Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում հյուրընկալել է ծանրամարտի, մարմնամարզության, ըմբշամարտի և սամբոյի մարզաձևերով՝ Եվրոպայի և աշխարհի 2023 թվականի ապրիլ ամսին կայացած առաջնություններում հաղթած մարզիկներին: Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, Ծանրամարտի, Մարմնամարզության, Ըմբշամարտի և Սամբոյի ֆեդերացիաների նախագահները, նշված մարզաձևերի մարզիչները:

Կարեն Գիլոյանը Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների 2023 թվականի առաջնության կազմկոմիտեի անունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնել խորհրդանշական նվեր՝ առաջնության խորհրդանիշ հայկական մուֆլոնի արձանիկը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել պետական աջակցությամբ՝ միջազգային մրցաշարերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մեր մարզիկների հաջողությունների շարունակական խրախուսման, արձանագրվող բարձր առաջընթացի պահպանման, սպորտի մասսայականացման, տարբեր մարզաձևերում կանանց ներգրավվածության մեծացման, մարզական ենթակառուցվածքների կառուցման, մարզիչների ատեստավորման գործընթացի, ֆեդերացիաների գործունեության հաշվետվողականության և մի շարք այլ հարցերի շուրջ:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ծանրամարտի կանանց մեր հավաքականի ելույթներին և դրանք գնահատել շատ տպավորիչ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է սերունդների և սպորտային ավանդույթների միջև կապը՝ նշելով, որ մրցահարթակում փայլում են թե՛ արդեն իսկ գործող չեմպիոն մարզիկները, թե՛ նոր չեմպիոնները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել