Armeniasputnik.am-ը գրում է.

Ձայնային ռեժիսորներ Արսեն Հակոբյանն ու Տիգրան Հակոբյանը ստեղծել են Հայաստանում նախադեպը չունեցող «Armenian sound» նախագիծը, որի շնորհիվ հնարավոր է մեր երկիրը ճանաչել ձայներով։ Ժամանակակից տեխնիկայով իրականացված գերմաքուր ձայնագրությունները կարող են օգտակար լինել ռադիոհաղորդումների, ֆիլմերի հնչյունավորման և հնչյունային ձևավորումների համար։ Նախագծի ստեղծման մասին Հակոբյան եղբայրները պատմել են Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կետրոնում։
Տարիներ շարունակ աշխատելով ոլորտում եղբայրերը բացեր են նկատել , որոնցից ամենամեծը թերևս հայկական ձայնադարան չունենալն էր։ Մինչ այս այլընտրանքը ցանկացողներն օգտվել են արտասահմանյան ձայնադարաններից , որոնք միշտ խնդիրներ են առաջացրել, քանի որ հայ ժողովուրդն ունի միայն իրեն բնորոշ ծիսակարգեր, ավանդույթներ, տոներ, որոնք այլ երկրներ չունեն։
«Օրինակ եթե մեկը որոշի ցրտաշունչ ձմռան մի օր տեսահոլովակ ներկայացնել Վարդավառի մասին և դա անի միայն կադրերով և երաժշտությամբ, չի կարող ստանալ այն ողջ էմոցիոնալ ֆոնը, որը բնորոշ է տոնին։ Բայց բավական է օգտագորրծել տոնին բնորոշ ձայնը, ու տեսարանը լիարժեք կդառնա։ Ձայնը ֆիլմի ողնաշարն է, եթե դու ունես առողջ ձայն, դա ֆիլմին տալիս է կենդանի շունչ »,-ասաց Արսեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ իրենք կենտրոնացել են այնպիսի ձայների վրա, որոնք այլ ձայնադարաններում չկան։
«2017 թվականից ես ու եղբայրս որոշեցինք ձայնադարան ստեղծել և գործուն քայլերով մեր մտահղացումն առաջ տանել ։ Անհրաժեշտ էր լուրջ տեխնիկա, որը մեծ գումարների հետ էր կապված։ Ամեն ինչ արել ենք մեր ուժերով՝ առանց հովանավորների»,-նշեց Արսենը։
«Ձայնադարանն իր բնույթով ունիվերսալ է, ինչ-որ առումով նաև էնդեմիկ»,-ասաց նա։
Տղաների խոսքով՝ Հայաստանը տարիներ շարունակ միայն լավ կադրերով է ներկայացել աշխարհին, բայց աշխարհին հետաքրքիր է նաև երկրի ձայնը։
Ասուլիսի ընթացքում տղաները ներկայացրին ձայնադարանից փոքրիկ հատված, որում կարելի էր լսել մետրոյի ձայնից մինչև 2018 թվականի իշխանափոխության ակցիաների մասնակիցների ձայները, կայծակից մինչև երեխայի ծիծաղ ու լաց։
Այս պահին կայքում զետեղված է կատարված աշխատանքի մոտ 5 տոկոսը։ Ձայնադարանը պարբերաբար թարմացվում է, ներբեռնվում են մյուս ձայները, որոնք ունեն նկարագրություն, թեգեր և շատ հեշտ որոնման համակարգ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել