
ArmLur.am-ը օրեր առաջ հայտնել էր, որ ապրիլի 24-ին Էջմիածին քաղաքում դաժանաբար ծեծի ենթարկված եւ գլուխը ջախջախված տղան մահացել է:
Այսօր ArmLur.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդՙ 10-րդ և 15-րդ կետերով: 1 անձ ձերբակալվել է և վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել իրավասու դատարան։
Ինչպես ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, ապրիլի 24-ի գիշերը խմբակային ծեծկռտուք էր եղել Էջմիածին քաղաքում։ Անգիտակից վիճակում գլուխը ջախջախված 22-ամյա տղայի էին տեղափոխել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Վիրավորում ստացածներից մեկը Էջմիածին քաղաքի բնակիչ 22-ամյա Պարգև Հակոբյանն է, որին հիվանդանոց են տարել գլուխը ամբողջությամբ ջարդված, և նրա հարևանի որդին, որը բանակից նոր էր զորացրվել։
ArmLur.am-ի ձեռքում էր հայտնվել նաև տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են երիտասարդ տղային հարվածում ու գցում գետնին։