Irakanum.am-ը գրել է.
Երեկ երեկոյան Երևանի կենտրոնում 25-ամյա վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած արտակարգ դեպքը հանրային լայն հնչեղություն է ստացել։ «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի «արկածների» վերաբերյալ համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան։ Ամբողջ գիշեր նախ ՆԳՆ լրատվականն, ապա արդեն քննչական կոմիտեն ներկայացրել են դեպքի մանրամասները։
Այն, որ պարեկային ծառայության աշխատակիցները գործել են մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ ակնհայտ է։ Ենթադրյալ հանցագործին վնասազերծելու հարցում պարեկները դրսեւորել են անփույթ աշխատանք։ Սա կարծում ենք պետք է դառնա ոստիկանության քննարկման թեման, այս ամենից հետևություններ պետք է արվեն։ Գուցե այդչափ չեն բարեփոխվել, որ մեկ կարգազանց վարորդի չեզոքացնեն, հնարավոր է բարեփոխումները սահմանափկվել են միայն Երևանի խաչմերուկներում խցանումները կարգավորելով, չնայած, որ այս հարցում էլ նրանք չեն փայլում։
Բայց խոսքն այս մասին չէ։ Ուշագրավն այն է, որ հիշյալ մեքենայի վարորդին ուղիղ կերպով սպանելու առաջարկ է արվում իշխանության ներկայացուցչի կողմից։ Խոսքը՝ Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի մասին է։ «Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա՝ կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի»,- ֆեյսբուքյան մեկնաբանությունում գրել է Թորոսյանը։
Առնվազն տարակուսելի է, որ նման միտք արտահայտում է իշխանության ներկայացուցիչը, այն էլ մի մարդ, որը ժամանակին ղեկավարել է մի կառույց, որի գլխավոր առաքելությունը մարդ փրկելն է։ Բանալի բառն էլ ամբողջ կատարվածում մարդը պետք է լիներ, սակայն Թորոսյանին դա այդքան էլ չի հուզում, հատկապես, որ այդ ձևակերպումը Թորոսյանի թիմակիցներն օգտագործում են այն ժամանակ, երբ պետք է թշնամուն օգնել։
Միաժամանակ չպետք է զարմանալ այն փաստից, որ Արսեն Թորոսյանի համար բնավ էլ կարևոր չէ, որ մարդ կզոհվեր։ Ի վերջո այս իշխանության ապաշնորհ գործունեության հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, և ևս մեկով պլյուս- մինուս լինելը դժվար թե մտահոգվելու տեղիք տար։
Արսեն Թորոսյանի վտանգավոր առաջարկությունը նաև մեսիջ էր ոստիկանությանը, ինչն առաջին անգամ չէ, որ դրսևորվում է։
Ենթադրյալ հացագործություն կատարած անձը ձերբակալված է։ Հարուցված է քրեական գործ, նախաքննություն է ընթանում, ու կարևորն այն է՝ միջադեպը հանգուցալուծվեց առանց զոհերի։