Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում կադրերի դեֆիցիտ է, մասնավորապես՝ վարչություններում։  Տեւական ժամանակ է՝ մի քանի հաստիքներում քաղաքային իշխանությունը չի կարողանում մարդ նշանակել։ Օրինակ, թափուր է հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավարի պաշտոնը, որի նախկին ղեկավար Արամ Գյուլզադյանն անցնում է կաշառքի վերաբերյալ քրեական գործով, եւ նրա պաշտոնավարումը կասեցված է: Նույնը կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնին է վերաբերում. նախկին պետը` Արսեն Կարոյանը, մեղադրյալների թվում է։ 
Քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետի ԺՊ Աննա Գեւորգյանն այդ պաշտոնին ժամանակավոր նշանակվել է 2024 թվականի փետրվարին, սակայն մինչ այժմ ո՛չ փոխում են, ո՛չ հրամանն են տալիս։ Մեկ տարի առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, որն աչքի էր ընկել սկանդալային պատմություններով, նշանակվել է քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, եւ նրան էլ չեն նշանակում, ոչ էլ հեռացնում են ԺՊ-ի պաշտոնից։

Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պարտականությունները տեւական ժամանակ է՝ կատարում է Անդրանիկ Թեւոսյանը, որի կարգավիճակը նույնպես հստակեցված չէ: 2025 թվականի փետրվարին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լուսինե Սարգսյանը, իսկ աշխատակազմի մատակարարման եւ տեխնիկական սպասարկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը Սեւակ Մելքոնյանն է: Նրան ԺՊ են նշանակել դեռ 2024 թվականի մարտին։ 

2023-ից առայսօր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը Շավարշ Գեւորգյանն է, 2024թ․ մայիսից Վիլեն Արեւշատյանը նշանակվել է աշխատակազմի քարտուղարի տեղակալի ԺՊ։

Երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է Վահե Գրիգորյանը։ 2024թ․ հուլիսին Դավիթ Գրիգորյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետի պարտականությունները կատարող։ 2 տարի է՝ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է Սիրարփի Հայկազյանը, մի քանի ամիս է՝ լրատվության վարչության պետի պաշտոնակատարն Օֆելյա Սիմոնյանն է։ 
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանին խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը, թե ինչպես է ստացվում, որ մարդիկ տարիներով ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով են աշխատում: Ինչո՞ւ է քաղաքապետարանը չարաշահում ԺՊ-ների ինստիտուտը, արդյոք դա ինչ-որ իմաստ ունի՞. ուղղակի անփութության, մարդկանց չվստահելո՞ւ, թե՞ համապատասխան կադրեր չգտնելու պատճառով է: Սակայն խոսնակը մեր զանգին եւ նամակներին չպատասխանեց։
 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել