44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկը, դեռեւս չի տեսակցել ամուսնուն՝ Գարիկ Գալեյանին, որը նախօրեին ձերբակալվել է: Այս մասին նա ասաց այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում: Նշենք, որ այս պահին դատարանը քննում է Գարիկ Գալեյանի խափանման միջոցի հարցը:«Չեմ տեսակցել, ոչ մի ինֆորմացիա չունեմ: Ընկերներն են սնունդ, հիգիենայի պարագաներ եւ այլն տանում: Տեսակցում են ԱԺ պատգամավորները, փոխանցում է, որ լավ եմ, դուք չկոտրվեք: Երեկ մեր տանը եղել է խուզարկություն, ես այդ պահին եղել եմ Երեւան քաղաքի վարչությունում, ուր Գարիկին բերել էին հարցաքննության: Տանից զանգ տվեց տատիկը, թե դուռը ջարդում են: Չեմ հասկանում, հանգիստ դուռ ծեծել չկա՞, որ քնած տեղից երեխան վեր է թռել: Խնդրեցի, որ բարձրախոսը միացնի, տղաներին խնդրել եմ, որ սպասեն, 5 րոպեի ճանապարհ է: Հասել եմ, խնդրել եմ, որ նորմալ տուն եք մտնում, որովհետեւ երեխան փոքր է, ու դուք նորմալ օջախ եք գալիս: Մտել են, ըստ օրենքի, ինչպես սահմանված է, տեսանկարահանող սարքով, այդպիսի տեղ չի եղել, որ չեն նայել՝ երեխայի օրորոցն էլ, խաղալիքների մանեժն էլ, ավտոտնակն էլ են նայել: Ոչ մի բան չեն գտել»,-ասաց Աստղիկ Գալեյանը: Նա այս ամենը կապեց Գարիկ Գալեյանի ակտիվ գործունեության, իշխանության դեմ լինելու հետ: «Ես սա քաղաքական հետապնդում եմ համարում՝ ավելի շատ կոտրելու: Երեւի քիչ ենք կոտրված, ողնաշարս կոտրել են, հիմա էլ գլուխս են ուզում կոտրել»,-ասաց Աստղիկ Գալեյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել