«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով լրագրողներին սոցցանցերում սպառնալուն, ԱԺ-ում լրագրողների հարցերն անպատասխան թողնելուն։

Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքում սպառնացել էին Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանին և տարածել նրա մանկահասակ երեխայի լուսանկարը։

«Մեդիա պաշտպանի» հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր ԱԺ-ում պատգամավորները գոռգռում էին լրագրողների վրա, անպատասխան թողնում հարցերը, փորձում սարկազմով լռեցնել, հարձակումներ են սկսել ֆեյսբուքում ոչ միայն լրագրողների, այլև նրանց մանկահասակ երեխաների նկատմամբ։

Մի կողմից այս ամենի պատճառն այն է, որ խորհրդարանում սակավ են իշխանությունների ընդդիմախոսները, մանավանդ այնպիսիք, ովքեր սիստեմատիկաբար հետևում են նրանց ելույթներին և բացահայտում անահամապատասխանություններն ու կեղծիքները, մյուս կողմից՝ իշխանությունները պատրաստվում են ընտրությունների և նախապատրաստական այս փուլում նրանց համար կարևորագույն խնդիր է լռեցնել մեդիան։

Լրագրողական համայնքին կոչ ենք անում միասնականության, մանավանդ այս փուլում. բոլորը պետք է ընդունեն, որ մի օր իրենք էլ կարող են դառնալ ընդդիմախոս, և այս փուլում լրագրողներին լռեցնելու կանոները հաստավելու դեպքում վաղն իրենք են բախվելու նույն խնդրին։

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում հետամուտ լինել ակնհայտ հանցանքներ պարունակող գործողություններին։ Մեր ոչ վաղ անցյալի ողբերգությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ խնդիրները ծագում են լրագրողներին լռեցնելու հետևանքով։ Ազատ և պատասխանատու մեդիան այսօր, առավել քան երբեւէ ազգային անվտանգության գործոն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել