Երիտասարդ դերասան Մայիս Համբարձումյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Արմենիա TV»-ի նոր՝ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում վերջերս նշում էր իր ծննդյան տարեդարձը։
BlogNews.am կայքի հետ զրույցում դերասանը պատմում է իր ամենաչստացված ծննդյան տարեդարձի, ցանկալի նվերների և տարիների ընթացքում բնավորության փոփոխված որոշ գծերի մասին։

Մայիսը խոստովանում է, թե ինչու չի սիրում նշել իր ծննդյան օրը․ «Կյանքում ունեցել եմ 2 հիշվող ծննդյան օր․ առաջինը այն էր, երբ դպրոցական տարիներին հրավիրեցի ընկերներիս և դասընկերներիս։ Հրավերքս ընդունեցին բոլորը, բայց ոչ մեկ չեկավ։ Ես էլ ամբողջ օրը սպասում էի, որ գալու են։ Այդ օրվանից հետո ես ծնունդ չեմ սիրել նշել։
Երկրորդը դա այս տարվա ծննդյանս օրն էր՝ 25-ամյակս։ Սկզբում չէի ուզում նշել, հետո տան անդամներն ասացին, որ 25-ամյակը պետք է անպայման նշել, ու նշեցի»։
Մայիսը կիսվում է, որ նախկինում չէր սիրում իր ծննդյան օրը, որովհետև չէր կարողանում իր պատկերացրած ձևով այն նշել, իսկ հիմա արդեն շատ է սիրում։
Դերասանը նաև կիսվում է, թե ինչպիսի նվերներ է նախընտրում․ «Նախընտրում եմ ստանալ պետքական նվեր։ Հիմնականում փոքր տարիքից ստացել եմ նման նվերներներ (սպասք և նման այլ բաներ), հիմա մտածում եմ տուն է, էլի պետք եկավ»,- ժպիտով ասում է Մայիսն ու հավելում,- «Այս տարվա նվերը հենց ծնունդս էր, որն ինձ նվիրեցին ընտանիքիս անդամները՝ քույրս՝ Ռոզան, ով գտնվում է Բեռլինում, մայրս ու հայրս,ովքեր Ղրիմում են, և իհարկե, հարազատներս։ Ամենաթանկարժեք նվերները ստացել եմ նրանցից, որովհետև ամեն մարդ իր ունեցածի չափով է նվեր կարողանում գնել»։

Թե ինչ երազանք է մտապահել տորթի մոմերը փչելիս, Մայիսը չցանկացավ խոստովանել․«Երազանքներ չունեմ այլևս, հիմա երազանքներս դարձրել եմ նպատակներ, որոնց պետք է հասնեմ։ Եթե հիմա ասեմ, դա այլևս հետագայի համար անակնկալ չի լինի։ Նպատակ պահելուց չի կարելի բարձրաձայնել, ավելի լավ է՝ այն թող դեռ մնա գաղտնի»։
Դերասանը հավատացնում է, որ մեծանալուց չի վախենում և իրեն համարում է 17 տարեկան դեռահաս։
«Իսկ 5-10 տարի հետո ես ինձ պատկերացնում եմ հաջողած մարդ, իմ համար արդեն դա է դարձել իդեալի գրավականը՝ ես 10 տարի հետո»,-ասում է Մայիսը։
Դերասանը նշում է, որ տարիների ընթացքում բնավորության որոշ գծեր են փոխվել․«Դարձել եմ ավելի ինքնավստահ։ Եղել է ու կա մի գիծ, որը կոչվում է մարդասեր։ Հիմա ավելի շատ եմ սիրում մարդկանց, ուզում եմ գա մի այնպիսի օր, որ անդադար կկարողանամ օգնել մարդկանց։ Ես վախենում եմ և ցավ եմ ապրում մարդկային կորուստների և մարդ տեսակի վերացման համար»։

Իսկ թե արդյոք կա ցանկություն հաջորդ ծննդյան տարեդարձը նշել արդեն ամուսնացած կարգավիճակում, Մայիսն ասում է․«Ինչպես կյանքը կդասավորվի։ Ամուսնության մասին դեռ չեմ մտածում։ Իսկ ամուսնության համար հատուկ տարիք չկա, որովհետև մարդու մոտ տարբեր ժամանակներում է սերը այցի գալիս»։
Վերջում դերասանը շնորհակալություն է հայտնում անխտիր բոլոր նրանց, ովքեր ներկա էին նրա ծննդյան խնջույքին և նրանց, ովքեր հեռակա շնորհավորեցին։
Նյութը՝ Տաթևեր Լազարյանի



