Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ-ում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրի նախկին ղեկավար Ս. Ս.-ն իր պաշտոնավարման ժամանակ (2002-2017թթ․) չարաշահել է պաշտոնեական դիրքը:

Մասնավորապես խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը, հանդես գալով որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, 2006թ. հունվարի 30-ին կազմակերպել և վարել է Այգեձոր բնակավայրի 1-ին փ. 1-ին փկղ. 1/1 հասցեում գտնվող նախկին հացի փռի շենքի աճուրդ-վաճառքը, որում որպես գնորդներ հանդես են եկել վերջինիս կինը՝ Ս. Ա.-ն և վարորդը` Վ. Ո.-ն:

Աճուրդի ընթացքում Վ. Ո.-ն հրաժարվել է աճուրդ-վաճառքը շարունակելուց, որի արդյունքում Ս.Ա.-ն ճանաչվել է հաղթող և նշված շինության համար վճարել է 420 000 դրամ գումար, որից հետո 2017թ. ապրիլի 7-ին տեղի ունեցած Այգեձոր համայնքի ավագանու նիստում կայացած որոշմամբ՝ հիմք ընդունելով 2006թ. հունվարի 30-ի աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը, վերոնշյալ շինությունն ուղղակի վաճառքով օտարվել է Ս.Ա.-ին: Aravot-ի տեղեկություններով գործին կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել