Armeniasputnik.am-ը գրում է.

Արցախյան պատերազմում որդուն կորցրած մայրը խորհուրդ է տալիս որդեկորույս մայրերին երեխաներ ունենալ։

Գյումրիում որդեկորույս մայրը 3–րդ զավակին է լույս աշխարհ բերել։ Լուսինե Արսենյանի որդին` Դանիելը, ծնվել է երեկ` հունիսի 8–ին։

Ավագ որդու՝ Դավիթ Չաքրյանի զոհվելուց հետո 42-ամյա Լուսինեն իր մեջ ուժ գտավ ու 7 ամիս անց ևս մեկ որդի ունեցավ: Դժվար էր, բայց հարազատների ու գործընկերների աջակցությունը նրան օգնեց մայրանալու  որոշումը կայացնել:

Դավիթ Չաքրյանը, բանակ էր զորակոչվել 2020-ի օգոստոսին: Մոր խոսքերով` միշտ երազել էր Արցախում ծառայել: Շատ գոհ ու ուրախ էր, որ Արցախի հողում պետք է ծառայի:  Ընդամենը մեկուկես ամսվա զինծառայողը Մարտակերտում մասնակցել է թեժ մարտերին։ Դավիթը զոհվել է հոկտեմբերին: Մայրը հղի լինելու մասին իմացել է որդու զոհվելուց մի քանի օր անց միայն:

Փոքրիկի անունը Դանիել են դրել: Sputnik Արմենիայի հետ զրույցում Լուսինեն ասաց, որ ճիշտ է, Դանիելը լույս աշխարհ է եկել որպես նոր հույս, բայց ոչ իր եղբոր փոխարեն:  «Երբ պետք է երկրորդ երեխաս ծնվեր, մտածում էինք, որ տղա լինի Դանիել կկոչենք, բայց ծնվեց աղջիկս, դրա համար էլ հիմա որոշեցինք այս փոքրիկիս Դանիել կոչել: Ի դեպ, երջանիկ պատահականությամբ  կրտսեր որդիս ծնվեց հունիսի 8-ին՝ դստերս ծննդյան օրվանից 16 տարի անց»,-պատմում է Լուսինեն։

 Մոր համար այս երեխան սփոփանք է: «Սուտ է, Դավիթս չի մոռացվի՝  ժամանակը չի բուժի վերքը, բայց Դանիելս նոր շունչ ու ապրելու նոր ուժ կտա»:

 Փոքրիկը ծնվել է «Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ում:  Երեխայի ծնունդին  անհամբեր սպասել են նաև Լուսինեի գործընկերները՝ «Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» ողջ աշխատակազմը: Լուսինեն հիվանդանոցում կրտսեր բուժաշխատող է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել