Armsport.am-ը գրում է.

Ֆորմուլա-1-ի աշխարհի գործող չեմպիոն, Լյուիս Հեմիլթոնը երկարաձգեց պայմանագիրը «Մերսեդեսի» հետ։ Աշխարհի յոթակի չեմպիոնի նոր պայմանագիրը «Արծաթե նետերի» հետ նախատեսված է մեկ մրցաշրջանի համար։ Հեմիլթոնը պայքարելու է ռեկորդային՝ 8-րդ չեմպիոնության համար 2021-ին ու փորձելու է շրջանցել Միխայիլ Շումախերի ռեկորդը (7 չեմպիոնություն)։ 

Ինչում «տուժեց» Հեմիլթոնը

Մինչև պայմանագրի կնքումը մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հեմիլթոնի գործող աշխատավարձը կարող է ավելանալ 10 միլիոն եվրոյով։ Նա հիմա ստանում է տարեկան 40 միլիոն եվրո, մինչդեռ ցանկանում էր նոր պայմանագրով ստանալ 50 միլիոն։ Սակայն ինչպես երևում է, «Մերսեդեսում» հրաժարվել են բրիտանացի արշավորդի՝ առանց այն էլ խելահեղ աշխատավարձը բարձրացնելու մտքից։ Հեմիլթոնը չստացավ իր ուզած գումարը։

Հեմիլթոնը «տուժեց» նաև մեկ այլ պատճառով։ Կային խոսակցություններ, որ աշխարհի յոթակի չեմպիոնը ցանկանում է բացի նոր պայմանագրից նաև որոշակի բաժնեմաս ունենալ Mercedes AMG-Petronas F1-ում, ասել է թե՝ «Մերսեդեսի» Ֆորմուլա1-ի թիմում։ «Մերսեդեսի» թիմի ղեկավար և բաժնետեր հանդիսացող Տոտո Վոլֆը բացատրեց, որ պայմանագիրը կնքվել է մեկ տարով, քանի որ 2022 թվականին փոխվում է Ֆ1-ի կանոնադրությունը, ու այդ ժամանակ դեռևս հայտնի չէ, թե ինչ վիճակ է լինելու թիմում։

Լյուիս Հեմիլթոնն ու Տոտո Վոլֆը

Ինչու՞մ շահեց Հեմիլթոնը

Հեմիլթոնը ստացավ գլխավորը՝ տեղ թիմում։ Այս մրցաշրջանում նա կարող է հաղթել Աշխարհի առաջնությունում 8-րդ անգամ ու դառնալ ռեկորդակիր։ Նա 9-րդ մրցաշրջանն է անցկացնելու «Մերսեդեսում»։ Ակնհայտ է, որ Ֆ-1-ում «Արծաթե նետերը» դոմինանտ են լինելու նաև 2021-ին։ Նրանց դեմ թիմային պայքարում որոշակի մարտահրավեր կարող է նետել միայն «Ռեդ Բուլը», իսկ ներթիմային պայքարում Վալտերի Բոտտասը շատ քիչ դեպքերում է կարողանում մրցակցել Հեմիլթոնի հետ։

Վալտերի Բոտտասն ու Լյուիս Հեմիլթոնը

Լյուիսի համար կարևոր էր տեղը պահպանել Ֆ1-ում նաև իր պայքարի ձայնը նորից լսելի դարձնելու համար։ Հեմիլթոնը 2020 թվականի մրցաշրջանի ընթացքում սկսեց ավելի ակտիվ ներգրավված լինել մի շարք սոցիալական ակցիաներում, ինչպիսիք են Black Lives Matter-ը։ Ճիշտ է, Հեմիլթոնի՝ երբեմն չափից շատ «մեսիջները» զայրացնում էին Ֆ1-ի երկրպագուներին, սակայն դա նրան չի կանգնեցնում։

Ֆորմուլա-1-ի հաղթանակը 

Լյուիս Հեմիլթոնի պես սուպեր-աստղի մնալը միանշանակ հաղթանակ է Ֆորմուլա-1-ի համար։ Իհարկե, քիչ էր հավանականությունը, որ բրիտանացին կհեռանա այս մրցաշրջանից առաջ, սակայն քանի դեռ չկար պաշտոնական հաստատում, կարելի էր մտածել ամեն բան։ Անգամ մեկ մրցաշրջանով պայմանագիր երկարաձգելը ու Հեմիլթոնի ներկայությունը «պադդոկում» մեծ հաղթանակ է Ֆորմուլա-1-ի համար։

Հեմիլթոնի ապագան․ ինչ է սպասվում մոլորակի ուժեղագույն մրցարշավորդին

Հեմիլթոնը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո։ Ու սա ասում են շատ փորձագետներ։ 2022 թվականի մրցաշրջանից կանոնադրությունը Ֆ1-ում փոխվում է։ Թերևս միշտ կանոնադրության փոփոխությունից հետո լինում են նաև կոնստրուկտորների չեմպիոնի ու արշավորդների չեմպիոնի փոփոխություններ։ Բացառված չէ, որ մի քանի տարի անընդմեջ հաղթանակներ տանելուց հետո Հեմիլթոնը ուղղակի չցանկանա մնալ Ֆ1-ում, որպեսզի իր հաղթողի կարգավիճակը չփոխվի նոր կանոնակարգի հետ։

Պայմանագրի կարևոր կետը

«Մերսեդեսը» պայմանագրի մասին հայտարարության տարածման մեջ ընդգծեց, թե որն է կարևոր կետը։ Կողմերը պայմանավորվել են ավտոսպորտի զարգացման համար քայլեր ձեռնարկել, որոնցից մեկը բարեգործական հիմնադրամի ստեղծումն է։ Սա գուցե բավականին հեռու տեղ է տանում։ Բացառված չէ, որ համագործակցության ավարտից հետո Հեմիլթոնը մնա «Մերսեդեսի» համակարգում ու աշխատի ավտոսպորտի զարգացման ուղղությամբ։ Այդ դեպքում նա նաև կարող է ստանալ իր համար ցանկալի բաժնեմասը մոլորակի ուժեղագույն թիմերից մեկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել