Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Ռուբիկ Մ.-ն, իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բաժանարար գոտու բետոնե հենասյուներին, և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով, կողաշրված հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 11-ամյա Արման Մ.-ն տեղում մահացել է, իսկ 16-ամյա ուղևոր Հռիփսիմե Մ.-ն Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է:

Վարորդ Ռուբիկ Մ.-ն, մյուս ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 42-ամյա Թերմինե Ս.-ն և 20-ամյա Սուսաննա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառ բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վիրավորներն ու մահացածները ընտանիքի անդամներ էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել