Armeniasputnik.am-ը գրում է.

Երեկ ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով ուսի հատվածում վիրավորում ստացած Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը վիրահատվել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Օղիկյանի զարմիկը։

«Նա ուսի վնասվածք է ստացել, նրան արդեն վիրահատել են։ Հիմա վիճակը նորմալ է, դեռ գտնվում է բժշկական կենտրոնում, առայժմ չգիտենք՝ որքան դեռ հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն կլինի», - ասաց նա։

Օղիկյանի գիտակցությունը տեղն է, նրա վնասվածքը աջ ուսի հատվածում է։

Հիշեցնենք՝ հակառակորդը երեկ գիշեր մինչև ժամը 02:00-ը կրակել է Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Արդյունքում հրազենային վնասվածք է ստացել Օղիկյանը, որն այդ պահին մարում էր ադրբեջանական գնդակոծության հետևանքով դիրքերում բռնկված հրդեհը։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել