Քննությամբ պարզվել է, որ կողմերը, խուլիգանական դրդումներով, իրենց առավելությունը ներկաների նկատմամբ ընդգծելու նպատակով, տևական ժամանակ վիճաբանել են միմյանց հետ, հայհոյել և այդ կերպ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ խանգարել են գազալցակայանի տարածքում և հարևանությամբ գտնվող մարդկանց անդորրը՝ միաժամանակ խոչընդոտելով գազալցակայանի բնականոն աշխատանքը:
Այնուհետև, Ա.Պ.-ն, իր անձի առավելությունը ցուցադրելու մոլուցքով տարված, հարևանությամբ գտնվող իրեն պատկանող խանութից վերցրել է քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով դիտավորությամբ ձեռք բերած, պահած «TT» տեսակի ատրճանակը, այն ցուցադրաբար կրելով և չենթարկվելով հավաքված անձանց հորդորներին, նրանց մի կողմ հրելով, փորձել է հետապնդել Ա.Զ.-ի բարեկամին և պատժել նրան: Քննությամբ փաստվել է, որ կրակոցներ արձակել է ոչ միայն Ա.Պ.-ն, այլև՝ Ա.Զ.-ի հիշյալ բարեկամը, ով իր հետ նախօրոք վերցրած ապօրինի զենքից՝ Ա.Զ.-ին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել նրա ոտքերի ուղղությամբ, ինչի հետևանքով կրակոցներից մեկը վնասել է վերջինիս ոտքը՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր հրազենային վնասվածքներ:
Արձակված կրակոցների արդյունքում գազալցակայանի տարածքում և հարևանությամբ գտնվող մարդկանց մոտ առաջացել են վախի ու տագնապի զգացողություններ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կրակված փամփուշտ և փայտե մահակ, ուսումնասիրվել են դեպքի վայրին հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, հարցաքննվել են ականատես վկաներ: Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ա.Պ.-ն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Ա.Զ.-ի բարեկամի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենների ձեռք բերման աղբյուրը, միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: