Hraparak.am-ը գրում է․

Քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի սպանության գործով երկու անձ կալանավորված է, երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս քրեական գործով եւս երեք անձ է անցնում, նրանց նկատմամբ ստորագրություն է կիրառվել չհեռանալու մասին։

Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Քննչական կոմիտեից։ 

Մեր տեղեկություններով՝ կալանավորված են նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի որդիները, որից մեկը՝ կենդանաբանական այգու նախկին փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանն է, որի ենթադրյալ կրակոցից էլ մահացել է քրեական հեղինակությունը։ 
 
Ի դեպ, դեպքի ժամանակ սպանվել էր նաեւ Արտուշ Սիմոնյանը։

Աժ նախկին պատգամավորի երկու որդու նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ 

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` համապատասխանաբար` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձի սպանությունը և ապօրինի զենք կրելը:

Արտուշ Սիմոնյանի չորս որդիներից մեկը բացակայել էր դեպքի վայրից, մյուս երեքին կալանավորել էին, սակայն մեկին հետագայում բաց են թողել` խափանման միջոցն են փոխել: Երկու որդիները շարունակում են մնալ կալանավորված:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ նոյեմբերի 11-ի գիշեր, ժամը 02.45-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Դեպքի վայր մեկած ոստիկանության ծառայողները տեղում հայտնաբերել են 42-ամյա Արթուր Ղազարյանի ու ևս մեկ անձի` Ա. Խ-ի դիերը` հրազենային վնասվածքներով։

Ժամը 03.55-ին էլ ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էր դիմել 6 տղամարդ։ Նրանցից երկուսը, փաստորեն, որոնք թվում` Արտուշ Սիմոնյանը, մահացել են:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել