«Դեռևս երկու շաբաթ առաջ գրավոր հարցում էինք ուղարկել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին՝ պարզաբանումներ խնդրելով շրջանառվող աղմկահարույց լուրերի հետ կապված: «Հարգելի տիկին Ռևազյան, մամուլում անդրադարձ եղավ մասնավորապես հետևյալ բովանդակությամբ. «Քաղավիացիայի կոմիտեի նախագահը՝ ընտանյոք հանդերձ, բնակվում է հենց կոմիտեի շենքում: Մեր տեղեկություններով՝ ամուսինը շրջում էր քաղավիացիայի վարչական տարածքում, ելումուտ անում այնպիսի վայրեր, որտեղ մուտքի իրավունք ունեն սահմանափակ թվով աշխատակիցներ»:
Որքանո՞վ է վերը նշվածը համապատասխանում իրականությանը, եթե այդպես է, ապա խնդրում ենք մանրամասնել:
Ինչո՞ւ պատերազմի ժամանակ մեր ավիացիան չկարողացավ հավուր պատշաճի աշխատել:
Դո՞ւրս է եկել արդյոք ՀՀ-ն Եվրոպայի ավիացիոն «սև ցուցակից»:
2020 թվականի հունվարից հայտարարվել էր, որ «Ryanair» ավիաընկերությունը Երևանից Եվրոպա թռիչքներ կիրականացնի սկսած 35 եվրոյից:
Նշելով, որ սա Հայաստանի առաջին բյուջետային ավիաընկերությունն է, ինչը տուրիզմի ոլորտում կարևոր փոփոխություն է: Խնդրում ենք պարզաբանել, որտե՞ղ է տվյալ ավիաընկերությունը այսօր: Եվ ինչո՞վ է օգնել ՀՀ-ին պատերազմի ժամանակ»:
Միայն երկու շաբաթ անց օրենքի խախտումով մեզ բարեհաճել է պատասխանել անձամբ տիկին Ռևազյանը.
- 2021 թվականի փետրվարի 11-ի Ձեր գրության կապակցությամբ տեղեկացնում ենք հետևյալը.
1-ին հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն:
Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ե» ենթակետով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ Կոմիտե) իրեն վերապահված լիազորություններն իրականացրել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմով: Ցանկանում ենք տեղեկացնել, որ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Կոմիտեում սահմանված էր շուրջօրյա աշխատանքային ռեժիմ, ինչը ենթադրում էր մի շարք աշխատողների քսանչորսժամյա ներկայություն Կոմիտեում: Կոմիտեի աշխատանքային գործընթացը համակարգվել և կազմակերպվել է Կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի անմիջական հսկողությամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոմիտեի նախագահը ռազմական դրության ժամանակ գրեթե միշտ գտնվել է աշխատավայրում, օպերատիվ որոշումների կայացման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև այն, որ նրա նորածին երեխային անհրաժեշտ էր մայրական խնամք, ինչը սահմանված է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով, վերջինիս հարազատները նրան աջակցելու նպատակով երբեմն այցելել են Կոմիտեի վարչական շենք:
Կոմիտեի աշխատակից չհանդիսացող անձանց մուտքը վերահսկելի գոտիներ իրականացվել է բացառապես Կոմիտեի նախագահի գիտությամբ և թույլտվությամբ ավիացիոն անվտանգության պահանջների համաձայն:
2-րդ հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ չենք կարող համաձայնել ձևակերպմանը, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը: Կոմիտեն պատերազմի ընթացքում իր գործառույթներն իրականացրել է ամբողջ ծավալով, ուժերի գերլարումով, մեծ անձնվիրությամբ և պատասխանատվությամբ:
Այդ ընթացքում իրականացվել են նաև ուղևորատար, բեռնատար, ինչպես նաև տարբեր նշանակության այլ թռիչքներ: Ի թիվս Կոմիտեին օրենքով վերապահված այլ գործառույթների, կազմակերպվել և իրականացվել են հումանիտար չվերթեր բազմաթիվ երկրներից:
3-րդ հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ ԵՄ ավիացիոն անվտանգության ցուցակում (սև ցուցակ) չի եղել: Այնուհանդերձ, եթե Ձեր հարցը վերաբերում է Հայաստանում գրանցված ավիաընկերությունների ԵՄ օդային անվտանգության նորացված ցանկում ներառելու վերաբերյալ Եվրոպական թռիչքային անվտանգության կոմիտեի 2020 թվականի հունիսի 2-ի որոշմանը, ապա տեղեկացնում ենք, որ Կոմիտեն համագործակցում է միջազգային տարբեր ավիացիոն կառույցների հետ ոլորտում կուտակված խնդիրները հաղթահարելու ուղղությամբ:
4-րդ հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ «Ryanair» ավիաընկերության կողմից թռիչքների դադարեցումը պայմանավորված է բացառապես Քովիդ-19 համավարակով, ինչը հանգեցրեց մարդկանց տեղաշարժի սահմանափակումներին և օդային ուղևորափոխադրումների կտրուկ կրճատմանը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ Եվրամիության տարածքում:
Ավիաընկերությունը հայտնել է նաև, որ 2020/2021 թթ. ձմեռային նավիգացիոն շրջանում ձեռնպահ է մնում թռիչքներ իրականացնելուց՝ միաժամանակ տեղեկացնելով, որ պատրաստակամ է թռիչքներ իրականացնել համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման դեպքում:
Նշենք նաև, որ համավարակի երկրորդ ալիքի պատճառով Եվրամիության տարածքում սահմանվեցին մուտքի նոր սահմանափակումներ և խստացումներ բազմաթիվ երկրների քաղաքացիների համար այլ երկրներում՝ Քովիդ-19 համավարակի տարածման ցուցանիշներից ելնելով:
Այսպիսով, Ռևազյանը հաստատում է, որ բնակվել է աշխատավայրում: Բացատրությունը, իհարկե, ծիծաղ է առաջացնում «ռազմական դրություն էր»: Այդ դեպքում նա դեռ աշխատավայրո՞ւմ է բնակվում, երեխան էլ հե՞տը:
Բայց, շատ ավելի լուրջ է պնդումը, թե սույն Կոմիտեն պատերազմի ժամանակ ինչ-որ դեր է ունեցել: Հայաստան եկել են հատուկենտ ռեյսեր ու հիմնականը ռազմական ուղղվածության, որի հետ քաղավիացիան որևէ կապ չունի: Այսինքն, թե «աշխատում էին իրենց չխնայելով», իսկ Կոմիտեի պետն էլ անգամ նորածին երեխային էր թողել ու գիշեր-ցերեկ աշխատատեղից չէր շարժվում, պարզապես ծաղր է այդ նույն պահին հայրենիքի համար կյանքը ռազմաճակատում չխնայողների հասցեին: Ավելի լավ կլիներ պարզապես ասեր օդանավակայանում կա ռմբապաստարան, և ինքն էլ ընտանյոք հանդերձ մնում էր աշխատավայրում, որ այնտեղ պատսպարվի:
Ինչ վերաբերում է մեր իշխանությունների թեթև ձեռքով այդքան արտոնություններ ստացած «Ryanair»-ին, ապա փայլուն գործ են գտել: Ծանր օրերին կարելի է Հայաստանից հազարավոր կիլոմետրերով հեռու մնալ, լավ օրերին էլի վազել՝ փող աշխատելու: Ընդգծենք, որ նման ընկերություններին նորմալ երկրները բարև անգամ չեն տալիս:
Ինչ վերաբերում է «սև ցուցակներին, ապա մինչ մեր Քաղավիացիայի վարչությունը «համագործակցում է միջազգային տարբեր ավիացիոն կառույցների հետ», պարզվեց, որ հայկական գրանցումով ինքնաթիռները կարող են օդում «անհետանալ», ու այդ մասին մեր չինովնիկները միայն դրսերից են տեղեկանում: Ամբողջ հարցը սրանից հետո այն է, թե այդ ո՞ր մի լուրջ «միջազգային ավիացիոն կառույցը» ձեր նմանների հետ կհամագործակցի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: