«Առավոտը» Գյումրու համայնքապետարանում ծեծի դեպքի հետ կապված ևս մեկ հրապարակում է արել՝ նախ կարճ անդրադառնալով նախորդին։
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ միջադեպ էր տեղի ունեցել Գյումրու քաղաքապետարանում։
Վարդուհի Գ․-ի պատմելով` եղբորը՝ Ա․Գ․-ին, ինչ-որ հարցեր պարզաբանելու շուրջ հրավիրել էին քաղաքապետարանի անօրինական շինությունների և հողազավթումների բաժին ու խոշտանգել էին։
Ըստ նրա` քաղաքապետարանում կանխամտածված վեճ-վիճաբանություն են սկսել, խոսակցության ընթացքում սկսել են քաշքշել եղբորը, այնուհետ այդ բաժնի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Սարոյանը խփել է նրան։
Եղբայրն ուշագնաց է եղել՝ գլուխը հարվածելով սեղանին, քաղաքապետարանի աշխատակիցներն էլ, անօգնական թողնելով նրան, կաբինետից փախել են։ Ըստ մեր զրուցակցի` քաղաքապետարանի հիշյալ բաժնում հայտարարել են․ «Մենք ՔՊ-ական ենք, չգիտե՞ս, որ օրենքները մենք ենք թելադրում»։ Քաղաքացին զանգահարել էր ոստիկանություն, որտեղից էլ առաջարկել էին շտապօգնություն կանչել նրա համար։ Նրան շտապօգնությամբ տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն
Այժմ այս պատմությունը հայտնվել է Շիրակի մարզային քննչական վարչությունում։
Aravot.am-ը լսել է նաև Գյումրու համայնքապետարանի անօրինական շինությունների և հողազավթումների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Սարոյանին (լուսանկարում)։
Պաշտոնյան, անդրադառնալով միջադեպին, պատմեց հետևյալը․ «Քաղաքացին համայնքապատկան հողում ապօրինի շինաշխատանքներ է սկսել, մասնավորապես` ավտոտնակի։ Մեր աշխատակիցները նախորդ օրը մտել են, զգուշացրել, որ վարչական իրավախախտում է կատարել, հետևաբար արձանագրություն ենք կազմել, պիտի գա, որ ծանոթանա։ Քաղաքացին սկսել է գոռալ, թե ես հիվանդ մարդ եմ, կգյուլեմ բոլորիդ»։
Գոռ Սարոյանի պատմելով, երբ քաղաքացին եկել է քաղաքապետարան, նա մտել է ոչ թե իր, այլ իր աշխատակիցների սենյակ։ Գոռ Սարոյանը այդտեղ չի եղել։
«Ես մտա սենյակ քաղաքացու գոռգոռոցից, նա այնպես էր գոռում մեր աշխատակցուհու վրա, երբ հարցրեցի՝ ի՞նչ է եղել, գոռաց, թե որտեղից ձեզ ծառայողական համարս, ո՞վ է տվել, կդիմեմ դատախազություն։ Ես ասի, որ իր իրավունքն է դիմելը, մենք որևէ հանցանք չենք կատարել։ Նա նաև գոռում էր, որ հիվանդ է, երկար կյանք չունի, ասում էր՝ եթե ես չպիտի ապրեմ, դուք ինչի՞ պիտի ապրեք, որսորդական հրացան ունեմ, կբերեմ, կգյուլեմ քեզ էլ, Վարդգեսին էլ (ի նկատի ունի Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին-Ն.Ա)։ Ես լուրջ չընդունեցի իր ասածը ու դրանից հետո իբր թե վատացավ։
Երբ ահազանգեց ոստիկանություն, ինքս եմ լսել, թե ինչ էր ասում, ասում էր, որ իրեն Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները բարկացրել են, ինչի հետևանքով վատ է զգում։ Դրանից հետո դուրս եկա սենյակից՝ մտածելով՝ հանկարծ ինձ պատճառ չբռնի, թե իմ ներկայությունից ավելի է վատանում, այդ պահի ներս մտան անվտանգության աշխատակիցները։ Դրանից հետո քույրը փորձել է մտնել քաղաքապետի մոտ՝ ճչալով, գոռգոռալով, անվտանգության աշխատակիցներն են կարգի հրավիրել։ Սա է ողջ պատմությունը։ Աբսուրդ եմ համարում այն, թե իբր ասել ենք՝ «մենք ՔՊ-ական ենք, մենք ենք օրենք թելադրողը», օրենքը հավասար է բոլորիս համար, եթե խախտում ենք արել, պատասխան ենք տալու։ Գործը քննչականում է, թող քննեն, կպարզվի ճշմարտությունը»,- ասաց Գոռ Սարոյանը։
Ի դեպ, մեր զրուցակիցն անդրադարձավ նաև գյումրեցի ֆայտոնչուն ծեծի ենթարկելու դեպքին, ասելով․ «Չէի ուզի մամուլում անընդհատ շահարկվեր այդ թեման, որովհետև ես 2017 թվականին իմ պատիժը կրել եմ և դատարանում հայտարարել եմ, որ շատ եմ զղջում իմ արածի համար»։