Եկեք բնորոշենք, որ այս նախագծից հետո ոչ թե աղմուկ բարձրացավ, այլ  հարցը հանրային քննարկման շատ լավ առիթ դարձավ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Առողջապահության նախարարության կողմից առաջարկված՝ հանրային սննդի օբյեկտներում սեղաններին աղամաններ տեղադրելու արգելքի մասին նախագծին, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս ֆրագմենտը պետք է դիտարկել մեր առողջության պահպանման շրջանակներում։ Ընդհանրապես մեր նախարարությունն էլ Առողջապահության նախարարություն է և մեր ուղղվածությունը պետք է շեղենք՝ առողջությունը պահպանելու, կանխարգելելու և հիվանդությունները վաղ հայտանբերելու ուղղությամբ։ Ես ուրախ եմ, որ մեր քաղաքացիները բուռն կերպով քննարկում են այս թեման և սա առիթ է ուշադրությունը կենտրոնացնելու այն փաստի վրա, որ մենք աղը օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում, ինչը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրացմանը»,– ասաց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է՝ այլ վնասակար սննդամթերքների կիրառումը ևս սահմանափակելուն ուղղված հնարավոր քայլերին, նախարարը ասաց․«Ամեն ինչն էլ չափի մեջ օգտակար է, անհրաժեշտ է, խոսքը այդ մթերքների չարաշահման մասին է։ Այս նախագծով փորձում ենք քաղաքացիների շրջանում վարքագծի փոփոխություն բերել՝ այսինքն ոչ թե, ըստ սովորության, երբ տեսնում են աղամանը, առանց ճաշի համը փորձելու աղ  ավելացնեն, այլ փորձում ենք այնպես անել, որ  փոխեն այդ վարքագիծը։ 5 գրամ աղը բավարար է օրգանիզմին, դրանից ավելը հանգեցնում է մի շարք  հիվանդությունների առաջացմանը»,– ասաց Անահիտ Ավանեսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել