
Ուղղափառ վարդապետութեան համաձայն` Եկեղեցին ունի եօթ սրբազան խորհուրդներ, որոնցից մէկն էլ Ձեռնադրութիւնն է կամ «Կարգ Քահանայութեան»-ը: Ձեռնադրութիւնը եւս անլուծելի ու անկրկնելի խորհուրդ է, իսկ օծումը` անջնջելի: Հոգեւորականի քահանայական կարգը երբէք հնարաւոր չէ լուծարել, որովհետեւ մարդը չէ, որ տալիս է այն, այլ շնորհւում է Սուրբ Հոգի Աստուծոյ միջոցով եւ կողմից: Համաձայն Սուրբ Գրքի` մելքիսեդեկեան` մերօրեայ քահանայութիւնը յաւիտենական է. «Դու ես Քահանայ յաւիտեան` ըստ կարգին Մելքիսեդեկի» (Եբր. Ե. 6): Հետեւապէս, ուղղափառ ընկալմամբ` կարգալուծութիւն գոյութիւն չունի` արհեստականօրէն անձին դասելով աշխարհականների շարքը եւ կանչելով աւազանի անունով:
Այլ ընդունելի է երկու եզրոյթ` կարգաթողութիւն, երբ անձն ինքնակամ հրաժարւում է իր քահանայական կոչումից ու կարգից, եւ` կարգազրկութիւն, երբ անձին եկեղեցական բարձրագոյն նուիրապետութիւնը զրկում է քահանայական կարգից, այլ խօսքով` վերցնում է նրա քահանայական իշխանութիւնը` ծանրագոյն յանցանքների դէպքում` համաձայն եկեղեցական կանոնների: Սակայն երկու դէպքում էլ անձը մնում եւ համարւում է հոգեւորական` շարունակելով կրել իր քահանայական անունը. մի դէպքում` որպէս կարգաթող քահանայ, միւս դէպքում` որպէս կարգազուրկ քահանայ: Սրա վառ վկայութիւնն այն փաստն է, որ երբ վերականգնում են անձի կարգը, ապա նորից չեն ձեռնադրում նրան: Իսկ եթէ, այսպէս կոչուած, «կարգալոյծ» եկեղեցականը «դասուել էր աշխարհականների շարքը», ինչպէ՞ս է հնարաւոր առանց ձեռնադրելու «աշխարհական» դարձածին միայն «Պահպանիչ» աղօթքով վերահաստատել իր քահանայական կարգի մէջ:
Արդեօք հակասութիւն չէ՞ք տեսնում այս երկուսի միջեւ: Մի՞թէ մարդկանց աշխարհական վիճակից հոգեւորական դասի մէջ փոխադրելու համար միայն «Պահպանիչ» աղօթքը բաւարար է` առանց Ձեռնադրութեան խորհրդի: Ակնյայտ է, որ տուեալ անձը մնացել էր իր քահանայական աստիճանի վրայ, սակայն հիմա նրան է վերադարձւում իր քահանայական իշխանութիւնը` կարգը: Այսպէս է ընդունուած աշխարհի բոլոր քրիստոնէական Եկեղեցիներում: