Հայաստանն իրավական պետություն է, և ցանկացած հակաօրինական արարք միանշանակ պետք է ստանա գնահատական՝ համապատասխան հետևանքներով, սակայն՝ բացառապես իրավական դաշտում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Երևանում տեղի ունեցած միջադեպին:
«Դեկտեմբերի 9-ին միջադեպ էր տեղի ունեցել մի օտարերկրացու և չորս անհայտ անձանց միջև, որոնք, իրենց գնահատմամբ՝ հակահասարակական արարքի համար, ծեծի էին ենթարկել կնոջը, նվաստացրել ու կտրել մազերը:
ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ստորաբաժանումների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում վերոհիշյալ անձանցից երեքը հայտնաբերվել ու ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ չորրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեց մամուլի քարտուղարն ՝ ընդգծելով, որ ձեռնարկված ցանկացած ինքնիրավչություն, վենդետա, ինքնադատաստան նույնպիսի հակաիրավական արարք է և արժանի համանման իրավական գնահատականի ու հետևանքների:
«Քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում ձեռնպահ մնալ ինքնագործունեության դրսևորումներից և միջադեպերը կանխելու ու բացառելու համար դիմել ու աջակցել իրավապահ մարմիններին»,- շեշտեց Նարեկ Սարգսյանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2023 թ․ դեկտեմբերի 9-ին ժամը 00:23-ին քաղաքացու կողմից կատարված ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ՌԴ քաղաքացներ Կ.Ա․-ն և Յ․Մ․-ն դեկտեմբերի 8-ին ժամը 22:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել։
Մասնավորապես, նրանք վնասել են Երևան քաղաքի Թումանյան 29-րդ հասցեում գտնվող արագ սննդի կետի գույքը, մրգերը նետել աշխատակցի վրա, Մաշտոց 24-րդ հասցեում գործող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին են նետել և տրորել՝ այդ գործողությունները զուգորդելով հայհոյախառն արտահայտություններով:
Նույն օրը ժամը 07։00-ին և ժամը 09։19-ին, ոստիկանության ծառայողների կողմից վերջիններս հայտնաբերվել են և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Որոշում է կայացվել, վերոնշյալ արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված անձանց ձերբակալելու մասին։
Միաժամանակ, ձերբակալված Յ․Վ․-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2023 թ․դեկտեմբերի 9-ին ժամը 00:00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ իր բնակության հասցե են այցելել դիմակավորված անձինք, ովքեր տևական ժամանակ նվաստացրել են իր անձը, կտրել են մազերը և ներկ լցրել գլխին: