ԱԱԾ մեկուսարանում քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամի» առողջական վիճակը վատթարացել է։ Վերջինիս փաստաբան Գեղամ Հակոբյանը վստահեցնում է՝ նա առողջական խնդիներ ունի ու Սերգեյ Գրիգորյանի մահվան հետ որևէ կապ չունի:
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024 թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43–ամյա տղամարդու՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության և 35–ամյա Բ․Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են հայտնաբերվել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ:
Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ դեռևս 2020 թվականից անձնական հարցերի շուրջ առաջացած վեճի, այնուհետև 2021թ. հունվարի 13-ին Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի 109/10 հասցեում գտնվող «Թոխմախի» գերեզմանատան ավտոկայանատեղիում 36-ամյա անձի՝ Ռ․Ստեփանյանի և նրա կողմնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակվելու պատճառով թշնամական հարաբերություններ են ձևավորվել մինչ այդ մտերիմ, «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի և Կոտայքի մարզի 36-ամյա բնակիչ, «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռ․Ստեփանյանի միջև։ Դրա հետևանքով հետագայում վերջիններիս մտերիմների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, այդ թվում՝ զենքի գործադրմամբ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Ձևավորված թշնամական հարաբերություններից ելնելով՝ Ռ․Ստեփանյանը, Սերգեյ Գրիգորյանին դիտավորությամբ սպանելու նպատակով, իրեն մտերիմ երեք անձանց՝ Ա․ Կյուրեղյանի, Հ.Սահակյանի և Սու․Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել 7.62մմ տրամաչափի «AK 103» մոդելի, հրազեն հանդիսացող ինքնաձիգ և համապատասխան փամփուշտներ։
2024թ. հունիսի 11-ին նրանք մի քանի անգամ հանդիպել են Կոտայքի մարզում գտնվող, Ռ․Ստեփանյանին պատկանող առանձնատանը։ Վերջինիս և Ա․Կյուրեղյանի հետ, որպես կազմակերպիչների, ունեցած պայմանավորվածություններն իրագործելով՝ խմբի մյուս երկու անդամները՝ Հ․Սահակյանը և Սու․Գրիգորյանը, իրենց հետ վերցնելով հանցակիցների հետ ապօրինի կերպով ձեռք բերված, լիցքավորված ինքնաձիգը, հեռադիտակը, երկու զույգ ձեռնոցներ, երկու դիմակ, ոստիկանության երկու համազգեստ, ռադիոկապի երկու սարք, լապտեր, կեղծված հաշվառման համարանիշներով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով, ժամը 21:00-ի սահմաններում, Ռ․Ստեփանյանի տնից ուղևորվել են Երևան քաղաք։
Սերգեյ Գրիգորյանի սպանությունն իրագործելու համար հարմար պահ և նպաստավոր տեղ գտնելու նպատակով Հ․Սահակյանը և Սու․Գրիգորյանը հետապնդել են նրան: Ժամը 23:15-ի սահմաններում Սերգեյ Գրիգորյանն ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Երևան քաղաքի Շինարարների փողոցի 25 հասցեում գտնվող բուքմեյքերական գրասենյակից, նստել մայթեզրին կայանված իրեն պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին ու պատրաստվել հեռանալ այդտեղից:
Նկատելով, որ Սերգեյ Գրիգորյանը պատրաստվում է հեռանալ տվյալ վայրից՝ բազմաթիվ կրակոցներ են արձակել Սերգեյ Գրիգորյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի և մարմնի տարբեր հատվածներում ստացել է կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ հրազենային վնասվածքներ։
Ապա փախչելով տարբեր ուղղություններով՝ այնուհետև երկուսն էլ միմյանցից առանձին գնացել են 36-ամյա անձին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող տուն, որտեղ նրանց սպասել է Ա․Կյուրեղյանը, իսկ քիչ անց միացել է նաև Ռ.Ստեփանյանը: Ավելի ուշ խմբի՝ հանցագործությունը կատարած երկու անձինք, «Զվարթնոց» օդանավակայանով հատելով ՀՀ սահմանը, մեկնել են ՌԴ:
Պարզվել է, որ Ա․Կյուրեղյանը ողջ ընթացքում կազմակերպել է Սու. Գրիգորյանի և Հ․ Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումը, գործողությունները։