Aravot.am-ը գրում է.


Տեղեկացրել ենք, որ երեկ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը գզել էր 5 հոգու, որոնք տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրի բժշկական կենտրոն։ Ամենածանրը 5-ամյա երեխայի վիճակն էր, որին Գյումրի ԲԿ-ից տեղափոխել էին մայրաքաղաք` «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»։

Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ ներկայացրեց տեղի ունեցածից։ Նա պատմեց, որ երեխան մոր հետ գնացել է բարեկամի տուն, անցել են առվակի մոտով, որը բավական ամայի տարածք է․ մեքենաների շարժ չկա, հիմնականում անասուն պահողներ են այնտեղ լինում։ Շունը, ըստ վարչական ղեկավարի, հասել է նրանց վրա, վնասել թե՛ մորը, թե՛ երեխային․ բերանի մեջ է վերցրել 5 տարեկան տղայի գլուխը, համագյուղացիներն էլ, տեսնելով, հասել են օգնության։ Շունը նրանց ևս կծել է։

«Չգիտենք այդ շունը որտեղի՞ց է հայտնվել առվակի մոտ, չգիտենք՝ տեր ունի՞, չունի՞, երևի սոված է եղել, հասել ու կծել է։ Շունը երեխայի գլուխը բերանն է վերցրել։ Մեր համագյուղացին եղանով է փորձել վախեցնել շանը, որպեսզի փրկի երեխային, տեսել է՝ հնար չկա․ շունը բաց չի թողնում նրան, ձեռքերը տարել է շան բերանի մեջ ու մի կերպ ազատել երեխային։ Շունը կծել էր նաև նրա ձեռքերը։ Շատ մտահոգ էի երեխայի համար, քիչ առաջ խոսել եմ մոր հետ, ասաց՝ վիրահատությունը բարեհաջող է անցել, երեխայի ծնոտն էր ջարդել, քիթը վնասել։ Ամեն ինչով համայնքը պատրաստ է օգնելու, կանգնած է կողքերը, միայն թե առողջանան», -ասաց վարչական ղեկավարը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել