10 դեպք, երբ մարդկային անտարբերությունը հանգեցրել է ողբերգության (մաս 2)


13:30 , 28 հունվար, 2014

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

 5  Դեղատան աշխատակիցը հրաժարվել է դեղ տրամադրել մահամերձ աղջկան

152999590

14-ամյա Էմմա Սլոանը ընկուզեղենից սուր ալերգիա ուներ: Ամանորին նա ռեստորանում միամտաբար գետնընկույզով սոուս համտեսեց: Նա չգիտեր, որ սոուսը պատրաստված է գետնընկույզով: Նա գլխի ընկավ այդ մասին միայն այն ժամանակ, երբ սկսեց շնչահեղձ լինել: Րոպեներ անց Էմմայի վիճակն ավելի սրվեց, և ակնհայտ դարձավ, որ նրան անհապաղ բուժօգնություն էր անհրաժեշտ: Ցավոք, ոչ Էմման, ոչ էլ նրա ընտանիքի անդամները իրենց մոտ չունեին EpiPen՝ ադրենալից բաղկացած մի դեղամիջոց, որը կանխարգելում է շոկային վիճակների առաջացումը:     

Թեպետ Էմմայի ընտանիքի անդամները շտապօգնություն էին կանչել, նրա մայրը նրան անմիջապես տարավ  մոտակա դեղատուն: Դեղատանը նա վաճառողին բացատրեց իրավիճակը և խնդրեց EpiPen տալ իրեն: Սակայն դեղատան աշխատակիցը չափից ավելի լրջորեն էր մոտենում օրենքին: Նա մերժեց տրամադրել դեղամիջոցը՝ առանց բժշկի դեղատոմսի: Անգամ, երբ Էմման ուշաթափվեց, դեղատան աշխատակիցն անդրդվելի մնաց: Երբ րոպեներ անց շտապօգնության աշխատակիցները ժամանեցին, արդեն շատ ուշ էր, և Էմման մահացավ:

Որոշ մարդիկ փորձեցին արդարացնել դեղատան աշխատակցի արարքը՝ նշելով, որ նա չէր կարող իմանալ, որ EpiPen-ը ավելի չէր վնասի աղջկան: Նրանք ասում էին, որ եթե դեղատան աշխատակիցը առանց դեղատոմսի վաճառեր դեղը, և դեղն ընդունելուց հետո աղջկա վիճակն ավելի վատանար, աշխատակցին կարող էր դատ հասնել: 

 4  Անշնորհակալ մարդիկ հրաժարվել են օգնել խեղդվող մարդուն, որը քիչ առաջ փրկել էր իրենց

160893290
Սովորաբար, երբ մարդիկ կյանք են փրկում, նրանք որևէ փոխհատուցում չեն ակնկալում: Նրանք այդպես են վարվում, որովհետև դա միակ ճիշտ տարբերակն է: Այնուամենայնիվ, երբ մեկը փրկում է կյանքդ, ճիշտ կլինի գոնե շնորհակալություն հայտնել նրան դրա համար: Երբ Դենգ Ջինջին խեղդվելուց փրկեց մի ողջ ընտանիքի, նրան անգամ շնորհակալություն չհայտնեցին դրա համար: 
 
Դենգը իր շանը ման էր տալիս Սանշույ գետի մոտակայքում, երբ տեսավ, թե ինչպես է մի ընտանիք խեղդվում ջրում: Ընտանիքի մայրն ու հայրը փորձում էին փրկել իրենց փոքրիկ աղջկան, ով հայտնվել էր գետի վտանգավոր ջրերում, սակայն աղջկան փրկելու փոխարեն նրանք իրենք էլ սկսեցին խեղդվել: Տեսնելով, որ մոտակայքում փրկարարներ չկան, Դենգը և երկու այլ անցորդներ որոշեցին ինքնուրույն օգնել խեղդվող ընտանիքին:

Երբ ընտանիքի բոլոր անդամներին դուրս բերեցին ջրից, պարզ դարձավ, որ Դենգին չի հաջողվել ջրից դուրս գալ և նա մնացել է ջրասահանքի մեջ: Առանց երկար-բարակ մտածելու, թե ինչ պատահեց այն  մարդու հետ, ով քիչ առաջ փրկեց իրենց կյանքը, փրկված ընտանիքի անդամները սկսեցին հավաքել իրենց իրերը և հեռանալ:  Երբ մյուս երկու անցորդները փորձեցին կանգնեցնել նրանց, նրանք ասացին, որ իրենք գործ չունեն: Դենգի մարմինը կարճ ժամանակ անց հանեցին ափ: Երբ ընտանիքի անդամները իմացան, որ Դենգը մահացել է, նրանք ներողություն խնդրեցին իրենց անշնորհակալ արարքի համար:

 3  Հրշեջները հրաժարվել են մտնել ծանծաղ լիճը մահացող մարդուն փրկելու համար 

173714812

Անգլիացի Սայմոն Բուրգեսը կերակրում էր կարապներին, երբ հանկարծ նրա մոտ նոպա սկսվեց: Նա կորցրեց հավասարակշռությունը և ընկավ լիճը: Լճի խորությունը ընդամենը մի մետր էր: Դժբախտաբար, Բուրգեսը դեմքով ջուրն ընկավ, ինչի արդյունքում նա գիտակցությունը կորցրեց: Տեսնելով այս ամենը՝ անցորդները օգնություն խնդրեցին մոտակայքում գտնվող հրշեջներից: Բուրգեսը միայն 5 րոպե առաջ էր ընկել ջուրը: Դեռևս հնարավոր էր նրան փրկել: Հրշեջները բացատրեցին, որ իրենք չեն կարող մտնել լիճը Բուրգեսին փրկելու համար, քանի որ ջուրը խորն է իրենց համար: Այն անցորդը, ով կանչել էր նրանց, ասաց.

- Դուք ուղղակի ձեռք եք առնում մեզ:

Մինչ Բուրգեսի մարմինը լող էր տալիս ջրում, հրշեջներն անվճռականորեն ձողով ստուգում էին ջրի խորությունը: Ի վերջո, դեպքի վայր ժամանեցին փրկարարները և Բուրգեսին դուրս բերեցին լճից: Այդ ժամանակ նրա ընկնելուց արդեն 30 րոպե էր անցել: Ցավոք սրտի, արդեն շատ ուշ էր: Քննիչը հետագայում ասաց, որ եթե հրշեջները ժամանակին հանած լինեին Բուրգեսին, նրա կյանքը հնարավոր կլիներ փրկել:

 2  Գնացքի վարորդը հրաժարվել է ժամանակին տեղ հասցնել գնացքի մահամերձ ուղևորին

56992004

Երբ 61-ամյա Ջեյմս Ալենը սրտամկանի ինֆարկտ ստացավ Ֆրեմինգհեմից Բոստոն ուղևորվող գնացքում, նրա հետ երթևեկող ուղևորներն անմիջապես գործի անցան և առաջին օգնություն ցույց տվեցին Ալենին: Գնացքի վարորդը հաղորդեց, որ բուժանձնակազմը կարող էր նրանց հասնել միայն մի քանի կանգառ այն կողմ գտնվող կայարանում: Բարեբախտաբար, այդ կայարան հասնելու համար ընդամենը մի քանի րոպե էր հարկավոր: Ժամանակին բուժօգնություն ստանալու դեպքում Ալենը կարող էր փրկվել:

Անհավատալի է, բայց գնացքի վարորդը շարունակում էր սովորականի պես կանգնեցնել գնացքի ընթացքը նախատեսված կանգառներում, թեպետ գիտեր, որ  գնացքի ուղևորներից մեկը վատացել էր, և բժիշկներն ամեն րոպե սպասում էին, թե երբ հիվանդին տեղ կհասցնեն: Նախքան համապատասխան կայարան հասնելը գնացքը մի քանի րոպե կանգ առավ կանգառներում, որպեսզի նոր ուղևորներ գնացք բարձրանան: Դրանք ճակատագրական րոպեներ էին, քանի որ ամեն րոպեն որոշիչ էր Ալենի կյանքի համար: Երբ, ի վերջո, բժիշկներն Ալենին բուժօգնություն տրամադրելու հնարավորություն ստացան, արդեն չափազանց ուշ էր: Կարճ ժամանակ անց Ալենը մահացավ: Շատերն ասում էին, որ վտանգավոր կլիներ առանց կանգառներում կանգ առնելու արագորեն սլանալ դեպի այն կայարան, որտեղ բժիշկներն էին սպասում: Այնուամենայնիվ, գնացքի սեփականատերերը և CSX Transportation-ի ներկայացուցիչը իրենց խոսքում նշեցին, որ պետք էր բացառություն անել և կանգ չառնել կանգառներում՝ հաշվի առնելով ուղևորի ծանր վիճակը: 

 1  Ձկնորսները հրաժարվել են փրկել խեղդվող դեռահասներին

159327266
Երբ Չինաստանի Չանգջիենգ համալսարանի մի խումբ ուսանողներ տեսան տեղի գետում խեղդվող երեխաների, նրանք գետը նետվեցին և սուզվեցին նրանց փրկելու համար: Այնուամենայնիվ, երեխաների կյանքը փրկելու փորձը ողբերգական ավարտ ունեցավ ուսանողներից երեքի համար:

Նախքան ուսանողների գալը, մի քանի մետր այն կողմ գտնվող նավի ձկնորսները հրաժարվել էին օգնություն ցուցաբերել խեղդվող երեխաներին: Երբ ուսանողները երեխաներին ապահով կերպով ափ հանեցին, պարզվեց, որ ուսանողներից երեքը վտանգի մեջ էին: Նրանց համակուրսեցիները, ովքեր արդեն ուժասպառ էին եղել երեխաներին փրկելու ժամանակ և հազիվ էին ոտքի վրա կանգնում, հայցեցին մոտակայքում գտնվող ձկնորսների օգնությունը: Ձկնորսները հրաժարվեցին անգամ փրկարարական օղակ նետել ուսանողներին՝ նշելով, որ դա որոշակի գումար արժե: Քանի որ այս տարածքում հաճախ են խեղդվելու դեպքեր գրանցվում, զոհերի մարմինները դուրս բերելը եկամտաբեր գործ է դարձել որոշ մարդկանց, այդ թվում այս ձկնորսների համար: Եթե ձկնորսները փրկեին ուսանողներին, նրանք այդ օրը կորստով դուրս կգային. չէ որ նրանց գումար էին վճարում խեղդվածների մարմինները ջրից հանելու համար: Մի քանի րոպե անց ուսանողները խեղդվեցին: Շուտով եկան ուսանողների ընտանիքները, իսկ ձկնորսները համաձայնեցին ջրից դուրս հանել ուսանողների դիակները միայն այն ժամանակ, երբ  նրանց բավականաչափ գումար վճարեցին դրա համար: