջ գտնվող իմ խեղճ ու կրակ Հայրենիքին:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Սկիզբն այստեղ