Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով:
Վարակումը ամենից հաճախ տեղի է ունենում թռչունների շրջանում, սակայն մարդիկ և որոշ կաթնասուն կենդանիներ նույնպես կարող են վարակվել: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։
Դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, որը համընկնում է մոծակների ակտիվացման շրջանի հետ: Տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, բայց տուրիզմի զարգացման հետ, հայտնաբերվում է նաև այլ երկրներում: Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ պացիենտի մոտ։
Հիվանդությունը մարդուց մարդուն ՉԻ փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։
Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:
Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝
- դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С,
- գլխացավ,
- տարածուն մկանացավեր, հոդացավեր,
- փսխում,
- փորլուծություն,
- մարմնի ցանավորում։
Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝
- սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր,
- ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի,
- անզուսպ փսխումներ,
- լուսավախություն,
- ջղաձգումներ, ցնցումներ,
- գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։
Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝
- տարեցները,
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք,
- ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,
- շաքարային դիաբետ ունեցող անձինք,
- քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։
Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել