ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը, որը հաստատության 5 տարվա ռազմավարական փաստաթուղթն է, ընդգրկում է մի շարք էական բաղադրիչներ. մասնավորապես` իրավիճակի վերլուծություն, նպատակների և խնդիրների սահմանում, նպատակների իրականացումն ապահովող միջոցառումների հաջորդականություն ու ժամանակացույց, պատասխանատուներ, արդյունքների գնահատման չափանիշներ, ռիսկեր, բյուջե և վերահսկողության մեխանիզմներ:

Դպրոցի զարգացման ծրագիրը մշակելիս պարտադիր է նաև հաստատության առաքելության սահմանումը, դպրոցի ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը, հիմնախնդիրների ձևակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը, ֆինանսավորման մեխանիզմները և այլն: Ցանկացած գործողության համար պետք է սահմանել ակնկալվող արդյունք, որը պետք է լինի չափելի, արտահայտվի կոնկրետ ցուցանիշներով` թվեր, տոկոսներ, բնութագրիչներ: Յուրաքանչյուր գործողության համար պետք է կատարվի նաև ֆինանսական հաշվարկ` նշելով ֆինանսավորման աղբյուրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել