Տավուշի սահմանամերձ գյուղերում անհանգստությամբ են սպասում Նիկոլ Փաշինյանի այցելությանը։ Ակնկալում են, որ նա գա՝ ժողովրդին բացատրի, թե ինչպես են սահման գծելու ու զատելու, ինչի դիմաց են հանձնվելու 4 գյուղերը, որոնք Բաքուն է պահանջում, ու որոնք Փաշինյանը, դե յուրե, ՀՀ տարածքից դուրս է համարում։ 

Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ կարծում է, որ լավագույն տարբերակը փոխանակումը կլինի։ «Մենք էլ մեծ տարածքներ ունենք նրանց վերահսկողության տակ, մնացածը վարչապետը, կարծեմ, ասել է, որ գալու է, բնակիչների հետ հանդիպի, պարզաբանի, թե ինչ եղանակով է այդ ամենը կատարվելու եւ ինչ չափով։ Արոտավայրեր, մշակելի հողատարածքներ են գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ, որոնք ժամանակին բերք էին տալիս Ոսկեպարին, Բերքաբերին ու Կոթիին։ Եթե փոխանակում կատարվի, սպառնալիք չի լինի, եթե հենց էնպես տրվի, իհարկե՝ մեծ վտանգ կա»։ 

Ոսկեպարցիների տրամադրությունները կառավարության ղեկավարի տրամադրվածության հետ չեն համընկնում։ «Ժամանակին՝ 90-ական թվերին, երբ էս ամեն ինչը սկսվեց, կարելի է ասել՝ Ոսկեպարից սկսվեց, հաղթանակն էլ Ոսկեպարից սկսվեց, էդ տրամադրությունով էլ, մարդկանց մոտ էն նստվածքն է, որ մենք տալու ոչ մի տարածք չունենք»,- ասում է Իշխան Աղբալյանն ու շարունակում, թե խաղաղությունը հաստատվում է ուժի միջոցով, եթե թույլ եղանք՝ խնդրելով խաղաղություն չենք տեսնի։ Ոսկեպարի վարչական ղեկավարը չգիտի, թե Փաշինյանը Տավուշի գյուղերի բնակիչներին ինչ բացատրություններ կտա, բայց վստահ է՝ այդքան էլ այդպես չէ, թե գյուղերն Ադրբեջանինն են, դեռ պարզել, ապացուցել է պետք՝  մի օրվա, մի ժամվա բան չէ։  

Թեեւ հայտնի ասուլիսին Փաշինյանը խոսեց տարածքների փոխանակման հնարավորությունից, բայց միանգամից ասաց՝ այդ հնարավորությունները մեծ չեն ու կարող են «դեֆորմացնել գործընթացը»։ Նա բաց տեքստով ասաց, որ պատրաստ է Ադրբեջանին ուզածը տալ։ Մի կիսատ քարտեզի մակետի վրա ցույց տվեց իր պատկերացրած Հայաստանի Հանրապետությունն ու ասաց, թե «Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանից դեպի էն կողմ Ադրբեջան է, դեպի էս կողմ Հայաստան է»։  «Էն կողմում» Փաշինյանը թողեց ոչ միայն 4 գյուղերը, այլեւ դրանցով անցնող ճանապարհը, որ մեզ համար ռազմավարական նշանակություն ունի։

«Երեւան մտնող բոլոր ճանապարհները որ փակվեն, կարա՞ք Երեւանի մեջ ապրեք, եթե գյուղ մտնող միջպետական ճանապարհը փակվի, մարդիկ մնան կղզիացած, ի՞նչ անեն»,- միանգամայն օրինական հարցադրում է անում Բաղանիսի նախկին գյուղապետ Նարեկ Սահակյանը։ Ոսկեպարը, Ոսկեվազը Կոթին, Բարեկամավանը կտրվում են մարզկենտրոնից։ Բաղանիսում բոլորը, ովքեր օրվա իշխանության գաղափարակիցները չեն, դա հասկանում են ու մտահոգված են, մյուսները, նախկին գյուղապետի խոսքով, չեն հակադարձում Փաշինյանի հայտարարություններին։ 
Իսկ Ոսկեվանի վարչական ղեկավար Սերգեյ Գրիգորյանը ոչ միայն կղզիանալու հեռանկարի մասին է ահազանգում, այլեւ ենթակառուցվածքներից կտրվելու։ «Էդ ճանապարհը եթե չի գործում, Իջեւանի հետ, նույնիսկ կողքի գյուղի՝ Կիրանցի հետ մենք ճանապարհ չենք ունենում, ու ասեմ՝ գազատարն էլ է գալիս էդ ճանապարհով, չորս գյուղի՝ Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի ու Կոթիի համար ոռոգման ջուրն էլ է գալիս էդ ճանապարհով»,- ասում է Սերգեյ Գրիգորյանը։

Նա էլ է այն կարծիքին, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքների փոխանակումը գուցե ընդունելի լինի, բայց «եթե փոխանակում չլինի, մենք տանք, ուրեմն սինու վրա մատուցելու ենք իրենց»։
Տավուշի սահմանամերձ գյուղերի աչքի առջեւ Սյունիքի հեռանկարն է։ Սերգեյ Գրիգորյանն ասում է․ «Սյունիքի մոտից վերցրել են` հետ չեն գնում, էստեղ տարածքներ ունենք` չեն տալիս, իսկ մեզնից պահանջում են, մենք էլ խելոք պետք է տա՞նք»։ Հավատո՞ւմ են, որ խաղաղություն է լինելու։ Սահմանամերձ գյուղի վարչական ղեկավարը լավատես չէ՝ «խաղաղություն երբեք չի լինելու թշնամու կողքին»։ Եթե վատագույն սցենարներն իրականություն դառնան, Ոսկեվանի հեռավորությունը թշնամուց ուղիղ գծով ընդամենը 3 կիլոմետր կդառնա։

Մարիաննա Ղահրամանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել