Բոլորը գրում են արտագաղթի մասին՝ ոմանք մեղադրում են արտագաղթողներին, մի մասը՝ ցավում: Մի հարց, իսկ ինչո՞ւ պետք է մնա Հայաստանում, որ ի՞նչ անի, փրկի՞, չի ուզում և վերջ: Նույն կերպ, ինչպես չէր ուզում այս ամբողջ տարիների ընթացքում՝ սկսած 1990-ականներից:
Մեր պատմության ամենակարևոր հաղթանակներից մեկի արժեքը չհասկացանք, մսխեցինք, ապրեցինք մի օրով, չգնահատեցինք ոչինչ, իսկ այսօր ուզում ենք, որ մնան փրկեն: Չեն ուզում և վերջ:
Աբսուրդը նաև այն է, որ ոչինչ չի փոխվել, միշտ է եղել այս ճահիճն, ինչն էլ հանգեցրեց նրան, որ ատելության հիմքով իշխանություն ընտրեցին: Ցույց տվեք մի ազգ, որն իր ղեկավարներին ընտրում է ինչ-որ մեկին ատելու պատճառով, դա արվեց Հայաստանում, և բնական է, պտուղներն էլ սա պետք է լիներ՝ դավաճանություն, կործանում և ողբերգություն:
Ատելություն տարածելով իշխանություն եկածներից ուրիշ սպասելի՞ք կար, ինչ վերաբերում է արտագաղթողներին, նրանք մեղավոր են այնքան, ինչքան բոլորս, ուղղակի մի տարբերությամբ իրենք չեն ուզում այլևս ապրել ճահճի մեջ, գուցե գիտակցում են,որ իրենք էլ են նպաստել, որ այդ ճահիճն այսքան կեղտոտվի, բայց էլ չեն ուզում, մենք էլ մեղավոր ենք, որ թույլ ենք տվել կեղտոտել ու ճահճացնել ամեն ինչ ու հիմա էլ մնում ենք, որ ամեն կերպ մաքրենք մեր ճահիճը: Սակայն, մաքրելու համար պետք է սովորենք ճշմարտությունն ասել ու լսել, կեղծ բարեպաշտության դիմակներն էլ հանել, քանի որ վաղուց բոլորի դիմակները շրխկալով փշրվել են...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել