Երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տարածաշրջանային այցով Հայաստանում էր եւ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային պայմանագիր ունեցող, ՀԱՊԿ անդամ հանդիսացող Հայաստանում, Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հայտարարեց․ «Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել։ Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ եւ բոլոր գործընկերներին կոչ եմ անում` անել իրենցից կախված ամեն ինչ, որ Պուտինը չհաղթի իր ագրեսիվ պատերազմում։ Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, եւ ավտորիտար այլ սուբյեկտներ կոգեշնչվեն դրանով»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այս հայտարարությանը պատասխանեց Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը․ «Կովկասի երկրների շփումները ՆԱՏՕ-ի հետ նրանց ինքնիշխան իրավունքն է, Ռուսաստանը հետեւում է, բայց կենտրոնանում է երկկողմ հարաբերությունների վրա։ Դաշինքի՝ իր ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն»։

Թեմայի առնչությամբ զրուցել ենք ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ: Ի՞նչ է պատրաստվում անել ՆԱՏՕ-ն, երբ հայտարարում է, որ պատրաստվում են օգնել տարածաշրջանում խաղաղության պրոցեսին։

«Ես կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն ոչ մի գործողություն չի անելու, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ իր անդամ Թուրքիան մասնակցում էր այդ պատերազմին՝ մեր դեմ, եւ անգամ ոչինչ չարեց, որ ՆԱՏՕ-ի ստանդարտների զենքը չկիրառվի։ Այսինքն՝ այդ կոնտեքստում պետք է հասկանանք, որ սա ուղղակի հերթապահ հայտարարություն է, որ արվում է Ստոլտենբերգի կողմից՝ հույս ներշնչելու Հայաստանի հասարակությանն առ այն, որ ՆԱՏՕ-ն աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին։ Թե ինչով է աջակցում, կարծում եմ՝ Ստոլտենբերգն այս հարցին պատասխանեց իր երկրորդ խոսքում, որում, ըստ էության, ակնհայտ դարձավ, թե որն է Ստոլտենբերգի այցի նպատակը։ Առհասարակ, նրա այցը բավականին հետաքրքիր էր, եւ զարմանալի հայտարարություններ հնչեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից։ Նախ՝ Բաքվում նա, բոլորիս համար անակնկալ, Ադրբեջանին հայտարարեց ՆԱՏՕ-ի դաշնակից պետություն եւ նշեց, որ չնայած Ադրբեջանն իրենց դաշնակիցն է, բայց Ադրբեջանը դեռեւս երբեք ցանկություն չի հայտնել անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Այսինքն՝ այդ դիֆերամբները` ուղղված Ադրբեջանի ղեկավարությանը, ունեին մեկ նպատակ՝ ապահովել գազի անարգել մատակարարումը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որովհետեւ, Ալիեւի խոսքով, այսօր ՆԱՏՕ-ի 8 անդամ երկիր ստանում է այդ գազը, եւ Ստոլտենբերգի նպատակն է՝ ապահովել այդ գազի անխափան մատակարարումը։ Հայաստանի հետ կապված՝ նա, ցավոք սրտի, իր այցի իրական նպատակը ցույց տվեց՝ նշելով, որ իրենք բարձր են գնահատում Ուկրաինայի հետ կապված Հայաստանի դիրքորոշումը եւ կարծում են, որ ամեն ինչ պետք է անեն, նաեւ Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որ Պուտինը հանկարծ չհաղթի Ուկրաինայում։ Սա սարսափելի հայտարարություն էր, զարմանալի է, որ հայկական կողմը սրան ընդհանրապես չարձագանքեց։ Այս ծանր սահմանային իրավիճակում, երբ պատերազմից մի քանի րոպե է պակաս, նման հայտարարություններ անելն ու դրան չարձագանքելը հղի է շատ լուրջ վտանգներով։ Մոսկվայի կողմից արդեն պատասխանը կա, եւ ես մտավախություն ունեմ, որ այդ պատասխանը նաեւ գործողությունների տեսքով կարող է լինել, այսինքն՝ Ռուսաստանը պատերազմի սկսման դեպքում ուղղակի չի միջամտի, իսկ դա կործանարար է լինելու առաջին հերթին հենց Հայաստանի համար, իսկ ՆԱՏՕ-ն չի հասնելու օգնության, որովհետեւ դա ՆԱՏՕ-ի պլանների մեջ չի մտնում։ Պեսկովի արձագանքը խոր մտահոգություն առաջացնող արձագանք էր, եւ այս լարված իրավիճակում Հայաստանը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի խուսափեր՝ դառնալու աշխարհաքաղաքական բախումների վայր։ Ես կարծում եմ՝ նաեւ ճիշտ կլիներ այս ֆոնին ուղղակի չեղյալ հայտարարել Ստոլտենբերգի այցը Հայաստան՝ դա թողնելով առավել լավ ժամանակների, որովհետեւ այնպես չէ, որ առաջին անգամ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանում Հայաստան, կարծում եմ՝ հիմա ամենահարմար պահը չէր՝ նրան ընդունելու համար։ Ժամանակին Ադրբեջանը չեղյալ հայտարարեց Զելենսկու այցը Բաքու՝ հաշվի առնելով, որ դա Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածություն կարող է բերել»։

Միջազգայնագետի կարծիքով՝ Ստոլտենբերգի «ավտորիտար այլ սուբյեկտներ» ձեւակերպումը վերաբերում է Իրանին, այսպիսով ստացվում է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական խաղերի մեջ է մտել, ինչը վտանգավոր է մեր երկրի համար․ «Ես կարծում եմ՝ Ստոլտենբերգն ավտորիտար ասելով՝ Իրանին նկատի ուներ այն առումով, որ եթե Ուկրաինայում Արեւմուտքին չհաջողվեց հաղթել Ռուսաստանին, իսկ ես այն կարծիքին եմ, որ միջուկային տերությանն ուղղակի հնարավոր չէ հաղթել, եթե նրա դեմ չես կիրառում միջուկային զենք, ապա այս պարագայում Իրանն ակտիվացնելու է իր քաղաքականությունը տարածաշրջանում եւ Իսրայելի հետ կապված իր հաշիվները փորձելու է մաքրել։ Դրա համար Ստոլտենբերգը Հայաստանում Ռուսաստանի միջոցով փորձում է զգուշացնել նաեւ մյուս, իրենց կարծիքով՝ ավտորիտար պետություններին։ Դրա համար ես կարծում եմ՝ առհասարակ պետք չէ մտնել այս աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որ հենց Հայաստանի մայրաքաղաքում հնչեն նման հայտարարություններ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել